Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմ եմ քվեարկելու, չնայած մեծ հաճույքով հա՛մ ձեռնպահ կքվեարկեի, հա՛մ դեմ, դիմելու եմ ԱԱԾ-ին» Վիլեն Գաբրիելյանին վրդովվեցրել էր ԱԱԾ-ականի պահվածքը

Դեկտեմբեր 08,2023 16:52

«Եթե գաղտնի հաստիքացուցակի աշխատողը հանրության մեջ հայտնի է որպես էլեկտրիկ, թողեք այդ մարդը այդպես հայտնի լինի»,- երեկ ԱԺ նիստում այսպես հորդորել էր ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ մտահոգություն հայտնելով, որ մի կողմից «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագծով կամավոր ատեստավորում են նախատեսում, նաեւ դժգոհությունների դեպքում բողոքարկում դատարան, բայց մյուս կողմից` գիտեն, որ գաղտնի հաստիքացուցակով ծառայողները չեն կարող իրենց սահմանադրական իրավունքից օգտվել, կբացահայտվեն:

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ այլ կառուցակարգերով են այդ հարցը լուծում, պարզապես բողոքող ծառայողը այլեւս չի աշխատում գաղտնի հաստիքացուցակով, այլ ծառայության է անցնում:

Քրիստինե Պողոսյան

Քրիստինե Պողոսյանն ասաց. «Տպավորություն է որ слушаем но не слышим, դուք գիտեք, որ խնդիր կա, դա իրավունքների փաստացի խախտում է: Ես առաջարկեցի, որ քանի որ ղեկավար կազմը չի ատեստավորվում, դա մեծ կորուստ չի, որովհետեւ իրենց աշխատանքով այդ մարդիկ ապացուցում են՝ կարո՞ղ են այդ գործն անել, թե՞ չեն կարող, եկեք այդ մարդկանց ատեստավորումից ազատենք: Դուք համառորեն պնդում եք, որ այդ խնդիրը չկա: Ես ո՞նց վարվեմ իմ ներքին դիսոնանսի հետ ու քվեարկեմ օրենքին, երբ խնդիրը կա, բայց լուծում չենք ուզում գտնել»:

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ ավանդույթներ կան ու զեկուցողի հավաստիացումները հիմք չե՞ն պատգամավորի համար:

«Պարո՛ն Քոչարյան, ավանդույթները կարող են վատն էլ լինել ու եթե վատն են, պետք է փոխել»,- արձագանքեց Քրիստինե Պողոսյանը:

Վահագն Ալեքսանյան

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ընդունում է, խնդիր կա, բայց ենթադրենք, պետը անօրինական հրաման տվեց, այդ դեպքում էլ են, չէ՞, դիմում դատական պաշտպանության, այսինքն, խնդիրը ատեստավորումը չէ. «Որ դիմի դատարան՝ կարող՞ է էլի աշխատել, չի կարող: Աշխատավարձը քիչ տվեց, իրավունք ունի՞ դիմել դատարան, ունի, բայց որ դիմեց, բացահայտվեց, չի կարող աշխատել: Աշխատողը ինքը պետք է այդ ընտրությունը կատարի, դիմի դատարան ու բացահայտվի՞, թե՞ ոչ»:

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին վրդովվեցրել էր այն, որ երեկ նիստի ժամանակ ինքն ու Քրիստինե Պողոսյանը խոսում են այդ խնդրի մասին, առարկություն են ներկայացնում, ակնկալում են, որ զեկուցողը ամփոփիչ ելույթում կանդրադառնա, հիմնավորումներ կներկայացնի, բայց նա թողնում ու դուրս է գալիս դահլիճից. «Ես անձնական խնդիրներ չեմ բարձրացնում, ես գաղափարական մարդ եմ եւ փորձում եմ ամեն ինչի մեջ գտնեմ բովանդակություն: Երկրորդը՝ ես կարող եմ մարդուն չսիրել, անտիպատիա ունենալ, բայց սովորություն ունեմ այդ պարագայում այդ մարդուն պարտադիր լսել, որովհետեւ չեմ բացառում, որ այդ մարդը կարող է ճիշտ բան ասել: Եթե ես մարդու հետ անձնական խնդիրներ ունեմ, ես այս երկրում ապրում եմ 1997-ից՝ 14 տարեկանից, ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ, ասում եմ՝ եղբայր, ես քո հետ խնդիր ունեմ: Այստեղ ԱԺ-ում ինքնահաստատվելու բան բացարձակապես չունեմ: Որպեսզի չստացվի, որ ես մթնոլորտը թեժացնում եմ, ես հիմա «կողմ» եմ քվեարկելու, բայց, այնուամենայնիվ, գրավոր դիմելու եմ ԱԱԾ-ին՝ մեր բարձրաձայնած խնդիրների շուրջ եւ փորձելու եմ հասկանամ՝ իմ պնդումները իրավունքի, սահմանադրության տեսանկյունից, գաղտնի ծառայության տրամաբանության տեսանկյունից ունենո՞ւմ են, թե՞ չեն ունենում: Կողմ եմ քվեարկելու, չնայած մեծ հաճույքով հա՛մ ձեռնպահ կքվեարկեի, հա՛մ դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031