Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դուրգարյան. «Անմահացնելով զոհերի հիշատակը, մերժում են մահը»

Դեկտեմբեր 09,2023 14:00

Ռեքվիեմները՝ երաժշտական թե գրական, ի սկզբանե ստեղծվել եւ հնչել են ողբերգական իրադարձությունների (պատերազմ, տարերային աղետներ…) զոհերի հիշատակի առիթով։ Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան) եւ մեներգիչներ՝ սոպրանո Մարինե Դեինյանի, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանի, տենոր Հովհաննես Այվազյանի, բաս Հովհաննես Ներսեսյանի մեկնաբանությամբ հնչեց Վերդիի Ռեքվիեմը՝ ի հիշատակ 35 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի։
Ստեղծագործության կատարումից հետո մաեստրո Դուրգարյանը ռեքվիեմի խորհուրդը մեզ ներկայացրեց այսպես. «Ռեքվիեմները միայն անունով են մահերգ։ Իրականում այս մեծակտավ ստեղծագործություններում հեղինակները՝ Վերդին, Մոցարտը, Բեռլիոզը, Ֆորեն, Ալեքսանդր Հարությունյանը, Տիգրան Մանսուրյանը, հնչեցրել են հենց մահի մերժումը՝ անմահացնելով զոհերի հիշատակը, օրինակ՝ Բեռլիոզը իր գործը նվիրել է 1830թ. ֆրանսիական հեղափոխության զոհերի հիշատակին։ Այլ է Վերդիի Ռեքվիեմի ստեղծման պատմությունը. երբ վախճանվում է Վերդիի մտերիմը՝ իտալացի բանաստեղծ Ալեքսանդրո Մանձոնին, մահը պարզապես ցնցում է կոմպոզիտորին։ Իսկ մահ կոչվածը դեռ 27 տարեկան հասակում էր ցնցել մեծ կոմպոզիտորին. ընդամենը երկու ամսում նա կորցրել էր կնոջն ու երկու երեխաներին։ 1870-ականներին, եթե չեմ սխալվում՝ կոնկրետ 1874-ին, Միլանի Սուրբ Մարկոս եկեղեցում առաջին անգամ կատարվեց  նրա Ռեքվիեմը՝ հնչելով որպես մահվան դեմ բողոք եւ, իհարկե՝ հարության ղողանջ»։

Մեզ հետ զրույցներում անվանի շատ կոմպոզիտորներ, այդ թվում՝ լուսահոգի Քշիշտոֆ Պենդերեցկին, հայտնել են, թե պարտադիր չէ ռեքվիեմները հնչեցնել միայն թաղման, սգո, ողբերգական առիթներով։ Այս կարծիքին է նաեւ մաեստրո Դուրգարյանը, ընդամենը փաստելով, թե՝ «Մոցարտի Ռեքվիեմը նախատեսված է եղել ոչ թե թաղման արարողության, այլ հանրային համերգների համար։ Դա մեծ հաշվով կյանքի մարող լույսերի արտացոլանքն է, չապրած կարոտների զորեղ բռնկում»։

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ դրվագներ Վերդիի Ռեքվիեմի կատարումից։

«Առավոտ» օրաթերթ
09.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031