Լրահոս
Օրվա լրահոսը

Կույրին անգամ տեսանելի է, որ սա ընդհանրապես խաղաղության ճանապարհ չէ

Դեկտեմբեր 09,2023 12:30

Ամեն ինչ տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ ու ամեն ինչից տեղյակ ենք: Միայն մեզ դաս չեղավ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունենում ու մենք ուր ենք գնում:

Եթե ուշադիր վերլուծենք 90-ականներից մինչեւ մեր օրերը Ադրբեջանի վարած քաղաքականությունը Արցախի ու նրա ժողովրդի նկատմամբ, ապա հստակ ականատես կլինենք շարունակական մի կարմիր գծի. վայրկյան չի կորցրել եւ ամեն ինչ արել է Արցախը գրավելու, այն հայաթափելու համար: Ուրիշ բան է, որ հայերի անզուգական միասնականության, նպատակադրվածության եւ հերոսության պատճառով պարտվեց արցախյան առաջին պատերազմում, սակայն նա հույսը բնավ չկորցրեց ու այլ ճանապարհ չորդեգրելով՝ խստագույնս նպատակադրվեց ոչնչի առջեւ կանգ չառնել, փորձել ամեն գնով՝ րոպե-րոպե ուժեղացնել եւ ամրացնել իր անվտանգության համակարգերն ու զինված ուժերը եւ հարմար պահին հասցնել այն ուժգին՝ մահացու հարվածը, որը կտապալեր ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանի մի շարք բնակավայրերը, հայ ժողովրդին դնելով խիստ անելանելի իրավիճակի մեջ, որը եւ ի կատար ածեց 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա պատերազմում եւ դրանից հետո:

Փոխանակ ամեն ինչ ներդնելու մեր անվտանգային համակարգերն ու զինված ուժերն ուժեղացնելու համար, մենք վախից անցել ենք կեղծ օրակարգերի՝ «խաղաղության դարաշրջան», հետո՝ «խաղաղության պայմանագիր», այժմ էլ՝ «խաղաղության խաչմերուկ» կեղծ կատեգորիաներին, իբր դրանով կլուծենք մեր խաղաղության հարցը եւ կխուսափենք նոր՝ ավելորդ կորուստներից ու մեր ժողովրդի «կյանքը» վերջապես կնորմալանա: Նվազագույնը՝ ծիծաղելի է … Հայաթափեցինք ու տվեցինք Արցախը, տվեցինք նաեւ Հայաստանի բավականին ստրատեգիական տարածքներ եւ կարծես «ոչ ոքի» ենք արել՝ գտնվում ենք հավասար պայմաններում ու ճիշտ ժամանակն է խաղաղություն կնքելու եւ այլեւս չշարունակելու մահաբեր պատերազմը, քանզի ստեղծված իրավիճակը մեզ համար «ամենանպաստավորն է» եւ հանկարծ չլինի այնպես, որ այս՝ ամենահարմար պահը եւս բաց թողնենք:

Պարզից էլ պարզ է, որ այն, ինչին խոնարհաբար համաձայնվում ենք, Ադրբեջանը չէր «հանդգնի»՝ երբեք նման «երազանք» ունենալ, քանզի դա իր համար միակ «երազային՝ իդեալական» տարբերակն է, որին հասնելու համար ոչինչ չէր խնայի: Կույրին անգամ տեսանելի է, որ սա ընդհանրապես խաղաղության ճանապարհ չէ, ուղղակի իշխանությունները խաղում են ժողովրդի այն լարի վրա, որ վերջապես ազատվեցինք Արցախի պրոբլեմից, որ ժողովուրդը հոգնել է պատերազմներից ու կորուստներից, վերջապես եկել է խաղաղության ժամանակը եւ իշխանություններն ուզում են ու ունակ են այս հարցը «լուծելու»:

Ժամանակը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը մտադրություն իսկ չունի վերադարձնել՝ արդեն իսկ Հայաստանից գրաված տարածքները, ավելին՝ ամեն առիթ օգտագործում է միմիայն դրանք ընդլայնելու համար: Այս պարագայում ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ: Ըստ իս, Ադրբեջանն ուղղակի վստահ է, որ ինչպիսի լրացուցիչ զիջում էլ ուզենա, Հայաստանը սիրով բավարարելու է, այնպես որ, պատահական չէ, որ Ալիեւը բարձրաձայնեց, որ Հայաստանի կողմից ուղարկված պատասխանների 6-րդ տարբերակը լիովին համընկնում է իրենց ցանկությունների հետ, եւ իրենք եւս կարծում են, որ պատրաստ են կնքել այս տարբերակի վրա հիմնված փաստաթուղթը: Փաստորեն, կարելի է չկասկածել, որ փաստաթղթի ստորագրման համաձայնությունը համարյա կայացած է, մնում է այն ստորագրեն:

Իրականում, ժողովուրդը համարյա տեղյակ չէ այդ փաստաթղթի շատ կետերից, սակայն ոչ ոքի այն ետ չի պահում եւ իշխանությունները պատրաստ են ստորագրել այն: Իհարկե, իշխանությունների համար կարեւոր է Ադրբեջանի, այլ ոչ թե մեր ժողովրդի կարծիքը: Փաստաթղթում գոնե 2 կետ կա, որոնք չափազանց կարեւոր են մեր երկրի ու ժողովրդի համար:

Դրանք են. անկլավների եւ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցերը (ավելորդ է խոսել՝ հատկապես սրա բազմաթիվ վտանգների մասին): Բացարձակ անհասկանալի է, թե առանց ժողովրդի կարծիքի, գոնե այս երկու եւ որոշ այլ հարցերի շուրջ, ինչպես կարելի է ստորագրել այդ փաստաթուղթը: Տարածվող տեղեկատվության համաձայն, կա բանավոր համաձայնություն, որ այս երկու հարցերն էլ կլուծվեն հօգուտ Ադրբեջանի եւ այնտեղից ուղարկված ոչ փոքրաթիվ բնակչությունը՝ մեզ հավասար տեր կդառնա ողջ Հայաստանի նկատմամբ … Եվ, եթե Հայաստանի որեւէ հայ քաղաքացի հանկարծ համարձակվի ծուռ նայել մեր ադրբեջանցի հյուր՝ Հայաստանի նորընծա, ազգությամբ ադրբեջանցի՝ Հայաստանի նոր քաղաքացիներին, ապա խստագույնս կպատժվի կամ Հայաստանի իշխանությունների կողմից, կամ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Իսկ եթե Ադրբեջանին չհաջողվի դա անել, ապա դա հենց կդառնա այն առիթն ու պատճառը, որ սկիզբ դրվի Ադրբեջանի մեծ երազանքին՝ նա կսկսի իր լայնածավալ էսկալացիան Հայաստանի նկատմամբ եւ կփորձի ուժով վերցնել Հայաստանը, աշխարհին ներկայացնելով, որ ինքը պարտադրված է այդպես վարվում, քանզի հենց Հայաստանն է առաջինը խախտել երկար սպասված «խաղաղության համաձայնագիրը», որի կայացման համար ջանք ու եռանդ չի խնայել նաեւ աշխարհը: Եթե հայ ժողովրդին թվում է, որ Հայաստանի իշխանությունները «կկարողանան» սրա դեմը որեւէ կերպ առնել, ապա նրանք չարաչար կսխալվեն… Սա արդեն կլինի այն իրավիճակը, որ Ադրբեջանն անգամ «չի նկատի» աշխարհի հերթական թատրոնը եւ մեծ եղբոր՝ Թուրքիայի օգնությամբ՝ Արցախի ժողովրդի տեղահանման ճիշտ նմանությամբ կգրավի ողջ Հայաստանը:

Այս բոլոր իրողությունները փաստացի վկայում են, որ իշխանությունների նման մոտեցման եւ ժողովրդի նման կեցվածքի պարագայում, ամեն ինչ հենց այսպես էլ կընթանա, քանզի ժողովուրդը անտարբեր լռում է, իսկ իշխանություններն արդեն տվել են իրենց համաձայնությունն այս տարբերակին: Ցավում եմ, որ հայ ժողովուրդը չի հասկանում, որ իշխանությունների համաձայնության դեպքում, նման «խաղաղության խաչմերուկը», «խաղաղության համաձայնագիրը» ոչ այլ ինչ են, քան շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի գրավում Ադրբեջանի կողմից, որի դեպքում աշխարհը դարձյալ կլռի …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2023

Լուսանկարը՝ Վիքիմեդիայից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031