«Ազատություն» ռ/կ. Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ 15 միլիոն եվրոյի հրատապ օգնություն տրամադրելուն, հաղորդում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
Հաղորդագրության համաձայն, այս հատկացումը կաջակցի հասարակական կազմակերպությունների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործողություններին՝ ուղղված առավել խոցելի խմբերի սոցիալական, բժշկական, կրթական կարիքների բավարարմանը, ինչպես նաև ֆինանսական օժանդակությանը:
«Այս նոր օգնությունը 2023 թվականի համար մեր ներդրումը հասցնում է 27,5 միլիոն եվրոյի», – ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Ֆրանսիան հրատապ օգնություն է ցուցաբերել Հայաստանի իշխանություններին, և ծանր այրվածքներով մի քանի տուժածներ օգնություն են ստացել ֆրանսիական հիվանդանոցներում:
Կարդացեք նաև
«Այս աջակցությունը զուգորդվում է նաև քաղաքացիական հասարակության և Ֆրանսիայի տեղական իշխանությունների ջանքերով՝ ի նպաստ հայաստանյան բնակչության», – նշված է հաղորդագրությունում: