Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տխուր հոդված իրավապաշտպանության մասին՝ երկու մասից բաղկացած

Դեկտեմբեր 09,2023 09:00

Վաղը դեկտեմբերի 10-ն է՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը։

 Մաս առաջին

Իմ ապրած տարիների մեծ մասն իրավապաշտպանությանն են առնչվել։ Ակտիվ իրավապաշտպանությամբ զբաղվել եմ 1988-ից, երբ ավարտվեց 8-ամյա ազատազրկումս ու Հայաստան վերադարձա։ Այդ ժամանակ Հայաստանում ընդամենը մի երեք-չորս իրավապաշտպաններ կային՝ խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Գեորգի Խոմիզուրին, Ռաֆայել Պապայանը, որը, ցավոք, հանգուցյալ է, եւ նրանց շրջապատում գտնվող մի քանիսը։

Հայաստանում իրավապաշտպանների գոյության մասին առաջին անգամ լսել եմ 1979-ին։ Իմ լավ բարեկամ, Ազգային միացյալ կուսակցության (Հայաստանի անկախության համար պայքարող կուսակցություն, որ հիմնադրվել է 1966-ին եւ ընդհատակի պայմաններում գործել մինչեւ 1987-ը) հիմնադիր անդամներից Շահեն Հարությունյանի եղբայր Մարզպետ Հարությունյանը, որի հետ էլ հետագայում ես դատապարտվեցի, ինձ տեղեկացրեց, որ նախօրեին կալանավորվել է Հայաստանի հելսինկյան խմբի ղեկավար Էդուարդ Հարությունյանը։ Դա, լավ հիշում եմ, 1979-ի ամռանն էր։ Էդուարդ Հարությունյանին ես չէի ճանաչում։ Նրա կալանավորումն առիթ հանդիսացավ, որ Մարզպետն ինձ պատմի 1977-ի ապրիլից գործող Հայաստանի Հելսինկյան խմբի ու հայ իրավապաշտպանների մասին։

Երկար չգրելու համար ասեմ միայն, որ խորհրդային տարիներին իրավապաշտպանությամբ զբաղվելն ինքնահրկիզման պես մի բան էր։ Ի տարբերություն ընդհատակյա գործունեություն ծավալած գործիչների կամ այլ կարգի այլախոհների՝ իրավապաշտպանները չէին կարող թաքցնել իրենց ինքնությունը կամ հանդես գալ կեղծանուններով։ Նրանք ունեին իրենց հրապարակած տեղեկատվության տակ ստորագրելու պարտավորություն։ Սա պահանջ էր։ Մարդու իրավունքների խախտման մասին հրապարակումները պետք է լինեին ճշտված ու ստուգման ենթակա, հետեւաբար՝ հեղինակը պետք է լիներ հայտնի։ Առաջին իսկ փաստաթղթի հրապարակումից հետո իրավապաշտպանը հայտնվում էր պետական անվտանգության կոմիտեի թիրախում։ Հնարավոր չէր զբաղվել իրավապաշտպանությամբ ու կալանավայր չգնալ։

Էդվարդ Հարությունյանն, արդեն ասացի, կալանավորվեց 1979-ի ամռանը։ Պատժաչափն ավարտելուց 10 ամիս անց՝ 1982-ի նոյեմբերին նա, արդեն հիվանդ ու ծայրահեղ հյուծված, կրկին կալանավորվեց։ Նրա երկրորդ դատապարտումը ճակատագրական եղավ՝ 1984-ի դեկտեմբերին, պատժաչափը չավարտված, վախճանվեց։

Էդվարդ Հարությունյանին, ինչպես նաեւ խորհրդային տարիների հայաստանյան մյուս քաղբանտարկյալներին ես մանրամասն անդրադարձել եմ իմ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքում, որի էլեկտրոնային տարբերակը կարելի է գտնել այստեղ։

1990-ականների առաջին տարիներին արդեն կային նոր իրավապաշտպաններ։ Նրանք այնքան շատ չէին, բայց կային ու անչափ կարեւոր գործ էին անում։ 1990-ականների կեսերից իրավապաշտպանները սկսեցին շատանալ։ Իրավապաշտպանությունն արդեն ոչ թե կալանավայր տանող ճանապարհ էր, այլ պատվաբեր աշխատանք եւ, ինչու ոչ, վաստակելու հնարավորություն։

Ասեմ, որ ես գրանտներով աշխատելու մեջ վատ ոչինչ չեմ տեսնում։ Հակառակը, վստահ եմ, իրավապաշտպան կազմակերպություններն անկաշկանդ ու արդյունավետ կարող են աշխատել միայն միջազգային գրանտատու կազմակերպությունների ֆինանսական օժանդակության շնորհիվ։ Կարեւոր է, որ գրանտ ստանալը գրանտակերության չվերածվի։ Քիչ չեն, իհարկե, գրանտակերները, բայց Հայաստանում եղել են ու կան լավ իրավապաշտպաններ ու լավ հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց աշխատանքով արդարացրել ու արդարացնում են ստացած դրամական միջոցները։ Ինքս դրամաշնորհներով աշխատողների ցանկում չեմ եղել։ Իմ 35 տարի ձգվող գործունեության ընթացքում մի երեք-չորս անգամ եմ միայն խիստ փոքր դրամաշնորհներ ստացել։

Ցավոք, Անկախ Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում, բացառությամբ երեւի առաջին 3-4 տարիների, իրավունքի հետ խնդիր է ունեցել։ Աչքի է ընկել իշխանության չարաշահմամբ, մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, քաղաքական հետապնդումներով, հաշվեհարդարներով, ընտրակեղծարարությամբ։ Իրավապաշտպաններն անգործ մնալու տարբերակ չեն ունեցել։

Իմ գործունեության ընթացքում շատ մարդկանց եմ պաշտպանել։ Ոմանց հիշում եմ, շատերին չեմ հիշում։ Ոմանց անձամբ ճանաչել եմ, շատերին չեմ ճանաչել։ Ոմանց հետ իրավապաշտպանության բերումով բարեկամացել եմ, ոմանցից աշխատել եմ հեռու մնալ։ Երեք մարդու պաշտպանել եմ ոչ միայն որպես հանիրավի հետապնդվողների, այլ նաեւ որպես ընկերոջ ու բարեկամի։ Մեկը եղել է Ազատ Արշակյանը, մյուսը՝ Շանթ Հարությունյանը, երրորդը՝ Ալեքսանդր Արզումանյանը։ Ազատ Արշակյանի մասին խոսք չկա, նա եղել ու մնում է իմ ընկերը։ Շանթն ինձ հարազատ ընտանիքի զավակ է ու այս դրվածքը ոչինչ խախտել չի կարող։ Ալեքսանդր Արզումանյանի դեպքում, ինչպես ավելի ուշ պարզվեց, սխալվել եմ։ Սխալմամբ եմ նրան բարեկամ ու ընկեր համարել։ Սխալվելու իրավունքը մարդու մեծագույն իրավունքներից է։ Կարող էի սխալվել ու սխալվել եմ։ Եթե ամեն ինչ վերադառնար, ես նրան, անկասկած, նույն եռանդով կպաշտպանեի, բայց արդեն ոչ թե որպես բարեկամի ու ընկերոջ, այլ որպես հանիրավի հետապնդվող մարդու։

 Մաս երկրորդ

2018-ից հետո թվում էր՝ Հայաստանում վիճակն այլ է լինելու։ Թվում էր՝ իրավապաշտպաններն արդեն քիչ կամ բոլորովին այլ բնույթի անելիքներ են ունենալու․ ասենք՝ օրենսդրական նախաձեռնություններ, քաղաքացիական հասարակության ամրապնդում, փակ հաստատությունների խնդիրներ, կրթական ծրագրեր, փոքրամասնությունների խնդիրներ, հանդուրժողականություն եւ այլն։ Թվում էր՝ քաղաքական ենթատեքստը եւ պետություն-քաղաքացի հարաբերություններում իշխանական կամայականությունները մնալու են անցյալում։

Հույսերը, բայց, չարդարացան։ Արդեն 2019-ի ավարտին էր պարզորոշ երեւում, որ նոր իշխանությունները լուրջ փոփոխությունների ծրագիր չունեն, որ բոլորովին էլ հեղափոխականներ չեն ու գնալու են հին ճանապարհով։ Գլխավոր ցուցիչը մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրությունից չհրաժարվելն էր։ Ապա՝ սանձարձակ պոպուլիզմը, ապա՝ ընդդիմադիրների հետ բանավեճի որակը եւ բառապաշարը՝ «ծեփել պատերին», «փռել ասֆալտին», ապա՝ դատարանները շրջափակելը։ Այս վերջին դրվագն ուղղակի հուսահատեցնող էր։

2020-ի պատերազմից ու գրանցված պարտությունից հետո կրքերն ավելի թեժացան։ Պարտված իշխանությունը հեռանալ չցանկացավ։ Պետությունը, երկրի ապագան ստորադասեց սեփական շահին ու մնաց։ Մնաց ու դարձավ նորանոր կորուստների, ցավոտ նահանջների ու շարունակվող պարտությունների պատճառ։ Մնաց ու հասցրեց մեզ այսօրվա վիճակին։ Մնաց ու ավելի կամակոր ու ավելի ագրեսիվ դարձավ։

Այսօրվա Հայաստանում կրկին խոսք է գնում քաղաքական նպատակներով մարդկանց հետապնդելու ու հաշվեհարդարների մասին։ Թիրախավորվում են անհամաձայնները եւ իշխանության քննադատները։ Խափանման միջոց կալանքը կիրառվում է համատարած։ Ինչպես առաջ էր, այնպես էլ այսօր այն ավելի շատ շարունակում է մնալ որպես պատժի ձեւ, քան խափանման միջոց։ Անգամ ֆեյսբուքյան գրառումների հիմքով են ընդդիմադիր դիրքերից հանդես եկողների նկատմամբ քրեական հետապնդումներ սկսում։

Իշխանություններն ասում են՝ բռնության կոչ է հնչեցրել, զրպարտել է, հայհոյել է։

Կարելի՞ է արդյոք սպառնալ ու վիրավորել։ Իհարկե՝ ոչ։

Կարելի՞ է արդյոք հայհոյել ու զրպարտել։ Իհարկե՝ ոչ։

Ցանկացած բանական մարդ կասի, որ վիրավորել, հայհոյել, սպառնալ, թիրախավորել չի կարելի։ Բռնության կոչ հնչեցնել նույնպես չի կարելի։ Վատ է, երբ սոցիալական կայքի օգտատերը նման վարք է դրսեւորում։

Այստեղ է, որ հարց է ծագում, իսկ պետությունը, այսօրվա իշխանություններն ու այսօրվա իշխանավորները միջամտելու ու օրենքի տառին ու ոգուն համապատասխան կարգավորում գտնելու իրավունք ունե՞ն։

Ունե՞ն նման իրավունք, երբ իրենք են շատ ավելի բարձր հայհոյում, սպառնում ու պիտակավորում։ Երբ իրենք են խախտում համակեցության կանոնները։

Եթե իշխանավորին կարելի է թքել իր հետ անհամաձայն մեկի կամ իրեն վիրավորած մեկի վրա ու մնալ անպատիժ, եթե իշխանավորին կարելի է փողոցային ծեծկռտուք հրահրել կամ ծեծկռտուքի մասնակցել ու մնալ անպատիժ, եթե իշխանավորին կարելի է հոխորտալ, թե իր ընդդիմախոսներին, թեկուզ, ակնհայտ հանցագործին «փռելու է ասֆալտին», «ծեփելու է պատերին», «ստիպելու է լիզել բորդյուրներ» ու քրեական հետապնդման չարժանանալ, ապա նույն կամ նման դրսեւորումների համար ինչո՞ւ պետք է քրեական գործ հարուցվի ֆեյսբուքյան օգտատիրոջ կամ այլ մեկի նկատմամբ։

Եթե օրենքի առջեւ բոլորը հավասար չեն, ապա օրենքն անիմաստ է դառնում է։ Անիմաստ է դառնում նաեւ ժողովրդավարությունից խոսելը։ Էլ ավելի անիմաստ է դառնում արդարադատությունից խոսելը։

Զարգացումներն այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ տեղական ու միջազգային կազմակերպությունները Հայաստանում մարդու իրավունքների հետընթաց կարձանագրեն, քաղաքական հետապնդումների օրինակներ կհիշատակեն, քաղբանտարկյալներ կթվարկեն, հաշվեհարդարների մասին կգրեն ու մենք կհայտնվենք այնտեղ, որտեղից եկել ենք։

Այնպես որ՝ իրավապաշտպանները մեր երկրում դեռ շատ անելիք ունեն։ Այս առումով 2018-ը լուրջ փոփոխություններ չբերեց։ Լավ է, որ այսօր այսքան շատ իրավապաշտպաններ կան։ Լավ է, որ նորերն են գալիս։

Չհասանք մենք մի եզրագծի, երբ իրավապաշտպաններն իրենք պետք է իրենց համար գործ ու անելիք փնտրեն։ Իշխանություններն են դեռ առիթներ տալիս։

Այսպես եղել է առաջ։ Այդպես է այսօր։

Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «2018-ից հետո թվում էր՝ Հայաստանում վիճակն այլ է լինելու»…
    Առաջին մասում շարադրված պատմությունը հետաքրքիր էր. շնորհակալություն: Երկրորդ մասում էլ հստակ արձանագրել եք իշխանությունների բանեցրած երկակի ստանդարտները. կրկին շնորհակալություն:
    Միայն, Աստծո սիրուն, կարող ե՞ք բացատրել ինչի՞ վրա էր հիմնված Ձեր հույսը 2018-ին: Սա է 2018-ից մինչև հիմա ինձ շշմեցնողը.
    *այլախոհ իրավապաշտպաններ, ում կրած տառապանքները պիտի օժտեին մարդուն միանգամից ճանաչելու ուժով,
    *արվեստագետներ, ովքեր զգայարաններով պիտի ընկալեին ու մերժեին կեղծ խոսքն ու վարքը,
    *բազմափորձ գիտնականներ, ովքեր տարիներով մարզել են իրենց միտքը՝ կատարվածը վերլուծելու ու կատարվելիքը կանխատեսելու համար,
    *լրագրողներ, ովքեր ժամերով զրուցել են «դրանց սաղին բռնող-շինող» ու ձեռքերը ոլորած մարդու երեսին թքող իշխանավորների հետ.
    բոլորդ էլ ազնիվ ու անկաշառ: Մի՞թե ատելությունն այնքան ուժեղ է, որ կուրացրել էր ձեզ:

  2. Վարդան Հարությունյան says:

    Հարգելի Սարգիս, շնորհակալություն մեկնաբանության ու հարցի համար։ Բայց ատելության մասին խոսք լինել չի կարող; Ոչ ոք ատելությամբ չի առաջնորդվել։ Շատերն, իհարկե, մինչեւ 2018-ը երկրում վիճակ փոխելու ցանկություն ունեցել են։ Ավելին, եթե հիշենք 2000-ականների ողջ ընթացքը՝ ընտրակեղծիքներից մինչեւ քաղաքական հետապնդումներ ու ամենավերջում՝ սահմանադրության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի իշխանության հարատեւության փորձ, ապա մեր քաղաքացին նման ցանկություն չունենալ չէր կարող։ Այս պատճառներով էլ, երբ պահը եկավ՝ մարդիկ դուրս եկան հրապարակ ու տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիսը։ Մարդիկ երիտասարդ առաջնորդների հետ մեծ հույսեր էին կապել։ Թեկուզ այն պատճառով, որ այդ իշխանությանը իշխանական սենյակներ իրենց ձեռքերի վրա էին տարել։ Նրանց յուրային էին համարում։ Այլ խնդիր է, որ նրանք պոպուլիստներ, ստախոսներ ու խոստումնազանցներ դուրս եկան։ Բայց 2018-ին ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպիսին են լինելու սրանք եւ ինչ աղետներ են բերելու։ Հետին թվով, իհարկե, կարելի է գնահատել, բայց միայն հետին թվով։

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Հարգելի՛ պարոն Հարությունյան, եթե իմ վերևի մեկնաբանությունում նշված մտավորականների խմբերը ժամանակին դրսևորեին այն որակները, որոնց մասին գրել եմ (գուցե՝ միամտաբար), ապա հետին թվով «սրանց ինչպիսին լինելը» գնահատելու կարիք չէր լինի: Եթե մինչև 2008-ը մտավորականներից ոմանք սրանց առանձնապես լուրջ չեն ընդունել, ապա 2008-ին գոնե պիտի պարզ լիներ, թե ինչ օձ ենք տաքացնում մեր մարմնի վրա: Խնդիրը հասարակ քաղաքացին չէ. նա միշտ էլ կուզի դրական փոփոխություններ: Խնդիրը մտավորականն է ու իր քաղաքական, սոցիալական, կարծրատիպային և այլ մերկանտիլ նպատակահարմարությունները հաղթահարելու խիզախության պակասը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031