Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրամասերի բնակիչները Կենտրոն հասնելու համար ստիպված են 2 տրանսպորտից օգտվել

Դեկտեմբեր 08,2023 19:00

Գաջեգործների փողոցից Երեւանի կենտրոն հասնելը դարձել է մղձավանջ: Հատկապես բարդացել է ուսանողների վիճակը, որոնք ստիպված են մի քանի տրանսպորտով հասնել բուհեր:

Aravot.am-ի հետ զրույցում Էրեբունի համայնքի մի խումբ բնակիչներ ներկայացնելով իրավիճակը՝ ասացին, որ նախկինում աշխատում էր համար 19 «Գազելը», որն այժմ փոխել են 36 համարի ավտոբուսով: «19 համարը հասնում էր մինչեւ շրջանային, այնուհետեւ Զեյթուն, իսկ ներկայիս 36 համարը գնում է «Ռոսիա», կրկես, ապա՝ 3-րդ մաս: Մարդիկ ստիպված են լինում իջնել «Ռոսիայի» մոտ, որպեսզի երկրորդ տրանսպորտով հասնեն շրջանային կամ Զեյթուն: Ախր 3-րդ մասի հատվածում ուսանողներ չկան»,-ասաց Գաջեգործների փողոցում ապրող քաղաքացիներից մեկը:

Մյուսները եւս տեղեկացրին, որ ստիպված են ժամերով, բայց ապարդյուն սպասել տրանսպորտի, որին ժամը 18-ից հետո «բռնացնելն» անհնար է:

«19 համարը շատ լավ էր աշխատում, գիծն ավելի հարմար էր, քան 36 համարի ավտոբուսի պարագայում է: Վարորդներին հարցնում ենք՝ ինչո՞ւ եք ուշ-ուշ գալիս, ասում են՝ գծի մեջ ընդամենը 3 ավտոբուս է, բա ինչ անենք»,-տեղեկացրին Aravot.am-ին: Բնակիչները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետարանին, սակայն ստացված պատասխանը չի բավարարել նրանց, եւ մտահոգությունն էլ ավելի է խորացել:

 «Երեւանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի եւ ավտոբուսների ներդրման գործընթացի շրջանակում սույն թվի օգոստոսի 15-ի դրությամբ դադարեցվել է հին «Գազել» մակնիշի ավտոմեքենաներով շահագործվող բոլոր միկրոավտոբուսային երթուղիների աշխատանքը, եւ այդ տեսանկյունից միկրոավտոբուսային համար 19 երթուղու վերականգնումը իրատեսական չէ, իսկ դեպի քաղաքի կենտրոն, ուսանողական թաղամասեր նոր երթուղի կազմակերպելու հնարավորությունը կդիտարկվի՝ առաջիկայում մայրաքաղաք ներկրվելիք ավտոբուսների նոր խմբաքանակի ներդրման գործընթացի շրջանակում, ինչպես նաեւ առանձին երթուղիների ուղեգծերի վերանայման աշխատանքների ընդհանուր համատեքստում»,- բնակիչներին պատասխանել են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից:

Ի դեպ, նույն խնդիրը առկա է նաեւ Ներքին Չարբախում: 41 համարի միկրոավտոբուսը, որով այս թաղամասի բնակիչները հասնում էին Կենտրոն, ապա մինչեւ Մամիկոնյանց փողոց, հանվեց: Ճիշտ է, բողոքներից հետո այն 39 համարի միկրոավտոբուսով փոխարինվեց, որը չի կրկնում 41-ի երթուղին, ու միեւնույն է՝ 2 տրանսպորտ պետք է փոխել Կենտրոն հասնելու համար: Այժմ 39 միկրոավտոբուսը փոխարինվել է 49 ավտոբուսով, բայց միեւնույն է Կենտրոն հասնելու հարցը մնացել է առկախ, իսկ երեկոյան ժամերին տաքսիով պետք է հասնել Ներքին Չարբախ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031