Դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ Մեդիա կենտրոնում կազմակերպված «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում» թեմայով քննարկմանը ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը նախ ասաց, որ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքը հստակ արգելք է նախատեսում դատական վարույթին միջամտելու վերաբերյալ կամ եթե կա որեւէ գործով վերջնական ակտ, պաշտպանը այդ ոլորտում որեւէ լիազորություն չունի. «Այնուամենայնիվ, հաշվի առնելով կալանքի որպես խափանման միջոց ծայրահեղ, ամենախիստ միջոցի կիրառման պրակտիկան, որն անմիջական առնչություն ունի մարդու իրավունքների հետ եւ ամենամեծ սահմանափակումն է նախատեսում, պաշտպանն ամեն տարի հանդես է գալիս տարեկան հաշվետվությամբ։ Այդ թվում վիճակագրություն է վարվում»։
Էդգար Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ պաշտպանն ամեն տարի կատարում է իր առաջարկները թե օրենսդրական նոր մեխանիզմների ներդրման, այդ թվում, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման, թե պրակտիկայի կատարելագործման հարցում Եվրոպական դատարանի որոշումների չափանիշներին համահունչ։
«Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ինչպես նշեցի, կոնկրետ դատական ակտերով գնահատական տալ չենք կարող։ Սակայն պաշտպանը իր հրապարակային խոսքում շեշտել է, որ քաղաքական հետապնդում պետք է որակել այն դեպքերը, որ իրավական հիմքը բացակայում է։ Այսինքն, բացառապես պայմանավորված է քաղաքական գործունեություն իրականացնելով։ Այս պարագայում պաշտպանը եւս ընդգծել է իր հրապարակային խոսքում եւ ես ցանկանում եմ մեջբերել, որ ցանկացած այն դեպքերում, երբ կլինեն անաչառ, օբյեկտիվ, ստույգ ու հավաստի տեղեկություններ, որոնք կվկայեն այդ մասին, պաշտպանը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ կամ կկայացնի իրավունքների խախտման մասին որոշում»,-ասաց Էդգար Մարտիրոսյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ