Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վստահորդներին պարտադրում են ինչ-որ փաստաթղթերի ստորագրում». «Գոյի» փաստաբան

Դեկտեմբեր 08,2023 17:11

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը արդեն 35 տարեկան է: Դեկտեմբերի 8-ին՝ թատրոնի հիմնադրման օրը բաց քննարկում էր կազմակերպվել թատրոնի շուրջ ծառացած խնդրի թեմայով, որին հրավիրված էին նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը եւ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Նրանք, սակայն, ներկա չէին:

«Դուք գիտեք, որ այս տարվա մայիսի 11-ի կառավարության որոշմամբ մեր գործունեությունը, աշխատանքային պայմանները, առողջությունը բարելավելու նպատակով Կառավարությունը որոշում է ընդունել միավորել Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը Սունդուկյանի անվան թատրոնի հետ՝ լուծարելով «Գոյը»: Մենք բողոքարկել ենք այդ որոշումը, գործն ընդունել է վարչական դատարանը, որից հետո Կառավարության ակտիվ աշխատանքի շնորհիվ գործը վարչականից դատարանից տեղափոխվել է քաղաքացիական: Այն կողմը (ԿԳՄՍ նախարարությունը-Գ.Հ.), որը այդքան ջանասիրորեն մտածում էր մեր առողջության, կենցաղային պայմանների եւ անձնականի մասին, փաստորեն այսօր բացակայում է ասուլիսից:

Սա էլ որերորդ անգամն է, մեր՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Արզումանյանը նամակներով իրազեկում է իրենց, բայց ապարդյուն: Մենք գրեթե 100 տոկոսով համոզված էինք, որ իրենք չեն գալու, այս խոսակցությունը մեզ չի ներվելու… »,-ասաց թատրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

Արթուր Սահակյան

Նա հավելեց, որ ոչ մի կերպ չի ստացվում նախարարության հետ երկխոսելը, իսկ իրենց համար կենսական նշանակություն ունի այդ խոսակցությունը:

«Այս վիճակը մեզ ուղղակի զզվեցրել է, հոգնեցրել , ոչ թե այլ պատճառով, այլ հարցի տափակությունից: Խնդիրն արդեն դատարանում է: Իրենց նպատակն այն է, որ գան ընդունեն թատրոնի գույքը ու անմիջապես մտնեն նորոգման, ինչպես արվում է Մհեր Մկրտչյան թատրոնում, Կամերային երաժշտական թատրոնում, որտեղ մեկ ժամ փորձ չի արել Սիմֆոնիկ նվագախումբը… Այսինքն` ինչ-որ մեկը գալիս է, ինչ-որ բան է որոշում, սկսում է բզբզել ու կամայական առաջ է տանում իր որոշումը»:

Թատրոնի տնօրեն Սարգիս Արզումանյանն ասաց, որ հարցին լուծում տալու նպատակով 2 հանդիպում է ունեցել նախարարությունում՝ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ: Ասում է՝ առաջին անգամ համարյա գրկաբաց են ընդունել, փոխնախարարը լսել է իրեն ու կարծես պատկերացրել, թե ինչի մասին է խոսքը. «Կարծես փոխնախարար Դանիել Դանիելյանը, ով այսօր ներկա չէ հանդիպմանը, հասկացավ ինձ, ասաց՝ ես դեռ լավ չեմ տիրապետում ամեն ինչին, բայց ինչ ասում ես, կարծես թե ճիշտ ես ասում, ես էլ կփորձեմ ձեր՝ «Գոյ» թատրոնի եւ կառավարության, «Գոյի» եւ նախարարության, «Գոյի» եւ Սունդուկյան թատրոնի միջնորդը լինել: Ես վերցնում եմ ինձ վրա պատասխանատվություն, որ կանեմ ամեն ինչը, որպեսզի խնդիրը հարթվի: Ես նրան հրավիրեցի մեր պրեմիերային, որ նաեւ ծանոթանա թատրոնի անձնակազմի, պայմանների հետ: Ասաց՝ պրեմիերային չեմ կարող գալ, բայց մի ուրիշ օր անպայման կգամ: Մի ուրիշ օրը այդպես էլ չեկավ:

Ես զանգ տվեցի եւ օգնականին խնդրեցի ֆիքսել օրը, թե երբ է գալու փոխնախարարը, որ շփվի անձնակազմի հետ եւ ծանոթանա թատրոնի պայմաններին: Դրանից հետո անընդհատ փոխանցում էին, որ փոխնախարարը շատ զբաղված է, քաղաքում չէ, երկրում չէ, հանդիպումներ ունի եւ այլն:

Հոկտեմբերի 19-ին մենք ունեցանք դատական նիստ, որ ժամանակ վարչական դատարանի դատավոր Սադոյանը պատահականորեն հասկացավ, որ սա վարչական դատարանի քննելու գործ չէ, եւ որոշում կայացվեց գործը վերահասցեագրել քաղաքացիական դատարանին: Հոկտեմբերի 30-ին մեզ գրություն եկավ, որը մակագրված էր Դանիել Դանիելյանի կողմից, որ մեկ օրվա մեջ պետք է ստորագրենք փոխանցման ակտը եւ պայմանագիրը: Ընդ որում, փոխանցման ակտը հետին թվով էր՝ հունիսի 30-ի ակտ էր: Մենք պետք է առնվազն անխելք լինեինք, որ առանց նայելու ստորագրեինք այդ ակտը եւ հանձնեինք»:

Տնօրենի պաշտոնակատարը հավելեց, որ Դանիել Դանիելյանի կողմից անընդհատ ժամկետներ են նշվել ակտը ստորագրելու համար, սակայն ինքը հրաժարվել է դա անել:

Թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանը նախ շնորհավորեց Գոյի անձնակազմին 35-ամյա հոբելյանի առիթով, ապա ցավ հայտնեց, որ տոնը նշելու փոխարեն ինչ-ինչ գործողություններ են կատարվում, որոնք թատրոնի հետ կապ չունեն: Ի թիվս այլնի, փաստաբանը նշեց. «Բոլորը գիտեն, որ երբ գործը քննվում է դատարանում, դատարանի տիրույթում գտնվող գործերի վերաբերյալ կողմնակի միջամտությունները, եթե չասեմ ոչ իրավաչափ, ապա առնվազն ցանկալի չեն: Պարզվում է իմ վստահորդներին պարտադրում են ինչ-որ փաստաթղթերի ստորագրում…Քանի որ վարչական դատարանում էր վիճարկվում կառավարության կողմից կայացված որոշումը, այդ որոշումը օրենքի ուժով որպես այդպիսն կասեցվել էր: Պետական մարմինը այլեւս իրավունք չունի այդ որոշումից բխող գործողություններ կատարելու»: Փաստաբանն ասաց, որ անգամ որոշման կասեցումը չեղարկելու վերաբերյալ մյուս կողմի միջնորդությունն է մերժվել:

Նրա խոսքով. «Անակնկալ կերպով վարչական դատարանը բացահայտեց, որ կառավարությունը որպես հիմնադիր է հանդես եկել, հետեւաբար գործը պետք է վերահասցեագրվի քաղաքացիական դատարանին: Իհարկե, մենք մեր դիրքորոշումը դատարանին ներկայացրել ենք, եւ այս պահին էլ մեր դիրքորոշումը չի փոխվել, որ դա տիպիկ վարչական գործ է՝ պարզ տրամաբանությամբ, որ թեկուզ ձեւական, բովանդակային սխալի առկայության առումով կա Կառավարության որոշում, այլ կերպ ասած՝ վարչական ակտ: Այս տրամաբանությամբ գործը պետք է հենց վարչական դատարանում քննվի»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031