Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշքի սպասելիս

Դեկտեմբեր 08,2023 18:45

Ավելի քան 3 տարի է անցել նվաստացուցիչ պարտությունից հետո։ Այս 3 տարիների ընթացքում, մենք, նկատի ունեմ՝ ողջ հայ ժողովուրդն, անկարող եղանք փոխել ողբերգական իրադարձությունների շարունակական  ընթացքը։ Հիշեցում․ 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, բանավոր պայմանավորվածությամբ, թշնամուն հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, թշնամին գրոհեց և գրավեց Իշխանասարի, Սև լճի տարածքները, ներխուժեց Ջերմուկ, Հայաստանի այլ տարածքներ։Եվ վերջապես, այս տարի` 2023թ․ հայ ժողովուրդը ենթարկվեց հերթական ցեղասպանության, ներեցեք՝ վերջնականապես կորցնելով հազարամյակների հայրենիք ՝ Արցախը։Այս ամենն ուղեկցվեցին հազարավոր զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, տասնյակ գերիներով։Եվ ահա, այս ամենից հետո, այդ բոլոր աղետների հեղինակն ու պատասխանատու անձը դեռ իշխանության ղեկին է։

Ներեցեք, ոչ միայն իշխանության է, այլև «խաղաղության» անվան տակ, շարունակում է  հայրենիքի վաճառքը։ Սա ողջ համաշխարհային պատմության մեջ եզակի դեպք է։ Պատմությանը հայտնի չէ, որ պարտության միակ պատասխանատու անձը շարունակի իշխել և իր ժողովրդի գլխին շարունակի բերել նորանոր փորձանքներ։ Մի՞թե նման պահվածքը բնորոշ է միայն հայ ժողովրդին։

Ցավոք, իմ համոզմամբ՝ այո։ Փորձենք գնահատական տալ մեր ժողովրդի տարբեր խավերի պահվածքին։ Առաջինը, պարտության միակ պատասխանատու, վարչապետ կոչեցյալի կուսակիցների մասին։ Այդ բոլոր պատգամավոր-նախարար-մարզպետների համար, փաստորեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքների կորուստները, հազարավոր զոհերը, ոչ մի նշանակություն չունեն։ Նրանք լիովին իրենց բավարարված են զգում բարձր աշխատավարձով, իշխանական արտոնություններով, վայելքներով և շարունակում են հավատարիմ կերպով ծառայել պարտության համահեղինակին (Ադրբեջանի նախագահի հետ միասին)։

Բացի վարչապետ կոչեցյալին նվիրյալ պաշտոնյաները, նրան ատամներով պաշտպանում են նաև, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որպես արդարացում բերելով արդեն իրեն սպառած․ «Բա նախկիննե՞րը» կեղծ թեզը։ Իրականում, նրանք բոլորն ուղղորդվում  և վճարվում են նույն կենտրոնից, ինչ վարչապետ կոչեցյալը։

Հաջորդը, հայ մտավորական խավն է՝ գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։ Նրանց գերակշիռ մասը կամ նույնպես կողմ է և պաշտպանում է երկիրը կործանման  մատնած անձնավորությանը, կամ լավագույն դեպքում՝ խոնարհաբար լռում է։ Հատուկենտ գիտնականներ են միայն, որ իրենց խոսքով ընդվզում են իրականության դեմ։

Իրավապահ կոչվող մարմինների մասին խոսելն ավելորդ է։ Նրանք բացարձակապես զուրկ են, ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային  պատվի և արժանապատվության զգացումից և հանուն փողի, հավատարմորեն ծառայում են երկիրը կործանող անձին։ Ցավոք, նույնը վերաբերում է զինվորականությանը, իրենց բարձրաստիճան սպայակազմով հանդերձ։

Տարբեր ձևաչափերով հանդես եկող ընդդիմությունը չի միավորվում ընդհանուր գաղափարի շուրջ՝ համատեղ ուժերով հեռացնելու ազգադավ իշխանությանը։ Տպավորություն է ստեղծվում , որ ցանկացած ընդդիմադիր միավորման համար կարևոր հարց է, ոչ թե ազատվել ազգադավ իշխանությունից, այլ թե ով է լինելու հաջորդ իշխանությունը։ Եվ եթե ինքը, կամ իր կուսակցությունը չի գալու իշխանության, ապա թող սրանք մնան։ Նրանցից շատերը կազմակերպում կամ հրավիրվում  են տարբեր քննարկումների, լսումների, կանխատեսում գալիք աղետները և ․․․ իրենց պարտքը կատարած համարելով, սպասում իրենց կանխատեսումների իրականացմանը և հաջորդ քննարկման հրավերին։ Եթե այսպիսին են ժողովրդին ներկայացնող հիմնական խավերը, ի՞նչ պահանջես մնացած գյուղացիական-բանվորական խավերից։

Կարծում եմ, որ այս ամենը նման է հաղորդակից անոթներին։ Նկատի ունեմ, որ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ նրան ներկայացնող տարբեր խավերը և հակառակը։Եթե այս ամենն ընդհանրացնենք, ապա հայ ժողովրդին հիմնական բնորոշող գծերն են՝ հարմարվողականությունն ու  նյութապաշտությունը, նաև օտարամոլությունը, որը նյութապաշտության դրսևորումներից մեկն է։ Օտարամոլության տիպիկ դրսևորումներից են, ինչպես ԽՍՀՄ տարիների Հայաստանի շրջանների, քաղաքների, փողոցների, տարբեր մշակութային շենքերի անվանումներն,անձնանունները, այնպես էլ  այսօրվա խանութների, սրճարանների անվանումները, նաև անձնանունները։ Այս օտարամոլությունն ունի նույնպես մեկ նպատակ՝ շահույթ մայրենի լեզվի հաշվին։

Օտարամոլության օրինակ է նաև, երբ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հույսեր են կապում արևմուտքի, ոմանք Ռուսաստանի, ոմանք՝ Իրանի հետ։ Այսինքն, այլ պետություններ, ելնելով իրենց շահերից, կփրկեն Հայաստանն ու հայ ժողովրդին։Մարդ ամաչում է, երբ հերոսական, խրոխտ հայացքով, ԱՄՆ դրոշը թափահարելով, անգլերեն լեզվով փրկություն են աղերսում ԱՄՆ-ից։ Քանի դեռ, ընդդիմությանը չի հաջողվել հեռացնել ազգադավ իշխանությանը, չսպասեք, որ մենք կարող ենք դաշնակիցներ ունենալ։

Նույն ԽՍՀՄ-ում ծաղկում էր կոռուպցիան։ Բայց ոչ մի հանրապետությունում կոռուպցիա չէր իրականացվում, մարդկային կյանքերի հաշվին։ 35 տարի առաջ ավերիչ երկրաշարժի 25 000-ից ավելի զոհերի պատճառը ոչ թե 10 բալանոց երկրաշարժն էր, այլ անորակ շինարարությունը։ Այս դեպքում էլ հայրենակիցների կյանքի հաշվին հարստացել էին ինչպես շինարարներն, այնպես էլ այդ թալանից բաժին ունեցող երկրի ղեկավարները։ Տիպիկ վաճառականի մտածողություն։ Պատահական չի, որ հայերը հայտնի են եղել որպես տաղանդավոր վաճառականներ։ Հայտնի խոսք կա․ «բիզնեսն ազգություն չի ճանաչում»։

Վաճառականի համար կարևորը շահույթն է, որի համար նա պատրաստ է ուրանալ ամեն ինչ, հայրենիք, հայրենակիցներ, մայրենի լեզու, ազգություն։Այնպես որ,  հայ ժողովրդի տարբեր խավերի մեծամասնությունը՝ քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականի, իրավապահի, զինվորականի դիմակի տակ, իրականում, նույն անհայրենիք, միայն շահույթի մասին մտածող վաճառականն է։ Այս տեսակետից, համեմատաբար «ազնիվ» գործիչներ են Խաչատուր Սուքիասյանն  ու Գուրգեն Արսենյանը։ Աշխարհում գոյություն չունի մեկ այլ ազգ, ժողովուրդ, որ իր երկրի մի հատվածը համաձայն լինի հանձնել թշնամուն, հանուն «խաղաղության և  լավ ապրելու»։

Օրինակ, ինչպե՞ս Խորհրդային Հայաստանի տարածքում տարիների ընթացքում, առաջացան, այսպես կոչված ադրբեջանական անկլավները։ Բացի, այն, որ հայ բոլշևիկները, հանուն բարեկամության զիջեցին Արցախը, հետագայում, նույնպես Խորհրդային Հայաստանի ղեկավարները թիզ առ թիզ հայրենի տարածքները զիջել են «եղբայրական» Ադրբեջանին, չեմ կարծում, որ առանց սեփական  շահի։ Արդյունքում, ավելի քան, 31 000 քառ․ կմ  Խորհրդային Հայաստանը դարձավ 28 000․800 քառ․ կմ։ Տարբեր ազգեր կարող են տարիներ, նույնիսկ  դարեր մաքառելով ապրել շրջափակման մեջ, բայց չզիջել մի թիզ հայրենի հողից, ինչպես Գազայի հատվածում ապրող պաղեստինցի արաբները։ Իսկ մե՞նք․․․ Հանուն ազատագրված Արցախի, մենք պատրաստ չէինք դիմագրավելու Հայաստանի կիսաշրջափակմանը և տարբեր տիպի քննարկումներ էինք կազմակերպում, որոշելու համար, թե հայրենիքի քանի տոկոսը հանձնենք առևտրական և գազանավթային խողովակաշարերի խաչմերուկ դառնալու համար։ Չաշխատել, չստեղծել, այլ միայն առևտուր, թեկուզ հայրենիքի հաշվին։ Այդպիսի ապագա կա՛, իշխանության կողմից մեր թշնամիներին առաջարկվող «խաչմերուկով»։

Աշխարհի բոլոր պետություն ունեցող ժողովուրդներն ունեն ազգային նպատակ, գաղափարախոսություն և ոտքի տակ կգցեն իրենց այն հայրենակիցներին, որոնք պատրաստ կլինեն հանձնել հայրենի տարածքները։ Նմաններին ողջ աշխարհում համարում են դավաճաններ։ Իհարկե, դավաճաններ եղել են, կան և կլինեն բոլոր ազգերի մեջ։ Բայց նրանք ցանկացած ազգի մեջ կազմում են չնչին փոքրամասնություն և բնորոշ չեն ազգի  բոլոր խավերին։

Շատերը համեմատություններ են անում  մեր և ուկրաինացիների միջև։ Իհարկե, իրականացվող տխմար քաղաքականությամբ  բավականին նման ենք միմյանց։ Բայց ուկրաինացիները հանուն լավ ապրելու պատրաստ չեն հանձնելու, նույնիսկ պատմականորեն, մինչև 1956թ․ իրենց հետ որևէ կապ չունեցող Ղրիմը։

Այս օրերին ընթանում է հերթական պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Ոչ հրեաների, ոչ պաղեստինցի արաբների մտքով իսկ չի անցնում հանձնել այս հողակտորը, հանուն խաղաղության։ Իսրայելի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների որդիները մասնակցում են պատերազմին։ Եվ ընդհանրապես անհնար է, որ Իսրայելում որևէ մեկը հասնի իշխանության, առանց բանակում ծառայություն անցնելու։ Իսկ քպ-ական պատգամավորների, նախարարների մեծամասնությո՞ւնը, վարչապետ կոչեցյալի գլխավորությա՞մբ։

Եկեք խոստովանենք, որ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար, հայրենիք հասկացողություն գոյություն չունի, այլ գործում է ավանդական․ «որտեղ հաց, էնտեղ կաց» ասացվածքը։ «Էնտեղ»-ը լայն հասկացություն է, տարբեր կուսակցություններ, պաշտոններ, մասնագիտություններ «ընտրելուց» սկսած՝ այլ երկրներ արտագաղթելուց վերջացրած։

Ինչ վերաբերում է մեր ժողովրդի մի փոքր հատվածին, որոնք իրոք մեծ ցավ են ապրում, ինչպես Արցախի, այնպես էլ սպասվելիք ապագա կորուստների համար, իմ տպավորությամբ, նրանք բոլորը սպասում են ինչ-որ հրաշքի։ Նրանք ինչ-ինչ հույսեր են փայփայում, որ այս մղձավանջն անցողիկ է և նորից հրաշք տեղի կունենա։ Ոմանք նույնիսկ աղոթում են այդ հրաշքի համար։ Հրաշք, որը կփրկի Հայաստանը։

Ի՞նչ ասեմ, նախանձում եմ նրանց, քանի որ ինքս որևէ հրաշքի չեմ հավատում։ Երանի սխալված լինեմ․․․

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Ավետիք,
    «Միթե՞ նման պահվածքը բնորոշ է միայն հայ ժողովրդին»-ի պատասխանը “այո” է: Խնդիրը նրանում է, որ սա պետք է ընդունել որպես ելակետ ու աշխատել: Նույն կերպ պետք է բացահայտել մեր ազգի այլ “յուրահատկությունները”, ընդունել որպես ելակետեր ու աշխատել: Արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ ճշգրիտ գիտելիք այլ ազգերի մասին: Օրինակ, հրեաների կատարյալ վաճառականներ լինելու համբավը գերազանցում է հայերինը: Վաճառական լինել/չլինելը չի որ ազգը կործանում է: Հրեաները հայտնի են նաև որպես պաղ ու հաշվենկատ, ցանցեր հյուսող, թակարդներ դնող ազգ: Իսկ մենք, հայերս հայտնի ենք որպես քրիստոնեություն (ինչը նույնպես հրեաների գործած ցանցն էր) ընդունած առաջին պետականության ժողովուրդ: Ո՞վ է դրան որևիցե արժեք տալիս, կամ տվել: Ձեր հոդվածը ավարտվում է «Ոմանք նույնիսկ աղոթում են այդ հրաշքի համար։ Հրաշք, որը կփրկի Հայաստանը»: Այսինքն, հայը գիտակցաբար գնում է իրեն թուլացնելու ճանապարհով` պահում է “աղոթքը” ու “հրաշքի հավատալը” իր զինանոցում: Ոչ մի այլ ազգ դա չի անում` «նման պահվածքը բնորոշ է միայն հայ ժողովրդին»: Հրաժարվել է պետք աղոթքներից: Հրաժարվել է պետք հրաշքներին ՍՊԱՍԵԼՈՒՑ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031