Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կհանդիպենք» ՍԴ-ում 2024 թվականի հունվարի 9-ին

Դեկտեմբեր 09,2023 13:00

Մեր կանխատեսումը, թե դեկտեմբերին Սահմանադրական դատարանում վերջապես կլսվի նախկին դատավորի գործը («Հունվարին լիազորությունները դադարեցված դատավորի դիմումը ՍԴ-ում կքննվի դեկտեմբերին», «Առավոտ», 27.10.2023թ), ի չիք դարձավ դեկտեմբերի 5-ի ՍԴ աշխատակարգային նոր որոշմամբ:

ՍԴ-ն հոկտեմբերի 24-ին նույնաբովանդակ որոշում կայացրեց. Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի եւ 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ գործի վարույթը վերսկսել: Այս անգամ գործի քննությունը տեղափոխվեց գալիք 2024 թվականի հունվարի 9-ը:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանին Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լսվեց 2023թ. հունվարի 26-ին: Արդարադատության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 108-Ա որոշմամբ դատավոր Անտոնյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ «մեղադրելով» դատավորին 16 տարի առաջ վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22343/08) գործով 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

Հիշեցնեմ, ԲԴԽ նիստից հետո դատավորի ներկայացուցչի՝ պարոն Ամիրխանյանի առարկությունը. «ՄԻԵԴ վճռով, այո, արձանագրվել են մարդու իրավունքների որոշակի խախտումներ, բայց այդ խախտման արձանագրման հիմնական մեղավորը հենց կառավարությունն է եղել: ՄԻԵԴ-ը մի քանի տեղ շեշտադրումներ է կատարել, որ կառավարությունն այսինչ, այնինչ հանգամանքը չապացուցեց, հետեւաբար, արձանագրվում է խախտում: Ինչ է ստացվում՝ կառավարության անգործության հետեւանքով կայացվում է ՀՀ-ի դեմ վճիռ եւ նույն կառավարությունը դիմում է ԲԴԽ՝ մեղավոր հանելով հենց դատավորին եւ, ըստ էության, միջնորդելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվի»:

Դատավորն իր առարկությունները ներկայացնելիս ԲԴԽ, անդրադարձել էր ճիշտ այն հոդվածներին, որի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննության կառնվի: ՍԴ-ում առկա դիմումի համաձայն. «Տվյալ ժամանակահատվածում ձեւավորված է եղել բոլորովին այլ դատական պրակտիկա՝ պայմանավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 07.04.2007 թվականին ուժի մեջ մտած փոփոխությունների եւ լրացումների կապակցությամբ մինչ այդ ներկայացված եւ վարույթ չընդունված վճռաբեկ բողոքների քննության առնչությամբ»: Դատավորը հայտնել էր, որ չնայած ՄԻԵԴ-ի վճռի առկայությանը, իր՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթից բացի, բոլոր դեպքերում պետք է ուսումնասիրվեր նաեւ ներպետական օրենսդրության զարգացումները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածի համար «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ առկա են եղել որոշումներ: Ըստ նախկին դատավորի. «Մինչեւ 06.07.2022 թվականին կատարված փոփոխությունն ու լրացումն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական եւ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել էր ութ տարի, այսինքն՝ նման խախտման համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը երկարացվել է յոթ տարով»։

Դատավորը վկայակոչել էր ՍԴ որոշումներից մեկը, որով փաստացի ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել մեկ անգամ վճռաբեկ բողոք բերելու դատավարական օրենքով նախատեսված սահմանափակումը: «Տվյալ ժամանակահատվածի օրենսդրությունն ու դատական պրակտիկան ուսումնասիրելը եւ վերլուծելը միջնորդություն ներկայացրած անձի՝ նախարարի պարտականությունն էր, որը նա չի կատարել, այդպիսով ոչ միայն չհիմնավորելով իր միջնորդությունը բովանդակային առումով, այլեւ թույլ տալով օրենսգրքով սահմանված ընթացակարգային նորմերի ներքոհիշյալ խախտումները»,-նշել էր նա:

Դիմումատուի գնահատմամբ, եթե օրենսգրքում 2022 թվականին չկատարվեին նշված «հակասահմանադրական փոփոխությունն ու լրացումը», ապա իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չէր կարող՝ ոչ միայն վարույթի հարուցման առիթ եւ հիմք չլինելու, այլեւ անգամ դրանց առկայության դեպքում՝ վարույթի հարուցման ժամկետն անցած լինելու պատճառով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031