Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավոր. «Իմ տվյալներով ՔՊ հերթական նիստում հրահանգ է տրվել` որտեղ իրենք իշխանություն չեն, ամեն գնով վերցնել իշխանությունը»

Դեկտեմբեր 08,2023 19:22

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթած ոչ իշխանական ուժերի նկատմամբ հարձակումներին, ասաց. «Օրեր առաջ ՔՊ հերթական նիստի ժամանակ կանչվեցին բոլոր այն ավագանու անդամները, որոնք այս պահին այս կամ այն համայնքում իշխանության չեն: Իմ տվյալներով բոլոր այդ մարդկանց հստակ  հրահանգներ են տրվել՝ այդ համայնքներում վերցնել իշխանությունը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մեծամասնությունը իրենց համայնքապետերն են կամ իրենց հլու-հնազանդ համայնքապետերը: Իսկ հրահանգը եղել է հետեւյալը. բոլոր տեղերում ամեն գնով կազմակերպել իշխանափոխություն եւ այդ պաշտոններում նշանակել յուրայիններին: Ոչ մի պարագայում կանգ չառնել մեթոդների առջեւ եւ ձեռքի տակ ընկած գործիքակազմերը օգտագործել ամբողջ ՏԻՄ համակարգը՝ ենթարկեցնելուն, հնազանդեցնելուն:

Դրա առաջին ծիծեռնակը օրերս Ալավերդու, այսպես կոչված, ընտրություններն էին: Տեսանք՝ ամեն ինչ օգտագործեցին, որպեսզի ավագանու անդամին բերեն իրենց կողմը. տարբեր խոստումներ, ճնշումներ, ինչը ամիսներ շարունակվող պրոցես է: Վերջնարդյունքում կարմիր բերետավորների զորքի միջոցով  կարողացան հասնել իրենց ուզածին: Դա նախադեպը չունեցող դեպք էր, երբ պետական ամբողջ մեխանիզմը լծվել էր իրենց սրտի թեկնածուին համայնքի ղեկավար ընտրելու գործին: Ու ստացանք եւս մի համայնք, որն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է անցնում:

Եվ սա կոչվում է ժողովրդավարության բաստիոն, երբ այդ պետությունում անգամ ամենափոքր համայնքում համայնքապետը իրավունք չունի լինել ոչ ՔՊ-ական: Ես երեկ ԱԺ-ում իմ ելույթում բարձրաձայնեցի, որ բոլոր այն կառույցները, որ կոչված են մարդկանց շահերն անկողմնակալ պաշտպանել եւ օբյեկտիվ գնահատական տալ, օկուպացված են այս իշխանությունների կողմից: Ու իրենք հստակ ասում են, որ ոչ մի քայլ նահանջ չեն անելու: Ենթադրություններս հետեւյալն է. գուցե այս ամենը կատարվում է նրա համար, որ առաջիկայում ընտրություններ կազմակերպեն ու էլի այս իշխանությունը փորձի վերարտադրվել: Հանրությանն ուզում եմ նաեւ ասել, որ սրանք ընտրակեղծիքներ անում են նաեւ ընտրություններից առաջ: Բոլոր այն անձանց, որոնք կարող են ձայներ բերել ընդդիմությանը, տարբեր ճնշումներով ստիպում են, որպեսզի իրենց թեկնածությունը չդնեն: Հետո, ընտրական գործընթացի ժամանակ գալիս է իրենց չակերտավոր սոցիալական ծրագրերի ժամանակահատվածը եւ սկսում են տարբեր օգնություններ բաժանել այդ սոցիալական ծրագրերի անվան տակ, պաշտոնների խոստումներ տալ, շինթույլտվությունների հնարավորություններ: Ու նաեւ վարչական ռեսուրսի լիուլի օգտագործմամբ ընտրվում կամ չեն ընտրվում ու անցնում են ծրագրի հաջորդ փուլին՝ բռնաճնշումներ, քրեական գործեր, որպեսզի, կրկնում եմ, Հայաստանում չլինի որեւէ  գյուղ, որ չլինի իրենց հլու-հնազանդ կամակատարը»,- ասաց Գառնիկ Դանիելյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031