Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան տեղեկացված եմ եղել, Եղիշն էլ սեր ուներ թմրանյութի հետ». Ազատ գյուղի զորամասի գործով Լեւոն Խառատյանը հարցաքննվեց

Դեկտեմբեր 08,2023 18:16

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:

Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:

Այսօր հարցաքննվեց տուժող Լեւոն Խառատյանը: Նա մանրամասն նկարագրեց ժամանակավոր կացարանի ննջասենյակի մասում մահճակալների դասավորությունը: Այդ պահին չզբաղեցրած միայն Ռադիկի մահճակալն է եղել, քանի որ հերթապահ էր, այլ չզբաղեցրած մահճակալ նա չի հիշում: Երբ Ռադիկ Մարտիրոսյանն իրեն արթնացրել է ու ինքը դուրս է եկել միջանցք, միջանցքում տեսել է Եղիշե Հակոբյանին: Թե վերջինս այդ պահին ի՞նչ էր անում, վկան չի հիշում: Ռադիկն էլ է այդ պահին եղել միջանցքում, հետո Ռադիկին հիշում է նաեւ խոհանոցում: Գնացել են՝ Հայկին են փոխարինել հերթապահությունում. նրան տեսել է նաեւ փոխարինելուց մոտ 15 րոպե հետո՝ ոտքերը լվանալիս:

Վկան հայտարարեց, որ հստակ ժամեր չի հիշում. դահլիճում աժիոտաժ սկսվեց: Պաշտպանական կողմից վրդովմունք հնչեց՝ «Ցուցմունքում կոնկրետ վայրկյաններով ժամերը նշել է, հիմա ասում է՝ չի հիշում. արդարացո՞ւմ է»: Նաեւ նկատեցին, որ օրապահի հանդերձավորման դրվագում դատախազը հիշատակեց զենք ստանալը, բայց, կանոնադրության համաձայն, օրապահը զենք չի ստանում եւ չի կրում:

Երբ վկան 15-20 րոպե անց ետ է եկել կացարան՝ թեյ կամ սուրճ վերցնելու, Ռադիկին ներսում չի տեսել. այդ ժամանակ է նրան խոհանոցում տեսել, իր հիշելով՝ հեռախոսով խոսելիս: Ինքն էլ փայտ է բերել՝ Եղիշե Հակոբյանն էր ուզել ու ասել է, որ իմաստ չկա այլ վառելիք լցնելու, վառարանում նաեւ ածուխ է եղել, որը կայրեր փայտը, բայց նա սոլյարկա է ուզել, ինքն էլ զանգահարել է Վաղինակին կամ Արսենին: Վկան հայտարարեց, որ ինքը առաջին անգամ է տեսել Եղիշե Հակոբյանին՝ վառարան վառելիս: Չի էլ հիշում, որ նա իրենից բենզին ուզած լինի:

Նիստի ժամանակ կրքերն անընդհատ բորբոքվում էին, դահլիճում նստած մահացած զինծառայողների ծնողները տարբեր ռեպլիկներ էին նետում վկայի հայտարարությունների վերաբերյալ:

Դատախազի հարցին՝ ե՞րբ ու ի՞նչ հանգամանքներում է տեղեկացել Արսենի եւ Վաղինակի դուրս գալու վերաբերյալ, վկան պատասխանեց, որ տեսել է նրանց դրսում՝ տան հարակից տարածքում, բայց թե ինչո՞վ էին զբաղված կամ իրենց հետ իր խոսելը՝ չի հիշում. նրանց դրսում տեսել է, բայց չի հիշում՝ մինչեւ օրապահի իր հերթապահությանն անցնելիս, թե՞ այդ ընթացքում: Դատախազի հարցին ի պատասխան՝ ասաց, կարելի է եզրակացնել, որ իր հերթապահության ժամանակ, մոտ 30 րոպե, նրանք գտնվել են դրսում: Հետո է իմացել, որ նրանք գնացել էին ջուր բերելու, քանի որ ցրտի պատճառով ջրերը մի քանի օր սառել էին: Դարձյալ հետո իմացել է, որ Վաղինակին է զանգահարել՝ վառելիքը բերելու համար: Հանձնարարությունը տրվել է Վաղինակին կամ Արսենին, քանի որ վառելիքի հարցով, ըստ վկայի, վարորդներն էին զբաղվում. վառելիքը մեքենայի բակից էր հանվում, թե առանձին պահեստավորված տարաներից էր բերվում՝ վկան չգիտի:

Վկան ասաց, որ դեպքի օրը կամ այդ օրերին դիվերսիոն-հետախուզական հարձակման մասին տեղեկություններ չեն լսել, ավելին, եթե նման բան լիներ՝ «շուխուռն ընկած կլիներ՝ կիմանայինք»:

Արդեն երկրորդ անգամ, երբ մտել է տուն, տեսել է Եղիշե Հակոբյանին՝ այրվող ձեռքերով ու ցավից գոռալով: Հիշում է նաեւ, որ տան ննջասենյակի դիմացի մասն էր այրվում ու կրակը թեժանում էր, հրդեհը արագ տարածվում էր: Ննջարանի դուռը ծածկված է եղել, ինքն ուզել է կրակը հանգցնել, բայց չի հաջողել: Հետո Եղիշե Հակոբյանի ցուցմունքներից է ինքն իմացել, որ բենզինով է փորձել վառել վառարանը: Հիշում է նաեւ, որ ննջասենյակի դռան մոտ տեսել է բենզինի այրվող տարա:

«Այդ պահին ես կենտրոնացել էի, որ կրակը հանգցնելու վրա, որ շատ չտարածվի. ննջարանի դուռը բացել-բան, չեմ փորձել»,- ասաց տուժողը՝ հավելելով, որ Եղիշե Հակոբյանն էլ իր հետ փորձում էր կրակը հանգցնել: Հիշում է, որ անձնակազմը գոռում էր՝ «հրդեհ է, տագնապ է», բայց արձագանք չի հիշում, ծուխ, յուրահատուկ հոտ էլ չի հիշում: Երբ հասկացել է, որ կրակը տարածվում է, իրեն էլ չի հաջողվում այն հանգցնել՝ դուրս է ցատկել՝ ընկել ձյան մեջ՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Իսկ մինչեւ իրեն մեքենայով կտեղափոխեին, տեսել է նաեւ Գարուշին՝ պատուհանի ճաղերից դուրս գալիս, ում ինչ-որ մեկը գրկած էր տանում: Նրան օգնել են Եղիշեն, Արսենը կամ Վաղինակը: Ժիրայրի դուրս գալը վկան չի տեսել: Հետո իմացել է, որ Գարուշին Ժիրայրն է գրկած տարել դեպի մեքենան:

Տունը, ըստ վկայի, հակահրդեհային միջոցներով կահավորված չի եղել, բայց դեպքի վայրում հայտնաբերվել են օգտագործված կրակմարիչներ: Նա ասաց, որ դրանք հավանական է ինչ-որ ավտոմեքենայինն են եղել, բայց դրանց օգտագործումը չի տեսել, հետո՝ լսել է, որ օգտագործվել են:

Վկան ասաց, որ նախքան հրդեհը՝ անձնակազմում միջանձնային լարված հարաբերություններ են եղել. «Վերջին շրջանում, ամսի քանիսը՝ չեմ հիշում, բայց դեպքից մի քանի օր առաջ է եղել, որ վաշտի հրամանատարի հետ, մեր վաշտից երկու հոգի ինչ-որ ընդհարում են ունեցել․ Հրաչն ու Նարեկը՝ Գոռի հետ: Ռազմականը՝ հեռախոսները գտնելու հետ կապված ինչ-որ բան է եղել: Հեռախոսի միջից ինչ-որ բան են տեսել, որը որ չի կարելի… օրինակ, ինչ-որ բան են պատվիրում, որ օգտագործեն: Թմրանյութ: Վիճաբանություն… ինչքան գիտեմ՝ իրար խփել եղել է, բայց չգիտեմ, թե ինչ կարգի է եղել»: Դեպքի մասին Հրաչը եւ Նարեկն են պատմել. «Իրար խառը խփել են, թե ո՞վ, ու՞մ ինչքան են խփել, չեմ կարող ասել: Այդ դեպքից մեկ-երկու օր հետո, Նարեկենց տարել էին ռազմական ոստիկանություն: Դրանից հետո, վաշտի հրամանատարն ասաց՝ ծառայելու ենք այնպես, ոնց որ մնացած տեղերը՝ կանոնադրությամբ, մենք էլ ոնց որ սովոր չէինք «ուստավին», դրա համար մի քիչ լարվածություն է ստեղծվել: Օրինակ, զորամասում ես որ ծառայել եմ, շարվելով գնում էինք հաց ուտելու, շարային պատրաստության, բայց էդ ժամանակ չի եղել: Մարդ կար, որ ուզում էր վաշտը փոխեր, չէր ուզում, որ «ուստավով» ծառայեր, մտածում էր՝ ուրիշ տեղ ավելի լավ կլինի իր համար: Միջանձնային էդ կոնֆլիկտն է եղել, դրանից հետո՝ չէ»:

Եղիշե Հակոբյանի եւ վաշտի անձնակազմի փոխհարաբերությունների մասին էլ պատմեց, որ Նոր տարուց հետո, Նարեկի հետ է լարվածություն եղել՝ ինչ-որ վերադասի գալու հետ կապված Եղիշեն հանձնարարություն է տվել, Նարեկը կատարումը ձգձգել է. «Խոսակցություն է եղել, իրար խփել-բան չի եղել: Հետո իրենց տեսել եմ նորմալ շփվելուց: Այլ դեպք Մանասերյան Տիգրանի հետ է եղել՝ մինչեւ Նոր տարի, կապված մաքրության հետ, Նարեկի հետ կոնֆլիկտ է եղել, հետո, իրար հրմշտել-խփել»:

Վկան ասաց, որ չի հիշում, որ դեպքի օրը Եղիշե Հակոբյանը ալկոհոլ օգտագործած լինի. «Բայց ես ինչքան տեղեկացված եմ եղել, ինքն էլ սեր ուներ թմրանյութի հետ: Դե լսել ենք, էլի, զինվորների մեջ շատ է խոսակցություն եղել: Անձամբ ականատես չեմ եղել, բայց շատ եմ լսել: Այդ օրը չեմ տեսել, որ թմրանյութ օգտագործած լինի: Հա, հիշեցի, մի խոսակցություն եղել է… ինքը գումար է հաղթած եղել, էդ ժամանակ էլ ինչ-որ ավտոն խփած է եղել, էդ գումարով ուզում էր ավտոն սարքել կամ ինչ: Սայթով էր կրել՝ բուքմեյքերական ընկերությունով, հենց այդ օրը, հենց մեր վաշտի տղերքից մեկի սայթով էլ կրել էր, իրենց բարեկամի: Կրելը Եղոյից եմ հենց իմացել՝ արթնանալուց հետո»:

Եղիշե Հակոբյանի կողմից՝ այդ պահին, թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործած լինելու հարցին վկան պատասխանեց, որ չգիտի, թե թմրանյութը նրա վրա ինչ ազդեցություն է թողնում, բայց ալկոհոլի հոտ չի զգացել. այլ օրերի վարքագծի համեմատ՝ տարբերություններ չի նկատել:

Վկան հաստատ պնդեց, որ այդ օրը զինվորներից ոչ ոք թմրանյութ չի օգտագործել. «Էդ օրը գործից հետո էնքան հոգնած էին, ոչ մեկ չէր էլ օգտագործի»:

Հարցին՝ ինչո՞ւ ննջարանի անձնակազմը դուրս չեկավ, վկան պատասխանեց, որ իր համար մինչ օրս դա մութ է մնացել. «Երկու հոգին դուրս են եկել, 15-ը մնացել են ներսում. հա, տարածքը փոքր էր, բան չունեմ ասելու, կարող է ինչ-որ իրար խանգարեին, բայց 15-ից 7-ը չի, 2-ն են դուրս եկել, դրա համար, իմ համար էլ է մութ: Պատուհանի մոտ չեմ տեսել մարդ, որ կարար դուրս գար կամ հատուկ խոչընդոտող բան: Ինչքան տեսել եմ, մենակ իրար օգնում էին, որ ինչ-որ մեկը կարողանար դուրս գար»:

Դեպքերից հետո, արդեն հիվանդանոցում, լսել է, որ ինչ-որ մեկի շապիկը պատռվել է, երբ փորձել են նրան օգնեն, որ դուրս գա:

Ի վերջո՝ հրդեհն ինչի՞ց բռնկվեց՝ հարցին էլ պատասխանեց. «Իմ իմանալով, որ Եղիշը, այդ 5 լիտրանոց բենզինը ուզեցել է վառի վառարանը՝ վախից շպրտել է ննջարանի կողմ»: Թե որտեղի՞ց իրեն այդ տեղեկությունը, վկան պատասխանեց. «Մեկը՝ վարչապետի ելույթով տեսել եմ. լիքը լուրերով քցում են, հիվանդանոցում էլ անընդհատ շրջանառվում էր»:

Թեեւ Եղիշե Հակոբյանի հետ նույն հիվանդանոցում են բուժում ստացել՝ Այրվածքաբանության ինստիտուտում, վկան պնդեց, որ նրա հետ միակ զրույցն ունեցել է քննիչի մոտ՝ առերես հարցաքննության ժամանակ:

Եղիշե Հակոբյանի կողմից դիտավորությամբ հրդեհելու մասին հարցին էլ ի պատասխան ասաց, որ սեպտեմբերի 13-ին, Ջերմուկի վրա հարձակման ժամանակ, Եղիշե Հակոբյանի հետ եղել է սահմանակետում եւ տեսել է, որ նա «ամեն ինչ անում է, որ բոլորին օգնի ու չմնայինք էդտեղ չզոհվեինք. էդ ամեն ինչը տեսնելով, չեմ կարծում, որ նա դիտավորյալ էդ ամեն ինչը կաներ»: Վկայի կարծիքով, դիտավորության պատճառ էլ չկար, «Նարեկի հետ կոնֆլիկտը չեմ կարծում, որ կարող էր պատճառ լինել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031