Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:
Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ դեկտեմբերի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախաձեռնությամբ սահմանվում են առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջները, ամրագրվում է առեւտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ:
Նախատեսվում են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշներն ու պայմանները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց:
Հստակեցվում են առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները, սահմանվում են առեւտրային ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետներ:
Կարդացեք նաև
Նախատեսվում է ապրանքների ցուցադրման պայմաններն առեւտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմաններն ու կարգը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, այն ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ դեկտեմբերի 8-ի հերթական նիստերի ընթացքում:
ՀՀ Ազգային ժողով