Երևանում սեպտեմբերյան հավաքներին առնչվող վարույթներով քրեական հետապնդման մեջ գտնվող 11 քաղաքացու գործերով այսօր դատական նիստ է տեղի ունեցել:
Այս վարույթով պաշտպան Արսեն Բաբայանը Aravot.am-ին ասաց, որ դատարանի որոշմամբ, զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրվող 5 անձանց նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգվեց եւս երեք ամսով:
Մնացած 6 անձինք, որոնք խուլիգանության մեջ էին մեղադրվում , նրանց նկատմամբ կիրառվեցին այլընտրանքային խափանման միջոցներ եւ ազատ արձակվեցին կալանավայրից:
«Բնականաբար, 5 անձանց նկատմամբ կիրառված կալանքի բոլոր հիմքերը բացակայում են: Երեք հիմքից գոնե մեկը պետք է լինի կալանքի տակ պահելու համար՝ խոչընդոտումն է քննությանը, փախչելու հնարավորությունը եւ նոր հանցանք կատարելը: Խոչընդոտելն է առանցքում դրված եղել բոլորի համար ու միշտ ասում էին կալանքների քննության ժամանակ, որ կան դեռեւս չպարզված վկաներ, որոնց վրա կարող են ազդել: Եթե գործը հասել է դատարան, նշանակում է այլեւս չի կարող լինել չբացահայտված վկա: Եթե լինի էլ, չի կարող այդ վկան ներկայացվել դատարան:
Կարդացեք նաև
Փախուստի վերաբերյալ չկա որեւէ տվյալ, կա հակառակը, որ այս անձինք չեն փախել, միշտ ներկայացել են, նոր հանցանքի մասին ընդհանրապես խոսք չկա, որովհետեւ եթե այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ կալանքի հիմքում դնում էին նոր հանցանք կատարելու հնարավորությունը, թե կարող են նոր հանրահավաքներ լինել, որին նորից կմասնակցեն, նույն բանը կանեն, այս դեպքում տեւական ժամանակ նոր հանրահավաքներ չկան: Առավել եւս այս մարդիկ գնացել էին փողոցում պահանջում էին Արցախը չհանձնել, հիմա արդեն Արցախը հանձնել են, այսինքն՝ վերացել են դատարանի մտահոգությունները, որ կարող էին առաջանալ նոր հանցանքի հետ կապված»:
Փաստաբանի խոսքով, դատարանը բանավոր հիմնավորում չի տվել վարույթով անցնող 5 անձանց նկատմամբ կիրառվող կալանքի երկարացման մասով, հիմնավորումները կներկայացնի գրավոր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ