Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետք չէ ծաղրել անհավանական թվացող թեզերը

Դեկտեմբեր 09,2023 11:20

44-օրյա պատերազմից հետո ավելացել է մեկնաբանների, քաղաքագետների, ինչպես նաև հասարակ քաղաքացիների թիվը, որոնք չեն բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն կարող է մեկ օր դադարել գոյություն ունենալ: Անկասկած, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ներկա հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանի գլխին Դամոկլյան սուր է կախված: Որքան էլ ականջահաճո չհնչի, որքան էլ չհամապատասխանի «վերլուծաբանների» պնդմանը, թե այսօր 32 տավա մեջ առաջին անգամ Հայաստանն անկախ է՝ պետք է արձանագրել, որ անկախությունը կորցնելու վտանգի մասին թեզն այսօր արդիական է, թեև անհավանական է թվում։

Իշխանության կողմնակիցներն, իհարկե, ծաղրի կենթարկեն մեր անկախության վտանգված լինելու մասին թեզը:

Բայց չէ որ իշխանության կողմնակիցները 2018-ին, 2019-ին, 2020-ի (այդ տարիներին նրանց թիվն ավելի մեծ էր) ծաղրի էին ենթարկում Արցախի վտանգված լինելու մասին զգուշացումները: Երբ որևէ մեկը հանդգնում էր միտք արտահայտել, որ մեկ օր Ղարաբաղը կարող է հայկական չլինել, նրան հակահեղափոխական էին անվանում: Իսկ վերջնարդյունքում ի՞նչ դուրս եկավ:

Պետք չէ ծաղրել անհավանական թվացող թեզերը, որովհետև, ինչպես ականատես եղանք, Շուշին դարձավ Շուշա, Ստեփանակերտն էլ՝ Խանքենդի։

Նույնիսկ անհավանական երևացող թեզերը պետք է մարդ կարողանա վերլուծության ենթարկել: Վերադառնալով թեզին, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը կարող է կորցնել անկախությունը, այո, սա իսկապես անհավանական է թվում, որովհետև ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր անկախություն չի կորցրել, բայց հայ ժողովրդի համար այս դաժան հեռանկարով թեզն ունի որոշակի տրամաբանական հենք: Մեր երկիրն ունի ծավալապաշտական նկրտումներ ունեցող հարևան, որը վայելում է մեր մյուս հարևանի անխնա աջակցությունը: Մեր երկիրը Ռուսաստանի նման հակառակորդ ձեռք բերելու ճանապարհին է, իսկ Մոսկվայի հակաքայլերը Հայաստանի դեմ կարող են անդառնալի լինել: Եվ իհարկե, մենք մի ժողովուրդ ենք, որը պատշաճ չի գնահատում այս աշխարհում անկախ պետականություն ունենալու արժեքը, երբ կան հազարավոր ազգեր, բայց ՄԱԿ-ի անդամ միայն 193 պետություն: Հավերժ պետականությունն ապահովելու, երկարաժամկետ ազգային նպատակներ գծելու, սեփական հանրապետությունում արարելու փոխարեն մեզ ավելի շատ հուզում են ավելի մանր, կարճաժամկետ երևույթներ, օրինակ մեքենաները կամ հագուստները:

Քաղաքացիների կողմից ցուցաբերվող քաղաքական անտարբերության և քաղաքացիական ֆունկցիաներն անտեսելու մասին լավ խոսք է ասել Պլատոնը. «Այն գինը, որ բարի մարդիկ վճարում են հասարակական գործերի հանդեպ անտարբերության համար, չար մարդկանց կողմից կառավարվելն է»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031