Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և նշված թատրոնի։
Հիշեցնենք, որ 2023թ. հունիսին Երևանի քաղաքապետարանը կրճատել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը՝ փոխարենը սահմանելով «գեղարվեստական խորհրդատուի» հաստիք։ Քաղաքապետի որոշումը հիմք ընդունելով՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատարը Մհեր Մկրտչյանին ազատել է աշխատանքից։
«Դատարանը հնարավորություն տվեց թատրոնի ներկայացուցչին դիրքորոշում ներկայացնել, նախորդ նիստում ելույթ էր ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչը: Թատրոնի ներկայացուցիչը, ըստ էության, փորձեց հիմնավորել, որ Մհեր Մկրտչյանի զբաղեցրած հաստիքը կրճատվել է երկու հանգամանքով պայմանավորված, որ թատրոնում տեղի են ունեցել աշխատանքի կազմակերպման պայմանների ու արտադրական ծավալի փոփոխություններ: Մեր ճշտող հարցերին, թե այդ աշխատանքի կազմակերպման ինչ պայմաններ են փոխվել կամ երբ, խիստ անտրամաբանական պատճառներ վկայակոչվեցին: Մի դեպքում նշվեց, որ թատրոնը տեխնիկապես հագեցվելու է, կապիտալ վերանորոգվում է, բայց թե ինչ կապ ունի աշխատանքի կազմակերպման հետ, մենք այդ կապը չկարողացանք տեսնել»,- մեզ հետ զրույցում ասաց Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Փիլոսյանը:
Նրա խոսքով, թատրոնի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ արդեն իսկ թատրոնի աշխատանքի պայմանները փոփոխվել են, դրա համար է հաստիքը կրճատվել, հետո նշել է, որ ակնկալվում են հաստիքի կրճատման արդյունքում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություն: Հետո նշեց, որ նպատակն այն է եղել որ գեղարվեստական ղեկավարի զբաղեցրած պաշտոնում վերապահված լիազորությունները բաշխվեն ու կենտրոնացած չլինեն մեկ հաստիքում ու արդյունքում բաշխվել է մի քանի հաստիքի՝ ներառյալ գեղարվեստական նոր ստեղծված հաստիքի՝ գեղարվեստական խորհրդականի հաստիքով. «Փաստարկվեց, որ հաստիքը կրճատվել է, որովհետեւ արտադրական ծավալների փոփոխություն է եղել, ինչը մեր գնահատմամբ՝ որեւէ կերպ չհիմնավորվեց, հաշվի առնելով, որ թատրոնը 2022 թվականից չի գործում, վերանորոգման փուլում է, հետեւաբար չգործող թատրոնում գնահատել ծավալների փոփոխություն համարում ենք ծայրահեղ անտրամաբանական»:
Կարդացեք նաև
Թատրոնի ներկայացուցիչը նաեւ պնդել է, որ հաստիքների կրճատումը տեղի է ունեցել, որովհետեւ քաղաքապետարանը դժգոհ է եղել թատրոնի արդյունավետությունից, բայց, ըստ Մկրտչյանի ներկայացուցչի, հասկանալի չէ՝ ով է գնահատել, երբ է գնահատել, ով է եկել, տեսել չգործող թատրոնում արդյունավետության բացակայություն. «Թատրոնի ներկայացուցչի այսօրվա փաստարկները ուղիղ հակասության մեջ էին քաղաքապետարանի ներկայացուցչի՝ նախորդ նիստում բերված փաստարկների հետ, որովհետեւ քաղաքապետարանը նշում է, որ արտադրության ծավալների ու աշխատանքի կազմակերպման տեսանկյունից տեղի չի ունեցել, պարզապես քաղաքապետարանն ավելի արդյունավետ է համարել այսպիսի մոդելի ներդրումը: Քաղաքապետի ներկայացուցիչն այս նիստում էլ նշեց, որ պնդում են իրենց նախորդ դիրքորոշումը՝ միաժամանակ ասելով, որ միանում են նաեւ թատրոնի բերած փաստարկներին, որոնք ուղիղ հակասության մեջ էին »:
Փաստաբանի խոսքով, այսօրվա նիստը ամենավառ ձեւով հաստատեց, որ հաստիքի կրճատման հիմքեր չեն եղել:
«Թատրոնի ներկայացուցչի մյուս փաստարկը վերաբերում էր Մհեր Մկրտչյանի որակավորմանը, պնդում էր, որ ներկայումս նրա որակավորումը չի բավարարում, որ զբաղեցնի նոր՝ գեղարվեստական խորհրդականի հաստիքը: Չնայած, որ նոր հաստիքով ոչ թե նոր լիազորություններ են վերապահվել, այլ գեղարվեստական ղեկավարի լայն գործառույթներն են վերաբաշխվել մի քանի հաստիքների, թատրոնի ներկայացուցիչը ընդունեց, որ որակավորումը համապատասխանել է գեղարվեստական ղեկավարին, բայց նեղ գործառույթներ իրականացնելու համար այդ որակավորումը բավարար չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դե Մհերին կործանեց իր մեծամտությունը, բայց դե Սոսն էլ կոմպետենտ չէ այդ պաշտոնի համար, թող գնա իր սերիալներում նկարահանվի: