Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի նոր արտահերթը՝ մեռնող ՔՊ-ի վերջին հույս»

Դեկտեմբեր 09,2023 13:30

«Բոլոր այն ընդդիմադիր ուժերը, կամ՝ իրենց ընդդիմություն հայտարարած ուժերը, որոնք կրկին այս դավաճանական խայծը կկլլեն ու սրանց հետ կրկին կգնան արտահերթ ընտրությունների, ինձ համար նույնքան դավաճան ու կապիտուլյանտ կլինեն, որքան սրանք, դեռ՝ ավելին»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

– Իշխանական շրջանակներում ակտիվորեն սկսել են խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Ձեր կարծիքով, իշխանության ինչի՞ն են պետք այդ ընտրությունները, ի՞նչ խնդիրներ է այդպիսով լուծելու իշխանությունը։

– Մեր իրականությունն այնքան աղավաղված է եւ այնքան անտրամաբանական, որ ձեր նշած «իշխանական շրջանակների» կողմից նետված կամ քննարկվող որեւէ հարցի շուրջ խոսելը եւ դատողություններ անելը կտանի հերթական անառողջ դաշտ։ Ամբողջ քաղաքական դաշտը, հասարակական տրամադրությունները եւ որոշ շերտերի ընկալումներն այնքան հիվանդոտ են եւ տրամաբանության աղավաղումներով լի, որ մարդիկ զգուշանում են բաց աչքերով նայել իրենց կյանքին։ Համատարած վախի եւ անորոշության մթնոլորտում խոսել «իշխանական շրջանակների» նետած հերթական խայծի մասին, մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Սակայն, պարտավոր ենք դրանց բոլոր մտադրությունները եւ դրանց տակ թաքնված նկրտումները ջրի երես հանել, բացատրել հանրությանը, թե իրականում ի՞նչ է թաքնված իշխանության մղումների ներքո։ Հիմա, ըստ էության՝ եթե իշխանությունը մտադիր է մի նոր, հերթական արտահերթ ընտրություն կազմակերպել, ուրեմն, հասկացել է, որ իր բանը բուրդ է, որ այլեւս հնարավոր չի լինելու մանիպուլյատիվ կեղծ լոլոներով խաբել հասարակությանը, հասկացել է, որ իր վարկանիշը շրիշակի մակարդակից էլ ցածր է։ Ուստի, ինչպես լինում է բոլոր բռնապետական պետությունների պարագային, իշխող խմբակը որոշել է գնալ մի նոր խաբեության, օգտագործելով առայժմ իր ձեռքում պահվող իշխանական լծակները, օգտագործելով ուժային կառույցները, «ասֆալտը», թոշակն «ավելացնելու» մասին կեղծ խոստումները, օգտագործելով մարզերում դեռեւս մնացած ընտրողների այն փոքրաթիվ ձայները, որ դեռ պատրաստ են «ուտել» Նիկոլի մարմնի որոշ մասեր, օգտագործելով Արեւմուտքի կողմից դեռեւս նետվող որոշ հայտարարություններ, գնալ մի նոր արտահերթի։ Սրանով փորձ է արվելու երկարաձգել իրենց իշխանության կենդանության ժամկետը, ավելի խորացնել վախի մթնոլորտը, խորացնել մարդկանց հիասթափությունը եւ հուսահատությունը։ Սրանք հասկացել են, որ հուսահատ հասարակությանը հեշտ է կառավարել։ Մի նոր արտահերթը փորձ է ցույց տալու, թե իշխող խմբակի մահվան մասին լուրերը չափազանցված են։ Դա մեռածի հուսահատ ճիգ է լինելու։

Հավատում եմ, որ սրանք կգնան այդ արտահերթին, որ երբ պահը գա ստորագրելու հերթական կապիտուլյացիոն թուղթը եւ ՀՀ-ի դռներն ամբողջությամբ բացելու թշնամու առաջ, կրկին ունենան ժողովրդի քվեն եւ հայտարարեն, որ իրենք մեղավոր չեն, իրենց դավաճանությանը կողմ է հայ ընտրողը, որ եթե մարդիկ դա չեն հասկանում, ուրեմն «երախտամոռություն» կա։ Ինչպես ազգակործան պատուհասը օրերս անամոթաբար ասաց ԱԺ ամբիոնից՝ Արցախը դատարկելու եւ թշնամուն մատուցելու մասին։

Դուք կարող եք ինձ հարցնել՝ իսկ ընդդիմությունն ի՞նչ է մտածում։ Պատասխանեմ իմ մասով՝ բոլոր այն ընդդիմադիր ուժերը, կամ՝ իրենց ընդդիմություն հայտարարած ուժերը, որոնք կրկին այս դավաճանական խայծը կկլլեն (կուլ կտան) ու սրանց հետ կրկին կգնան արտահերթ ընտրությունների, ինձ համար նույնքան դավաճան ու կապիտուլյանտ կլինեն, որքան սրանք, դեռ՝ ավելին։ Առհասարակ, ՔՊ-ի օրակարգով որեւէ գործողության մասնակցելը համարում եմ մեծագույն սխալ: Այսօր եւ սրանից հետո: Չի կարելի նույն գետը երկու անգամ մտնել, մանավանդ, երբ այդտեղ արդեն մեկ անգամ խեղդված ես։

– ՀՀԿ-ն վերջին շրջանում ակտիվ շարժերի մեջ է` ԳՄ անդամները հաճախ մարզեր են մեկնում, հանդիպումներ-զրույցներ են ունենում մարդկանց հետ. ինչ-որ բանի՞ է պատրաստվում կուսակցությունը։

– Արդար լինենք, եւ, թույլ տվեք հիշեցնեմ, որ Հանրապետական կուսակցությունը մարզեր գնացել է, գնում է եւ գնալու է միշտ, երբեք չենք սահմանափակվել Երեւանով։ Պարզապես վերջին շրջանում դա առավել տեսանելի է, քանի որ հավանաբար դուք էլ ազդակներ եք ստանում մարզերից, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչները մարզերում հանդիպումներ են ծավալում ոչ միայն կուսակցական ընկերների, այլեւ՝ բոլորի հետ, ՀՀ բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք ուզում են լսել, ունեն հարցեր եւ ուզում են փոփոխություն։ Սա պատահական չէ, մարդիկ  անցած տարիներին իրենց մաշկի վրա զգացին, թե ի՞նչ է լինում, երբ երկիրը տեր չունի, երբ երկիրը զավթված է, երբ թշնամին իրենց տանն է, երբ սահմաններն այնքան են մոտեցել իրենց տներին, որ ոչ հող են կարողանում մշակել, ոչ էլ իրենց սեփական այգու բերքը հավաքել։ Բոլոր մարզերում մարդկանց հոգսը մեկ հարց է՝ անվտանգությունը, բանակը, պատերազմի վտանգը։ Մարդիկ նեղսրտած են իրենք իրենցից, 2018-ը իրենք իրենց չեն ներում։ Բայց մենք մեր հայրենակիցներից նեղացած լինելու իրավունք չունենք, մարդիկ մեզ են նայում։

Մենք ի՞նչ ենք ասում մարզերի բնակիչներին, ասում ենք հետեւյալը՝ ՀՀԿ-ն եւ բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են մի կողմ թողնել իրենց անձնական եւ կուսակցական շահերն ու ամբիցիաները եւ կանգնել հանուն մեկ նպատակի՝ իշխանափոխության, ներքին թշնամիներից, զավթիչներից մեր հայրենիքի ազատագրման։ Քանի դեռ բոլորն այս համոզմունքին չեն, քանի դեռ իրենց կոտորում են իշխանության գալու համար, ոչինչ չեն հաջողելու։ Առաջին հերթին՝ կանգնել եւ ազատագրել երկիրը, ներսից եւ դրա շնորհիվ, ազատագրել նաեւ պետության սահմանները։

– Մարզային այցերի, այսպես ասենք, գույքագրումների արդյունքում ի՞նչ հետեւություններ ունեք։

– Հետեւությունները շատ են՝ ակնհայտ է, որ ՔՊ-ն չունի երբեմնի «հմայքը», չունի վարկանիշ եւ քպական մանր ու մեծ չինովնիկները չունեն հարգանք եւ անընդունելի են, նրանք մերժված են նաեւ մարզերում։ Բայց, թույլ տվեք մեկ կարեւոր բանի մասին անպայման խոսեմ. իմ երկարամյա լրագրողական եւ կարճ քաղաքական գործունեության ընթացքում երբեք, շեշտում եմ, երբեք մեր ժողովրդի մեջ չի եղել վախի այսպիսի ահռելի չափաբաժին։ Վախի մթնոլորտը ահռելի է, մարդիկ վախենում են թերուս պարեկներից, հաստափոր ոստիկաններից, ժեկի աշխատողներից, սոցապծառայությունների աշխատակիցների անգրագիտություններից։ Մարդիկ վախենում են։ Հետեւությունը մեկն է՝ մարդկանց ասել, որ իրենք մենակ չեն, որ մենք իրենց կողքին ենք եւ հաստատակամ՝ սրանց հեռացնելու եւ արդար իշխանություն ձեւավորելու նպատակի շուրջ։

– Այս ողբերգական տարին ավարտվում է. ի՞նչ ամփոփումներ եւ կանխատեսումներ կանեք։

– Ամփոփումը մեկն է՝ այս տարի եւս ընդդիմությունը չկարողացավ իրականացնել իր առջեւ դրված թիվ մեկ նպատակը՝ հեռացնել ՔՊ-ին իշխանությունից եւ երկրում ստեղծել նոր, արդար եւ հայակենտրոն իշխանություն։ Իշխանությունը դեռ հոխորտում է եւ շարունակում իր ավերիչ եւ ազգակործան ընթացքը, սա մեր ամոթն է։ Դեռ ունենք զոհեր սահմաններին, դեռ ունենք հայ գերիներ Բաքվի բանտերում, դեռ ունենք քաղբանտարկյալներ ՀՀ բանտերում, ունենք ամեն բացասականն ու ամոթալին, ու չունենք՝ Արցախ։ Լինելով անուղղելի լավատես անգամ այս, այո, ողբերգական իրավիճակում, ուզում եմ հավատալ, որ չարի վերջը մոտ է, որ սատանայի եւ Աստծո պայքարում Աստված կհաղթի:

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ես մի հարց եմ ուզում տալ Մարգարիտ Եսայանին.
    – եթե 2018թ մայիսին Ազգային Ժողովում ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը չքվեարկեր նիկոլի օգտին, ապա բարձրագույն կրթություն չունեցող այդ ճղճղացող լրագրողը երբեք չէր դառնա երկրի վարչապետ ու չարիք չէր բերի Հայաստանի ու Արցախի գլխին:
    Այստեղից երկու հետևություն՝
    1. կամ ՀՀԿ-ն պատգամավորներ է առաջադրել անսկզբունք և պատեհապաշտ մարդկանց, որոնք զուրկ են եղել կուսակցական գաղափարախոսությունից և հեշտորեն դավաճանել են իրենց կուսակցությանը՝ քվեարկելով իրենց քննադատողի ու պախարակողի օգտին,
    2. կամ էլ ՀՀԿ-ի առաջնորդ սերժը խիստ ցուցում է տվել իր կուսակից պատգամավորների մի մասին՝ իր իշխանությունը հեշտ ձևով հաջորդ ԿԳԲ-ականին փոխանցելու համար (իսկ շեֆի ասածը ՀՀԿ-ականների համար օրենք է եղել):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031