Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրն արտասվելով զրուցում էր որդու նկարի հետ, երեխան՝ հոր․ Փառքի պուրակ՝ Աշոցքում

Դեկտեմբեր 09,2023 16:14

Այսօր Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում բացվեց Արցախյան երեք պատերազմներում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված պուրակը։

Նշենք, որ Աշոցքն պատերազմներին ամենաշատ նահատակներ տված տեղանքն է։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, 44-օրյա պատերազմին Աշոցքից մասնակցությունը շատ մեծ է եղել ու, ցավոք, շատ զոհեր են ունեցել։

«Այս պահին ես մեծ հպարտություն և միաժամանակ մեծ ցավ եմ ապրում, հայրենիքը պաշտպանելու համար զոհեցին իրենց կյանքը։ 35 հոգի նահատակվեցին 44-օրյա պատերազմում, նրանց թվում կային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Աշոցքի ոստիկանության բաժնի պետը, ունենք զոհված գնդապետներ, փոխգնդապետներ»,-ասաց համայնքապետը։

Աշոցքը նաև ամենաշատ գերիներ ունեցող համայնքն է․ այս պահին 9 զինվորականներ են գերեվարված։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ  լրագրողների հետ ասաց․ «Ըստ ազգաբնակչության թվի, Աշոցքն ամենաշատ զոհեր տվածն է։ Աշոցքը ժողովրդին չտարբերեմ մեր մարզի մյուս բնակավայրերից, բայց կարելի է ասել՝ այստեղ մարդկանց ոգին այլ է՝ լեռնեցուն վայել, հայրենիքին նվիրված, ավելին անելու պատրաստակամ ժողովուրդ են։ Իրենք իրենց կամքով ամեն ինչ անում են հայրենիքի համար, ուժեղ են Աշոցք աշխարհի ժողովուրդը, պայքարող են, իրենց տեսակը յուրահատուկ է»։

Մուշեղ Մուրադյանը նաև տեղեկացրեց, որ Փառքի պուրակը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցությամբ, ծրագրի արժեքը 121 միլիոն դրամ է, 55 տոկոսը համայնքի ներդրումն է, 45՝ պետության։

Շիրակի մարզպետն իր ելույթում միջոցառումն անվանեց՝ «անչափ հուզիչ և միաժամանակ ոգևորող»։

«Պուրակը հերոսների հիշատակը վառ պահելու հնարավորություն լինելուց բացի, մեզ՝ ողջերիս համար  պատասխանատվության, պարտականության ու զգոնության կոչ է՝ ապրենք նրանց անձնազոհությունը գնահատելով։ Ամեն ինչ անենք կիսատ թողած գործերը պատվով ավարտին հասցնելու համար։ Ամեն անգամ պուրակ այցելելիս խոնարհվելուց զատ մեկ անգամ ևս պիտի խորհենք մեր արած ու չարած գործերի մասին»,-ասաց մարզպետը։

Մուշեղ Մուրադյաննն ասաց՝ վստահ է,  որ նորակառույց պուրակը հիշատակի, խոնարհումի վայր լինելուց բացի, փոքրիկների համար կծառայի որպես զբոսատեղի, որտեղ մանկական խաղերին համընթաց հայրենասիրական ոգով կդաստիարակվեն։

Հուշատախտակները բացելու պատիվը ընձեռեցին Աշոցքի համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանին և գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին։

Միջոցառմանը մասնակցում էր նաև ԵԿՄ նախագահ  Սասուն Միքայելյանը ու բազմաթիվ ԵԿՄ-ականներ։

Պուրակն օրհնվեց քահանայի ձեռամբ,  աղոթքներ բարձրացվեցին առ Աստված։

Նահատակները բոլոր երիտասարդներ էին, նրանից շատերը նոր ոտք էին դրել կյանք։

Հուշատախտակը բացելուն պես սկսվեց հուզիչ  տեսարան․ ծնողները, ծաղիկներ խոնարհելով, սկսել էին զրուցել որդիների նկարների հետ։ Մայրերից մեկն ամբողջ ընթացքում համբուրում էր որդու նկարը՝ հարցուփորձ անելով, թե ինչպես է ապրում հանգուցյալ կյանքում, ինչպես է դիմանում առանց իրենց։

Մայրը երբեմն աղիողորմ լացում էր՝ որդու հետ կռիվ տալով, թե ինչու հեռացավ իրենցից, երբեմն  խրոխտ խոսքեր հնչեցնում՝ փառաբանելով որդու սխրանքը, երբեմն էլ փաղաքշական բառերով աղերսում էր, որ հետ գա որդին։

Իսկ աղջիկ երեխաներից մեկը հարազատներից պահանջել գրկել իրեն, որ կարողանա համբուրել հոր լուսանկարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031