Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքանո՞վ է նորմալ կորպուսի հրամանատարներին, զինված ուժերի գլխավոր վարչության պետերին տուռնիկի վրա նկարելը, դարձնելը մի պատմություն». Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 08,2023 17:27

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում էր ԱԱԾ ծառայողների կամավոր ատեստավորման հետ կապված հարցերի կարգավորում:

Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Մենք քննադատել ենք, դեմ ենք խոսել ատեստավորման երկակի չափանիշների հետ կապված: ՆԳՆ-ում ատեստացիան աշխատավարձի փոփոխության եւ պաշտոնական առաջխաղացման համար է, ԱԱԾ-ում՝ աշխատավարձի փոփոխության, ՊՆ-ում՝ աշխատավարձի փոփոխության: ԱԱԾ-ում չանցավ ատեստացիան, կադրերի ռեզերվի տակ է, մի տարի հետո համակարգից դուրս է մնում բարձրագույն ղեկավար անձը: Որքանո՞վ է նորմալ կորպուսի հրամանատարներին, զինված ուժերի գլխավոր վարչության պետերին տուռնիկի վրա նկարելը, դարձնելը մի պատմություն, թե այ, ատեստացիա: Որեւէ մեկը չի տեսնում այդ ատեստացիան: ՆԳՆ-ում սարքել են մի քարոզչական բան, թե տեսեք, այս մարդիկ տուռնիկի վրա են»:

Ինչպես տեղեկացրել ենք, այս նախագծի քննարկումը անցավ լարված մթնոլորտում: ՔՊ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանն առաջարկում էին գաղտի հաստիքացուցակով ծառայողների համար ատեստավորումը հանել, որովհետեւ չեն կարող բողոքարկել որոշումը դատարանում, կբացահայտվեն:

ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մնաց անդրդվելի, ասաց, որ ատեստավորումը չեն հանի, ինքը դեմ է, որովհետեւ հավելավճարներ են ստանալու, աշխատավարձը բարձրանալու է, իսկ թե ինչպես են բողոքարկելու այդ ծառայողները, ներքին ընթացակարգերով կանոնակարգելու են:

Անդրանիկ Սիմոնյան

Նա նաեւ պատգամավորների առարկություններից հետո երեկ դուրս էր եկել նիստերի դահլիճից՝ հարկ չհամարելով ամփոփիչ ելույթ ունենալ ու պարզաբանումներ տալ, ինչը վրդովվեցրել էր հատկապես Վիլեն Գաբրիելյանին:

Անդրանիկ Սիմոնյանը պատասխանեց. «Հարցի նրբությունը հաշվի առնելով՝ ես գտա, որ ձեր բարձրացրած հարցերին եզրափակիչ ելույթում պետք է առնվազն չանդրադառնամ»:

Սա լսելուց հետո, երբ հարցը դրվեց քվեարկության, Քրիստինե Պողոսյանը նայեց Վիլեն Գաբրիելյանին, չուզելով եւ ստիպված ձեռքը բարձրացրեց՝ քվեարկելով կողմ, բայց գլուխը շրջելով հակառակ կողմ՝ որպես բողոքի նշան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031