Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ առիթով Մեդիա կենտրոնում քննարկում ծավալվեց «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը. 2023-ի ամփոփում» թեմայով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը տարիներ շարունակ եղել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, իր այդ փորձառության վրա հիմնվելով՝ ասաց, որ իր հետ բերել է մարդու իրավունքների ՄԱԿ-ի ընդհանուր հռչակագիրը եւ Եվրոպական կոնվենցիայի դրույթները: «Դրանք, որ կարդում եմ, միայն երկու դրույթ կա, որ Հայաստանում չի խախտվել: Մեկը ամուսնության իրավունքն է, մյուսը, որ ստրկություն չկա: Մնացած բոլոր իրավունքները խախտված են: Կարող եմ հերթով թվարկել:
Վերցնենք ամենագլխավորը՝ ընտրության իրավունքը: Ընտրական իրավունքը Հայաստանում ուղղակի ոտնահարվում է: Հայաստանում տեղի են ունենում ընտրություններ, իշխանությունը օրումեջ հայտարարում է, որ իրենք ամենաժողովրդավարն են, ընտրություններ այլեւս չեն կեղծվում Հայաստանում, ընտրակեղծիքների էջը փակված է, բայց տեսեք ինչ է տեղի ունենում: Նախ, ընտրակեղծիքների մասին ահազանգերը բոլորս լսել ենք: Կհիշեք. Արթուր Չախոյանը, որ գնաց՝ քաղաքացիական իր նախաձեռնությամբ շատ հետաքրքիր բացահայտում արեց, թե ինչպես են մարդկանց ուղղակի իշխանության հանրահավաքին բերման ենթարկել: Բնականաբար, նույն ձեւով նաեւ ընտրություններն էր կազմակերպվել: Բայց իշխանությունը ընտրության հետ չի հաշտվում, քաղաքացու կամարտահայտությունը չի ընդունում որպես փաստ:: Ալավերդիում վերջին դեպքն է, որ մարդու ընտրական իրավունքը վերջնականապես ոտնահարվեց: Մի ավագանու հետ կարողացան տարբեր ճանապարհներով հարցերը լուծել: Լեւոն Զուրաբյանը ահազանգերը հնչեցրեց, որ նրան սպառնացել են, կաշառելու փորձ է եղել եւ այլն: Այսինքն, իշխանությունը բռնի վերցվեց Ալավերդիում:
Այդպիսի իրավիճակ եղավ հենց Երեւանի ընտրության ժամանակ, որովհետեւ Տիգրան Ավինյանը փաստացի չէր ընտրվել Երեւանի քաղաքապետ, բայց էլի հնարավոր եղավ նրան ամեն գնով կարգել քաղաքապետ»,- ասաց տիկին Թովմասյանը եւ բերեց Վանաձորի, Վարդենիսի օրինակները: Ու էլ չշարունակեց՝ օրինակները բազմաթիվ լինելու պատճառով: Նա արձանագրեց, որ Հայաստանում ընտրական իրավունք ուղղակի գոյություն չունի:
Կարդացեք նաև
«Հայաստանում գոյություն չունեն նաեւ սահմանադրական անկախ մարմիններ: Եթե ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է արմատական կուսակցական, հնարավոր չէ երբեւէ խոսել ընտրության ազատության մասին: Նույնիսկ Բաքվում այդպիսի օրինակ չկա: Եթե անգամ Վահագն Հովակիմյանը, որը ՔՊ հիմնադիրներից է, դադարեցրել է իր անդամությունը եւ հայտարարել, թե իր կուսակցական լինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, ես չեմ հավատում: Ու դրա բոլոր հիմքերը ունեմ, որովհետեւ նա մինչեւ այդ կուրորեն կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները, որովհետեւ եղել է նրա աշխատակիցը եւ դրանից հետո էլ նրա ամբողջական վարքագիծը եղել է իշխանական, իշխանահաճո եւ իշխանահպատակ:
Եթե անցնենք խղճի, խոսքի ազատությանը, ականատես կլինենք ավելի վատ պատկերի: Հենց երեկ եւ նախորդ օր ԱԺ-ում թիրախավորված էին երկու կանայք: Եվ դա ինձ համար շատ ցավալի է: Խոսքը Հայկուհի Հարությունյանի եւ երկրորդ թեկնածուի, կարծեմ, Նարինե Ավետիսյան, որը նորից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր տեղի համար առաջադրել էր իր թեկնածությունը: Ի՞նչ տեղի ունեցավ: Նրանք, այսինքն, Հայկուհի Հարությունյանը, համարձակվել էր վարույթներ հարուցել իշխանական պատգամավորների, որոշ պաշտոնյաների նկատմամբ: Այսինքն, կատարել էր իր բուն պարտականությունը՝ կանխարգելել կոռուպցիան: Եվ ամբողջ ՔՊ խմբակցությունը հարձակվել էր նրա վրա: Տեսաք. երկու օր շարունակ նվաստացրեցին, բոլոր հնարավոր եղանակներով փորձեցին վարկաբեկել, վերջում էլ նույնիսկ քվեարկության չմասնակցեցին:
Մենք անընդհատ ասում ենք կանանց իրավունքներ, կանանց մոտիվացիա: Եվ ո՞ր կինը պիտի մոտիվացվի, որ գա, որեւէ պաշտոնում իր թեկնածությունը ներկայացնի, եթե ամբողջ խմբակցությունը հարձակվել եւ ասում էր՝ դու իրավունք չունեիր անելու սա, անելու նա:
Իհարկե, ասելիքս շատ է, բայց կուզենամ այս պահին առանձնացնել նաեւ խոսքի ազատության դեմ իրականացվող արշավները, որոնք ավարտվում են կալանքներով: Ես ամենեւին կամ շատ դեպքերում չեմ կիսում այն տեսակետները, որոնք հնչում են սոցիալական տարբեր հարթակներում, բայց ֆեյսբուքում ստատուս գրելու համար մարդուն կալանավորել , նույնիսկ հին, ամենավատ ժամանակներում այդպիսի բան չի եղել: Մենք հիմա ունենք այդպիսի դեպքեր՝ քրեական հետապնդումներ: Եվ ամենավատը, որ հենց կալանավորման դեպքեր ունենք: Մենք ունենք իրավիճակ, որն ուղղակի անթույլատրելի է: Էլ չեմ ասում քաղբանտարկյալների մասին, որոնք դասական իմաստով քաղաքական գործունեություն են ծավալել, քննադատել են Նիկոլ Փաշինյանին և 3-4 տարվա վաղեմության գործերով կալանավորվել են:
Այսօր Հայաստանում ավելի շատ քաղհալածյալներ կան, քան երեւի թե 2008 թվականին էր, որի մասին ես էլի շատ երկար ու բովանդակալից միշտ խոսել եմ»,- ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի