Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է մարդկանց նկատմամբ պատժիչ մահակի»․ Գոհար Մելոյան

Դեկտեմբեր 08,2023 16:10

«Շատ խնդրահարույց պայմաններում ենք գտնվում, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանությունն այն բնագավառներից է, որի շուրջ հանրության մոտ ծայրահեղ երկբեւեռ մոտեցում է ձեւավորված։ Ունենք իրավիճակ, որ մի կողմից՝ օրվա իշխանությունը մարդու իրավունքների պաշտպանությունը ներկայացնում է դրական ուղեծրով, բայց մյուս կողմից՝ ունենք փաստացի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում են»,- այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում կազմակերպված «Հայաստանը՝ ապօրինությունների խաչմերուկ. մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Ըստ նրա՝ այսօր Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան՝ հենց առաջին հերթին խոսքի ազատության հիմնարար իրավունքի իրացման հետեւանքով։

Նա նշեց, որ մենք ապրում ենք այն պայմաններում, երբ գործադիր իշխանության ղեկավարի կոչով շրջափակվում են դատարանները, շրջափակվում է օրենսդիր մարմինը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հետապնդումներ են լինում։

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ ԲԴԽ-ն, լինելով դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, վերածվում է դատավորներին վերահսկող եւ պատժող մահակի։

«Բազմաթիվ դրվագների ենք առերեսվել փաստացի ու բացահայտ, երբ խախտվել են ժողովրդավար ու իրավական պետության հենասյունային սկզբունքները։ Դրանք են՝ իշխանությունների տարանջատումը՝ իրենց զսպման եւ հակակշռման մեխանիզմներով, օրինականության սկզբունքը, որը մեր ձեռքբերումներից էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո։ Ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ պաշտոնատար անձինք օրենքը եւ այս հենասյունային սկզբունքները կամարտահայտորեն բազմաթիվ անգամներ խախտել են։ Արձանագրում ենք, որ ժողովրդավարության եւ իրավական պետության հենասյունային սկզբունքների հետ կապված խնդիրներ ունենք արդեն իսկ։ Եվ մեզ թույլ ենք տալիս ասելու, որ, այո, այսօր մարդու իրավունքների պաշտպանվածության խնդիր ունենք»,- ասաց Մելոյանը։

Ըստ նրա՝ օրվա իշխանության համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող տարբեր գործերով միջամտություններն ու ազդեցություններ ակներեւ են։ «Օրինակ՝ երբ իրավիճակ է լինում քաղաքացին դատավորի հասցեին վանկարկում է ինչ-որ եզրույթներ, դրան անմիջապես հետեւում են իրավապահ մարմինների հուժկու գործողությունները։ Վառ օրինակը դատավոր Դանիբեկյանի գործն է։ Նույն զուգահեռ իրականությունում, երբ Սահմանադրական դատարանի կին դատավորը դուրս է գալիս դատարանից, նրա նկատմամբ ոչ միայն թույլ են տալիս վիրավորական արտահայտություններ, այլ ընդհուպ ֆիզիկական միջամտություն, գալիս ձեռքից քաշում են իրավապահ մարմնի ներկայացուցչի ներկայությամբ, որեւէ գործողություն չի հետեւում այդ քաղաքացու ապօրինությանը։ Այսինքն՝ իրավապահ մարմնի ներկայացուցիչը լուռ հանդուրժում է՝ զուտ քաղաքական մոտիվերով։ Սա տարրական օրինակ է, երբ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ երկու քաղաքացիների նկատմամբ լիովին ծայրաստիճան տարբեր վերաբերմունք է դրսեւորվում»,- ասաց նա։

Գոհար Մելոյանի խոսքով՝ հատկապես վերջին երեք տարիներին ցույցերի ու հավաքների ժամանակ ոստիկանության ու իրավապահ մարմինների կողմից ոչ միայն իրենց լիազորությունների սահմանազանցման մի շարք դրվագների հետ ենք առնչվել, այլ նաեւ ծայրաստիճան ապօրինություններ են եղել։ «Եվ որեւէ ոստիկանի ապօրինի գործողությանն անգամ կարգապահական տույժ չի հետեւել։ Այսինքն՝ իշխող ուժը հրահրում է եւ իր կամարտահայտությամբ է հանդես գալիս իրավապահ մարմնի ապօրինի գործողությունների նկատմամբ»,- հավելեց նա։

Մելոյանը բարձրաձայնեց նաեւ հարցը, որ վերջին հինգ տարիներին նվազագույն մակարդակի է հասցված կարեւորագույն, ընդհուպ մինչեւ սահմանադրական օրենքների ընդունման գործընթացներում հանրային մասնակցությունը։ Կարեւոր օրենքները, այդ թվում՝ մարդու իրավունքների հիմնարար ազատությունները սահմանափակող, ընդունվում են արագացված ընթացակարգերով, հիմնականում կառավարության նախաձեռնությամբ։

Նա հավելեց, որ Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ քաղաքական նկատառումներից ելնելով՝ կիրառվում են խստագույն պատժամիջոցներ։ «Մեր երկրում կալանքը խափանման միջոցից վերածվել է մարդկանց նկատմամբ պատժիչ մահակի։ Մեր օրերում կալանքը դարձել է քաղաքական խոսք արտահայտող մարդկանց մեկուսացնելու փորձ՝ ընդհուպ նրանց անգամ ընտանիքի անդամների հետ շփումից են զրկում։ Ամեն ինչ արձանագրվում է, եթե ոչ հիմա, ապա հետագայում պատմական եւ իրավական գնահատականի արժանանալու է»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031