Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգային հարցեր։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանն ամփոփել են վերջին շրջանում Երևան և Բրյուսել փոխայցելությունների, տարբեր ձևաչափերով կայացած քննարկումների արդյունքները՝ գոհունակություն հայտնելով քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև ոլորտային ուղղություններով ակտիվ երկխոսության կապակցությամբ և նախանշելով գործընկերության խորացմանն ուղղված հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել առաջիկայում ծրագրվող միջոցառումներին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացի և դրանց ԵՄ շարունակական աջակցության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը, վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:
ՀՀ ԱԳՆ