Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվեց Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:
Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:
Այսօր հարցաքննվեց տուժող Լեւոն Խառատյանը:
Նա ասաց, որ հունվարի 18-ին, մինչեւ դեպքը իրենք զորամասում են եղել՝ «միներն ենք տեղափոխել»: Հետո գնացել են այն վայրը, որտեղ բնակվել են, այսինքն՝ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարան, զբաղվել են իրենց հիգիենայով. «Հետո, քուն, բառացի այդ ժամանակ չունեինք, բայց դե ինչքան հիշում եմ, գնացինք՝ աղոթեցինք: Արամոն ասաց՝ աղոթենք, նոր քնենք: Աղոթեցինք, հետո, որ ես պառկեցի արդեն, պիտի կարաուլ կանգնեի, ժամը կոնկրետ չեմ հիշում, բայց 23-24-ը ընկած հատվածում արդեն. 23-ին պիտի կանգնեի կամ 24-ին, պիտի փոխեի Հայկոյին՝ Կիրակոսյան Հայկին: Հետո, 15-20 պակաս միշտ հանում էին մեզ հերթապահները. Ռադիկն է Մարտիրոսյան եկել հանել ինձ, որ գնամ կանգնեմ հերթապահ: Գնացել եմ, հանդերձավորվել եմ, Ռադիկի հետ գնացել ենք փոխել եմ Հայկին: Դրանից հետո, երեւի մի քանի րոպե անց՝ 10, 20, չգիտեմ, կոնկրետ չեմ հիշում ժամանակը երբ է անցել, որ մտնում եմ ներս, չեմ հիշում ի՞նչ պատճառով էի մտնում ներս, Եղիշը Հակոբյան, ասում է, որ փայտ բերեմ, ոնց որ վառարանը հանգել է: Փայտը գնում՝ բերում եմ: Եղիշն ինչ-որ վառելիք է ուզում, ասում է՝ ինչո՞վ եք վառում. դե, հիմնականում վառում էինք սալյարկան՝ թեփի մեջ լցրած: Էդ պահին ոնց որ ասում եմ՝ չգիտեմ, էլի, հիմա կոնկրետ որտեղ է: Ոնց որ ինքն էլ ասում է՝ Վաղոյին ասեմ կամ Արսենին, որովհետեւ ինքը գիտեր, որ Վաղոն ու Արսենը դուրսն են: Իրենցից մեկին եմ զանգահարում, չեմ հիշում այդ ժամանակ կոնկրետ ում եմ զանգահարել, ասում եմ, իրենք էլ, ոնց որ չեմ հիշում էլի, թե ինչ են պատասխանել, բայց երեւի ասել են, որ կբերեն, որովհետեւ էդպիսի բան չի եղել այսքան ժամանակ, որ ասենք՝ սալյարկա է պետք, որ վառարանը կպցնենք, ինչ-որ մեկը հրաժարվի, որ բերի»:
Կարդացեք նաև
Վկան պատմեց, որ դրանից հետո գնացել է՝ տարածքով պտտվել ու երբ նորից է վերադարձել՝ ցանկացել է ներս մտնել, որ թեյ կամ սուրճ վերցնի, մուտքի մոտ, երբ դուռը բացում է, տեսնում է, որ Եղիշե Հակոբյանի ձեռքն է վառվում. «Ննջասենյակի դեմի միջակայքը վառվում է: Արդեն միանգամից մտնում եմ ներս, բռոննի-բան, սաղ հանում՝ գցում եմ, էնտեղ մի հատ բուշլատ է դրած լինում դիվանի մոտ, էդ բուշլատով եմ փորձում հանգցնեմ, հետո զգում եմ, որ չեմ կարողանում հանգցնել, հետ-հետ եմ գալիս: Էդ ժամանակաընթացքում անընդհատ գոռում էինք՝ տագնապ է, հրդեհ է, դուրս եկեք: Անընդհատ գոռում էինք: Հետո զգում եմ, որ չեմ կարողանում հանգցնել՝ մտնում եմ էդ կրակի մեջ, արդեն բոցը շատ տարածված էր, էլի, դուռը բացում եմ, դուրս եմ գալիս, ինձ գցում եմ ձների մեջ: Դրանից հետո, հիշում եմ, որ Եղիշն էր, էլի մեկ կամ երկու հոգի, պատուհանի մոտ էին, մարդ էին ուզում հանեին: Մի հոգի հիշում եմ, որ դուրս եկավ. իմ հիշելով՝ Գարուշն էր, էդ մի հոգին, որ դուրս եկավ: Մեկ էլ հիշում եմ, որ այդ 07 էր կամ 06՝ սպիտակ, որ մեզ տարան հոսպիտալ. անընդհատ՝ քնել-արթնացել, հետո կոմայի մեջ եմ եղել 4 օր: Այդքանն էր»:
Տուժողը հայտնեց, որ ինժեներասակրավորային վաշտում 22 զինծառայող է եղել, դեպքի օրը Արթուր Ծախաբեկյանը արձակուրդում է եղել, ինքը չի հիշում, բայց ասել են, որ «Վաղոն ու Արսենը գնացել էին ջուր բերելու», իսկ Ռադիկը հերթապահն է եղել: Մյուսները ննջարանում են եղել: Ինքը հետո լսել է, որ Ժիրայրն ու Վարուժը դուրս են եկել ննջարանից: Նա հստակ չկարողացավ ասել, թե հենակետերից որքան հեռավորության վրա էր տեղակայված ժամանակավոր զինվորական կացարանը, բայց իր պատկերացմամբ, մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա են եղել:
Ժամանակավոր կացարանում եղել է առանձին պահոց, առանձին խոհանոց. դրանք երկու առանձին շինություններ էին: Նաեւ բաղնիք է եղել, դարձյալ առանձին կառույց: Տունն էլ ունեցել է նախամուտք, որը չի ջեռուցվել: Միջանցքի աջ կողմի դուռը տանում էր դեպի զենքերի պահոց, մի փոքր այն կողմ էլ ննջասենյակն էր. երկու սենյակներն իրար միջանցքով էին միանում: Տան հատակը փայտից է եղել. հյուրասենյակը վերանորոգվել էր զինվորների ջանքերով: Տան պատերը քարից են եղել, իսկ տանիքի նյութին տուժողը ուշադրություն չի դարձրել:
Գյուղում մեկ այլ ժամանակավոր կացարան էլ է եղել, որտեղ երկուական անձով են հերթապահություն իրականացրել: Վերջին հերթապահությունն այդ կացարանում հրդեհից մեկ օր առաջ է եղել. «Որ միները տարել էինք, էլ հսկելու բան չկար, հրամանը եկել է մեզ վաշտի հրամանատարից ու ծառայության պետից, իրենք էին մեզ ասում՝ ինչ անենք, որը որտեղ տանենք»: Վկան պատմեց, որ նման հերթապահությունները իրականացվել են սեպտեմբերի 13-ից՝ Ջերմուկր վրա հարձակումից հետո: Իրենք էլ մեկ այլ բունկերում են 30-40 օր ապրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Չորս ջոկատ է եղել եւ երկու օրը մեկ հաճախականությամբ են հատուկ պահվող սպառազինության պահեստում հերթապահություններ իրականացրել, կազմակերպվել է այնպես, որ մյուս՝ ժամանակավոր կացարանի մոտ իրականացվող հերթապահություններին չխանգարի:
Վկան ասաց, որ սեպտեմբերի 13-ից հետո, իրենց հետ պարտադիր վերադաս պատասխանատու ներկայացուցիչ է մնացել: Հիմնականում մնացել են Գոռ Մարգարյանը, Մանասերյան Տիգրանը՝ դասակի հրամանատարը, վաշտի ավագ Սերոբը եւ Եղիշե Հակոբյանը: Օրվա վերակարգային ծառայություն իրականացվել է. հիմնականում սերժանտներն ու կրտսեր սերժանտներն են հերթապահել, շարքայինները՝ վերակարգ են եղել: Հերթապահությունը հերթափոխով է իրականացվել: Վերակարգի հստակ գրաֆիկ չի եղել, որոշվել է ըստ աշխատանքի եւ հոգնածության: Զորամասին հատկացված է եղել ավտոպարկ. դրանց աշխատանքի համար տրամադրվել է սոլյարայուղ: Իսկ հոսանքի գեներատորների աշխատանքի համար բենզին է հատկացվել: Թե դեպքի օրը բենզինով լցված տարաները որտե՞ղ են դրված եղել, տուժողը չի հիշում:
Իր հերթապահության ընթացքում, զորամասի տարածքով շրջելիս, արտասովոր բան, ասաց, որ չի նկատել: Հիշում է, որ այդ անգամը տարաների բացակայության պատճառով, բենզինը ստանալիս լցրել էին 5 լիտրանոց տարաներում ու այդ օրը տարածքում շրջելիս, ինքը նման տարաներ չի նկատել: Մեղադրողն ասաց, որ դեպքի վայրի զննությամբ իր մատնանշած տարաներից 9 հատ հայտնաբերվել է: Տուժողը պատասխանեց. «Լինում էր, որ բերում էինք, այդտեղ էինք դնում տարաները, բայց կոնկրետ այդ օրը չեմ հիշում՝ նկատե՞լ եմ, չեմ նկատել. դրա համար հաստատ չասեմ: Չեմ հիշում, կարող է եւ նկատած չլինեմ»:
Տուժողը պատմեց, որ վառարանը տեղադրված էր տան հյուրասենյակի ձախ կողմում՝ մուտքից 2-3 մետր հեռավորության վրա, իսկ զորանոցի համար նախատեսված սենյակից՝ 2-3 քայլ հեռավորության վրա: Վառարանը դրված է եղել փայտե հատակի վրա՝ առանց տակդիրի: Վառարանը տեղադրել են իրենք՝ շարքային զինծառայողներով, այն բերել էր զինծառայողներից մեկի ծնողը, վառելու մեթոդն էլ իրենցից ամենագիտակը՝ Արամոն է սովորեցրել: Վերադասությունից՝ ջեռուցման հարցերը համակարգելու մասին, վկան տեղեկություն չունի, չի հիշում, որ որեւէ վերադաս հատուկ զգուշացրած լինի՝ բենզինով չի կարելի վառարանը վառել: Դեպքից հետո իմացել է, որ հրաման կա ստորագրված, որով արգելվում է բենզինով վառարան վառելը: Ասում է՝ իրենք էլ լավ հասկանում էին, որ բենզինով չի կարելի վառարան վառել: Վառարանը վառող, հետեւող կոնկրետ պատասխանատու չի եղել, ով ներսում է եղել՝ նա էլ վառել է: Վառարանը վառած են պահել նաեւ գիշերները՝ պատասխանատուն կամ հերթապահն էր հետեւում: Այսպես կոչված, համակարգումն էլ ավագ զինծառայողների կողմից է իրականացվել: Երկու ջեռուցման սարք է եղել նաեւ՝ Արամի եւ Նարեկի մոտ, նրանց սենյակում: Նարեկը տանից էր բերել ջեռուցման սարքը:
Վառելիքի հարցով վերադասներն են զբաղվել՝ վաշտի եւ դասակի հրամանատարները, օրինակ, Զոդի հանքերից փայտ են բերել նրանց համակարգմամբ: Ավելի բարձր օղակներից նման հարցերով միջամտության դեպք տուժողը չի հիշում: Միշտ իրենց այցելել է ծառայության պետը, Եղիշե Հակոբյանն էլ, մեկ-երկու անգամ թիկունքի պետն է այցելել, զորամասի կոմունալ շահագործման պետ Մառլեն Սարգսյանին չի հիշում, որ իրենց այցելած լինի: Վերադասներից նաեւ Վազգեն Նիկողոսյանին է հիշում, որ իրենց այցելել է բավական հաճախ՝ շաբաթական 3-4 անգամ եւ «Ցուլ» մականունով հրամանատարին: Նոր տարվա գիշերն էլ են վերադասությունից իրենց այցելել են, հստակ չի հիշում, թե ովքե՞ր, բայց հրամանատարի տեղակալին չի հիշում, որ այցելել էր:
Վառարանը տեղադրելուց հետո, տուժողը հաստատ ասում է, որ Եղիշե Հակոբյանը այցելել է իրենց, վաշտի հրամանատարը նույնպես: Նիկողոսյան Վազգենն ու թիկունքի պետը՝ չի հիշում՝ այդ ժամանա՞կ են եկել, թե՞ այլ: Հիշում է, որ մի անգամ էլ նախարարությունից էին եկել, բայց չի հիշում այդ ժամանակ վառարանը տեղադրվա՞ծ էր, թե՝ ոչ:
Այնուհետ վկային հարցեր տրվեցին, որոնք առնչվում էին պետական գաղտնիքի հետ, ուստի լրագրողներին արգելվեց լուսաբանումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ