Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը «աննախադեպ է 1991-ից ի վեր». «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 08,2023 22:45

 «Ամերիկայի ձայն».  Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ՝ ըստ դիտորդների հատկապես աննախադեպ սրության հասնելով այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի՝ ողբերգական իրադարձություններից հետո:

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ և, ըստ էության, 1991 թվականից ի վեր աննախադեպ սրության է հասել՝ այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից և այնտեղից՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայերի զանգվածային տեղահանությունից հետո։

Այս մասին «Ամերիկայի ձայնի» հեռ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Վաստակաշատ գիտնականը մանրամասնեց՝ սեպտեմբերի 24-ից ի վեր թիմով աշխատել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, և իրենց ուսումնասիրության նախնական արդյունքներից է, որ անգամ արցախահայության շրջանում, որն ավանդաբար աչքի էր ընկնում Մոսկվայի նկատմամբ դրական մոտեցմամբ, այլևս խիստ բացասական դիրքորոշում կա Ռուսաստանի առնչությամբ։

«Ես ուղղակի շատ զարմացած եմ, որ այսքան արագ և կտրուկ հիմա վերանայում կա մոտեցումների։ Ընդ որում, հիմա ավելի բաց տեքստով է խոսվում այն մասին, որ ընկալում և հասկանում են, իհարկե, որ ամեն երկիր իր շահերն է առաջ տանում, բայց դաշնակցային պարտավորությունը դա ոչ միայն բարոյական, այլև գործողությունների պարտավորություն է, և հայերը հատկապես քսան թվի պատերազմից սկսած անընդհատ տեսել են [Ռուսաստանի կողմից] դաշնակցային պարտավորությունների ոչ միայն խախտում, չկատարում, այլ դրա դեմ գործողություններ։ Եվ սա պատմում ու խոսում են բոլորը»,- ասում է Խառատյանը։

Ամերիկյան հեղինակավոր՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը 2018 թվականից վերսկսեց Հայաստանում սոցիոլոգիական հարցումները, և եթե 2018 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նկատմամբ դրական էր տրամադրված հայաստանցիների 87%-ը, և այդ ցուցանիշով, հասկանալի է, Մոսկվան առաջատարների շարքում էր, ապա 2023 թվականի հունվար-մարտին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, այդ թիվը կազմել է 50%, և Ռուսաստանի, այսպես ասենք, դրական ցուցանիշի անկումը ամենից մեծն է այլ երկրների համանման թվերի հետ համամեմատած։ Ընդ որում, ընդգծենք, Հայաստանում այդ 50% դրական վերաբերմունքը Մոսկվան ուներ նախքան Լեռնային Ղարաբաղում այս սեպտեմբերին տեղի ունեցածը։

Պակաս ուշագրավ չէր, որ նույն ժամանակահատվածում՝ զուգահեռաբար, հայաստանցիների շրջանում ավելի քան կրկնապատկվել է Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունքը։ Եթե 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում արևմտյան հարևանի նկատմամբ դրական էր տրամադրված բնակիչների 11%-ը, ապա այս տարի՝ 23%-ը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031