«Մեծ հումանիստ» Իլհամ Ալիեւը, երեք տարի գերության մեջ պահելուց հետո, ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, որոնց պարտավոր էր ազատել՝ առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը հարեւան երկրին վերադարձրել է երկու դիվերսանտի, որոնցից մեկը սպանել էր ՀՀ քաղաքացու եւ տեսագրության մեջ հպարտորեն դրա մասին հայտարարում էր: Որքան էլ դա անարդար թվա, կարծում եմ, մենք 32 տղաների հարազատների հետ պետք է ուրախանանք, որ նրանք տուն են վերադարձել:
Ադրբեջանական գերության մեջ են մնացել բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ Ռուբեն Վարդանյանը: Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, մեղմ ասած, առանձնապես շահագրգռված չեն, որ այդ մարդիկ ազատության մեջ լինեն: Ճիշտ է, նրանք դրա մասին ուղիղ չեն ասում, բայց դատելով իրենց կողմնակիցների արտահայտություններից, հատկապես Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելով, նրանց հանգիստ չի տալիս: Եվ ընդհանրապես, պաշտոնական տեսակետը հիմա այն է, որ հայկական պետականությունն Արցախում ինչ-որ սխալ բան էր, որը խանգարում էր ՀՀ ինքնիշխանությանն ու հարեւանների հետ նորմալ հարաբերություններին, եւ, այդպիսով, Ադրբեջանի՝ ԼՂՀ ղեկավարների դեմ առաջ քաշած ահաբեկչության մեղադրանքը լրիվ համահունչ է Փաշինյանի թիմի դիրքորոշմանը:
Ալիեւի «հումանիստական» քայլը արժանացել է թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Արեւմուտքի դրվատանքին: Ադրբեջանի ղեկավարին այդ դրվատանքն, ըստ ամենայնի, պետք է՝ որքան էլ նա երբեմն աքլորանում է, թե բոլոր գնահատականների վրա թքած ունի: Իրականում նրա մոտ ամեն ինչ չէ, որ շատ հարթ է ընթանում: Ավտորիտար ռեժիմները միայն առաջին հայացքից են թվում հավերժ եւ անսասան՝ ներքին եւ արտաքին գործոնների ազդեցության տակ դրանք ինչ-որ մի ամենաանսպասելի պահի կարող են «կոտրվել»: Այդպիսի ռեժիմները պարբերական «թարմացման» կարիք ունեն, եւ այդ «տոկի տալու» գործիքներից մեկը «ընտրություններն» են:
Երբեմն հարցնում են՝ ինչի՞ համար են պետք Ալիեւին կամ Պուտինին, կամ Էրդողանին ընտրությունները (Ադրբեջանի դեպքում՝ արտահերթ), եթե դրանց արդյունքները նախօրոք հայտնի են: Դա, կարծում եմ, նախեւառաջ, ստուգատես է, թեստ է՝ արդյոք բռնապետի տակ գտնվող օլիգարխիան եւ բյուրոկրատիան պատրաստ են հանուն «շեֆի» աշխատել նույն խանդավառությամբ եւ նվիրվածությամբ: Արտաքին աշխարհի համար դա նույնպես ուղերձ է՝ «տեսեք, թե ինչպես է ժողովուրդն ինձ սիրում եւ, հետեւաբար՝ ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել»:
Կարդացեք նաև
Ի դեպ, բացառված չէ, որ այդ նույն՝ օլիգարխիայի եւ բյուրոկրատիայի (գումարած, մեր դեպքում՝ «թաղի խուժանի») հավատարմության ստուգատեսի, ինչպես նաեւ արտաքին լեգիտիմությունն ամրապնդելու նպատակով արտահերթ ընտրություններ անցկացվեն նաեւ Հայաստանում: Դարձյալ՝ 100 տոկոսով կանխատեսելի արդյունքներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հին անեկդոտ կա, մեկը աստծուն թախանձագին խնդրում է, որ սպորտլոտո շահի, բայց աստված ոչ մի բան չի անում, հրեշտակներն էլ խղճալով էս մարդուն, գնում աստծու մոտ բարեխոսում են, աստվածն էլ թե՝ ես դեմ չեմ, էլի կօգնեմ, բայց թող գոնե սպորտլոտո գնի: Հիմա մենք ենք, ուզում ենք, որ նորմալ մեկը մեզ ղեկավար լինի, բայց ոչ մեկս ոչ մի խելքը գլխին մարդու չենք առաջարկում: Առաջարկելը քիչ է, պետք է դառնալ առաջարկվողի թիկնապահն ու շքախումբը, նրա խորհրդատուն ու նրա հրամանները կատարողը: Լավ թագավորը նա է, ով այնքան խելոք է, որ վստահում է իր շքախմբին եւ թիկնապահին ու խորհրդատուին: Լավ թագավորը նա է, ում կաշառել հնարավոր չէ, ով պատրաստ է զինվորի նման ծառայել իր ազգին ու պետությանը, որին ժողովուրդը մեծագույն ակնածանքով ու հարգանքով է վերաբերվում: Այսպիսով, առաջարկել որեւէ թեկնածուի նշանակում է ոչ թե լրիվ պատասխանատվությունը դնել այդ մարդու վրա, այլ հակառակը, ողջ պատասխանատվությունը վերցնում ենք մենք մեր վրա, նրան օգտագործելով միայն լեգիտիմացման եւ լեգալացման միջոց եւ մեր թագավորը պատրաստ է նման դեր իր վրա վերցնել: Բայց որպեսզի ամեն տեսակ շպիոն մեր թագավորի ականջին ու մարմնի այլ մասերին հասանելի չդառնա, առաջին հերթին թիկնապահ խորհրդատու շքախունբը իր պրոֆեսիոնալ հատուկ ծառայությունը պետք է ձեւավորի, որ արգելափակի եւ վնասազերծի նման ներթափանցումները: Այնպես որ, մինչեւ թագավորի ընտրությունները մենք լիքը նախապատրաստական արարչական աշխատանքներ պետք է կատարենք: Արդյունքում, ժողովուրդը լիովին պետք է դառնա իր թագավորի թիկնապահ շքախումբը ու նրա հրամանները կատարողը, անկախ թագավորի անձից: Բոլորս դեպի թագավորական ընտրություններ: