Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։ Ըստ Գուրգեն Արսենյանի կողմից 2021 թվականի գույքի, եկամուտերի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրում ներկայացրած տվյալների՝ Գուրգեն Արսենյանը հանդիսանում է «Վ-կրեդիտ 24» ՍՊԸ 13 % բաժնետեր։
Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ» ՓԲ եւ «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում բաժնեմասնակցության, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել։ Հավելենք նաեւ, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման եւ հրաժարվել առեւտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։
Չնայած այս ամենին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացված անհամատեղելիության պահանջները։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում