Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմից հետո իր կողմից բնորոշում տրվեց, որ կոռուպցիան ստացել է արյան տեսք, իսկ դրանից հետո սկսվեցին հակակոռուպցիոն գործնական բարեփոխումները։ Խոսելով ազդարարման համակարգի մասին՝ նա նշեց, որ ազդարարման համակարգը լավն է, սակայն ՀՀ դատախազության կողմից գործարկվող www.azdararir.am ազդարարման միասնական հարթակի արդյունավետությունը ցածր է։ Բանախոսի խոսքով՝ պետք է փոխվեն ազդարարման համակարգի և ազդարարողների վերաբերյալ հանրային ընկալումները։ Դեռևս խորհրդային տարիներից հասարակությունում խորացած կարծրատիպերն են խանգարում ազդարարման համակարգի զարգացմանը։
«Մեր հիմնական ուղերձն է, որ ազդարարները «գործ տվողներ» չեն։ Նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ, իրենց երկիրը սիրող քաղաքացիներն են։ Այս կերպարը պետք է հանրության շրջանում ներկայացնել։ Ընկալումները պետք է փոխվեն նաև պետական պաշտոնատար անձանց մոտ։ Ազդարարները պետք է գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը։ Նրանց պետք է ջատագովել, խրախուսել՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը։
Կարդացեք նաև
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու համար։ Նա նշեց, որ Կառավարության անկյունաքարային ուղղությունների մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, դրա նկատմամբ հասարակության շրջանում զրո հանդուրժողականության գաղափարի ձևավորումը և արմատավորումը։
«Հասարակության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում չպետք է լինի միայն գաղափարական։ Կառավարությունն ակնկալում է, որ հասարակությունը պետք է դրսևորի պրոակտիվ մոտեցում այս գործընթացին և այդ մեխանիզմներից մեկը հանդիսանում է հանրային ազդարարման համակարգը, որը ժամանակակից ժողովրդավարական պետություններում վաղուց արդեն ապացուցել է իր կարևորությունը»,-նշեց նա։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության հարցերով բաժնի ղեկավար Յան Պլեզինգերը ՀՀ-ում ԵՄ դեսպանի անունից իր ողջույները փոխանցեց ներկաներին։ Նա նշեց, որ միջոցառումը ճիշտ ժամանակին է անցկացվում, քանի որ դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի օրն է և նման արշավները շատ կարևոր են։
«Ես կուզեի ընդգծել Հայաստանի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում։ Դա արտացոլվել է բազմաթիվ ցուցանիշներում։ Ուզում եմ ողջունել Հայաստանի կառավարության նվիրվածությունը այդ նպատակին և այն քայլերը, որոնք իրականացվել են ԳՐԵԿՈ-ի խորհրդատվությունների արդյունքում»,-նշեց Յան Պլեշինգերը՝ նշելով, որ ինքը հետխորհրդային Չեխոսլովակիայում է ծնվել և իր երկրի փորձը նման է Հայաստանին։
Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող Լիլյա Աֆրիկյանը նշեց, որ միջազգային գործընկների կողմից բարձր է գնահատվել Կառավարության կամքը և ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում գործիքակազմեր, ինստիտուտներ ներդնելու հարցում։ Նրա խոսքով՝ հանրության մոտ թյուր ընկալում կա, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն գործադիրի մանդատն է։
«Կարծիքը ձևավորվել է տարբեր կրթական հաստատություններում երիտասարդների հետ հանդիպումների արդյունքում։ Սիմուլյատիվ քննարկումների ժամանակ հարցնում էինք՝ օրինակ՝ դու, կազդարարես, եթե քո ընկերը, բարեկամը կամ հարազատը չարաշահումներ են իրականացրել։ Նրանք շատ անկեղծ, առանց մտածելու նրան ասացին՝ իհարկե ոչ, ես հո մատնիչ, գործ տվող չեմ։ Մենք շատ մեծ անելիք ունենք հանրությանը բացատրելու ազդարարման համակարգի նպատակը։ Տվյալ դեպքում նրանք գործընկեր են իրավապահ համակարգի համար, այլ ոչ մատնիչ»,-նշեց Լիլյա Աֆրիկյանը։
Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր «Պատկերի՛ր ճշմարտությունը» և «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրերով նկարչական և շարադրությունների մրցույթներ, որոնց մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից ու Երևանից դպրոցականներ ու ուսանողներ։ Մրցույթների կազմակերպող Անահիտ Մարդոյանը հայտարարեց հաղթողների անունները, որոնց մրցանակներ և հավաստագրեր հանձնվեցին։ Սյունիքի մարզից երկու մասնակից էլ հատուկ մրցանակների արժանացան։
Ներկայացվեցին նաև «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի արդյունքները։ «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց ազդարարման նոր այլընտրանքային քաղաքացիական հասարակության հարթակը՝ haytnir.am-ը, ինչպես նաև ազդարարման համակարգի հայկական մոդելի տեսլականը, ազդարարների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հնարավորությունները։
«Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ազդարարման համակարգի տեսակները, դրանց զարգացման առաջարկությունները, ինչպես նաև ազդարարների խրախուսման մեխանիզմների ներդրման հնարավորությունները։
«Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի հաղորդակցման մասնագետ, Iravaban.net կայքի խմբագիր Ալիսա Չիլինգարյանը ներկայացրեց, թե իրազեկման ինչ քարոզարշավ է իրականացվում, ինչ մեթոդներ են կիրառվում և ինչ արդյունքներ են արդեն գրանցվել։
Միջոցառման ավարտին ներկաները ազդարարման համակարգի վերաբերյալ հարցեր ուղղեցին բանախոսներին, որոնց հիման վրա հավաքագրվեցին նաև մասնակիցների կարծիքներն ու դիտարկումները։
Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ մի շարք ՀՀ պետական մարմիններից, այդ թվում՝ Վարչապետի աշխատակազմից, Արդարադատության նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Ներքին գործերի նախարարությունից, Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից, ՊԵԿ-ից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, ԱՄՆ ՄԶԳ-ից, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնից, Եվրոպայի խորհրդից, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատից, Փաստաբանական ակադեմիայից, մի շարք հասարակական կազմակերպություններից, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից աշակերտներ, ուսուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և ոլորտային փորձագետներ։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ