Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանն ամենօրյա ռեժիմով քննադատում էր Նիկոլ Փաշինյան անձին, եւ նրան վերցրեցին արգելանքի․ մարդկանց լռեցնելը մեծ թափ է հավաքել»․ փաստաբան

Դեկտեմբեր 08,2023 16:42

«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ. մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ փաստաբան Բենիկ Գալստյանն անդրադարձավ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային։

Ըստ նրա՝ 2020 թվականի վերջից քաղաքական բանտարկությունները, մարդկանց լռեցնելը մեծ թափ է հավաքել եւ մինչ օրս շարունակվում է։ «Հիմա մենք ունենք քաղաքացիների մի ստվար զանգված, ովքեր ժողովրդի լայն հատվածներին հայտնի չեն, եւ այդ մարդկանց քանակը մոտ 100 եւ ավելի է։ Օրինակ՝ ես ունեմ գործեր, որոնք այս պահին դատաքննության փուլում են եւ առնչվում են 2021 թվականի ցույցերին։ Այստեղ ունենք մի իրավիճակ, երբ հասարակ քաղաքացիների նկատմամբ նույն կալանք խափանման միջոցը կիրառվում է զուտ պատժողական նպատակով, բայց այստեղ պատժողական նպատակից բացի` ունեն ավելի կարեւոր խնդիր՝ մյուս քաղաքացիների, անձանց համար ցուցադրում է լինում, որ եկաք ցույցի, ձեր ձայնը բարձրացրեցիք, կկալանավորվեք։ Այն հարցերը, որոնք առնչվում են երկրի սուվերենությանը, այդ հարցերով կարմիր գիծ կա քաշված, իրավապահ համակարգն աշխատում է շատ «էֆեկտիվ» եւ ի վերջո` այդ գործն ավարտվում է անձին ապօրինի արգելափակելով»,- ասաց փաստաբանը։

Բենիկ Գալստյանի խոսքով՝ կան անձինք, որոնց կալանավորումն ավելի կարեւոր նշանակություն ունի այս իշխանությունների համար։ Իշխանություններն իրենց մրցակից են համարում այն մարդկանց, ովքեր խոսում են ու վեր են հանում իրենց ստերը։ «Խոսքը վերաբերում է Արմեն Աշոտյանին, որը առնվազն 2018 թվականից բարձրաձայնում էր այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած ոչ կոմպետենտ է որպես ղեկավար, որդեգրել է անհասկանալի քաղաքականություն Արցախյան հիմնահարցի հետ կապված։ Արմեն Աշոտյանը ամենօրյա ռեժիմով քննադատում էր Նիկոլ Փաշինյան անձին, նրան վերցրեցին արգելանքի։ Եվ նա առնվազն 4 ամիս զրկված էր որեւէ անձի հետ շփվելուց։ Չանդրադառնամ այդ խափանման միջոցի կիրառման հիմքերին, որոնք միգուցե մի իրավաբանի համար ծիծաղելի լինեն, մյուսի համար՝ տարակուսելի։ Նույն իրավիճակն է Գրիգորի Խաչատուրովի գործով։ Այս մարդկանց հիմնական ցանկությունն այն է, որ քաղաքական օպոնենտները լռեն։ Քաղաքական օպոնենտներն էլ, ի պատիվ իրենց, չեն վախենում կալանավորումից ու չեն լռում։ Մեթոդը սա է՝ իմ կարծիքով՝ պատժիչ չէ, ավելի շատ կանխարգելիչ է, որպեսզի անձանց ձայնը լսելի չլինի»,- նշեց Բենիկ Գալստյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031