Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց. «Օրերս թափառող շներից վախենալու հետեւանքով դպրոցական երեխաները դպրոց գնալու ճանապարհին վազել էին եւ նրանցից մեկը վայր էր ընկել, ցավոք սրտի՝ գլուխը հարվածել էր սալիկներին եւ մահացել էր այդ երեխան: Դրան հաջորդեց թափառող շների հանդեպ ատելության արշավ եւ փաստացի երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի: Առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին, նրանց վրա մի քանի անգամ կրակել են եւ սա արդեն բորբոքել է եւ ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում»:
Արեգնազ Մանուկյանն ասաց, որ հասարակությունը բաժանվել է երկու մասի, կան մարդիկ, որ ասում են՝ միանշանակ պետք է վերացնել թափառող կենդանիներին, եւ կան կենդանասերներ, որոնք ասում են՝ մարդիկ իրենց վերաբերմունքով են արժանանում հարձակման. «Ես չեմ ուզում քննարկել, թե կողմերից ով է ճիշտ, բայց մեկ բան ակնհայտ է՝ սա միանշանակ կառավարության եւ իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետեւանք է: Կառավարությունը պետք է առնվազն ապահովի ստերջացման համակարգը, թերի է կատարում եւ այնտեղ էլ բազմաթիվ կոռուպցիոն երեւույթների կարող ենք հանդիպել եւ իրավապահ համակարգ, որը հանդուրժում է այս անպատժելիության մթնոլորտը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ