«Մարդու իրավունքների խախտումների օրինաչափություններ եւ փնջեր կան, որ արձանագրվել են 2023 թվականին։ Եվ դրանք դարձել են համակարգային»,-Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը։
«Հիմնականում ես կնշեմ ոստիկանության բռնությունները բոլոր ոլորտներում՝ թե հանցավորության դեմ պայքարում, թե հավաքների հսկման, որոշ դեպքերում՝ կանխարգելման գործունեության շրջանակներում։ Մենք ականատես ենք եղել ոստիկանության անհամաչափությանը, որոշ դեպքերում նույնիսկ հանցավոր գործունեությանը։ Սակայն որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվում։ Այդ քննությունները տարվում են անարդյունավետ, միանշանակ անկախ չեն, որովհետեւ ոստիկանության գործողությունները ըստ էության ուղղորդված են։ Օրինակ, հավաքների ազատության սահմանափակումների շրջանակներում, դրանց ցրման գործառույթներում մենք խնդիրներ տեսել ենք։ Հնարավոր է, որ որոշ դեպքերում դրանք եղել են իրավաչափ, բայց այն տեսանյութերը, որոնք ակնհայտ են եղել՝ ուղիղ եթերում մարդկանց բռնության ենթարկել, բռնել ծեծել, անգամ անչափահասի դրվագներ կային։ Դրանց առաջնությամբ քաղաքացիական հասարակության գնահատականը եւ նաեւ իմը այն է, որ անհամաչափ են եղել եւ ապօրինի։ Գուցե՝ հարուցվում են քրեական գործեր, բայց տեսնում ենք, որ որպես մեղադրյալ ներգրավվում են քաղաքացիներ, որոնք, հնարավոր է, կատարում են որոշակի անօրինական գործողություններ, բայց ոստիկանությունը որեւէ դեպքում չի ներգրավվում որպես մեղադրյալ։
Այս տարի աննախադեպ էր։ Մենք նույնիսկ հայտարարություն ենք արել քաղաքացիական հասարակության գործընկերներով, Խոսքը փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք այնպիսի դեպք չէինք արձանագրել, որ փաստաբանը ոստիկանության բաժանմունքում բռնության ենթարկվի եւ մի բան էլ ինքը ներգրավվի որպես մեղադրյալ՝ պետության ներկայացուցչի նկատմամբ ինչ-որ գործողությունների համար, երբ նա այնտեղ պաշտպանում է իր պաշտպանյալի իրավունքը եւ, կարծես թե, գործում է օրինական հիմունքներով։
Դեպքը տեղի է ունեցել 2022-ին, բայց վերջերս մենք ստացանք որոշումը, քանի որ վարույթը հարուցվել էր մեր կազմակերպության հաղորդման հիման վրա։ Դա Եռաբլուրի դեպքի վերաբերյալ վարույթն էր։ Երեկ մենք արդեն ստացել ենք կարճելու որոշումը։ Այսինքն, ոչ մի ոստիկան չպատժվեց ոչ միայն զոհվածների մայրերին, ծնողներին քաշքշելու համար։ Այնտեղ իմ գնահատականով կար ակնհայտ նվաստացուցիչ գործողություն ծնողների նկատմամբ որոշ դրվագներում ոստիկանների գործողությունները ոչ միայն ապօրինի էին, այլեւ անբարոյական։
Կարդացեք նաև
Այս տարի հանցավորության դեմ եւ հատկապես թմրամիջոցների դեպ պայքարում գիտենք ինչպիսի գործողություններ իրականացվեցին։ Մարդու իրավունքների տեսանկյունից շատ խնդրահարույց են, հատկապես այն լուրերը, որ վարույթն իրականացնող ոստիկանության բաժանմունքներում մարդկանց անմարդկային վերաբերմունք են ցույց տվել, ստիպել են մերկանալ, ինչը եւս որեւէ գնահատականի չարժանացավ։ Սա տոտալ, համակարգային ոստիկանության անպատժելիության հետեւանք է եւ պնդիր է հենց նրանով, որ իշխանությունը չի պատժում։ Ընդ որում, այս քաղաքականությունը գալիս է դեռեւս նախորդ իշխանություններից»,-ասաց Արաքս Մելքոնյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ