«Տեղի է ունենում գողություն, քաղաքացին զանգում է 102: Մենք խնդիր ունենք, 102-ը կարող է 20 րոպե չպատասխանել, հետո հետ զանգել: Քաղաքացին զանգում է տեղի ոստիկանության բաժանմունք, կապվում է հերթապահ մասի հետ, ոստիկանները հարցաքննում են, քաղաքացին պատմում է՝ ինչ է տեղի ունեցել: Ոստիկանները այցելում են դեպքի վայր, նորից հարցնում են՝ ինչ է տեղի ունեցել, քաղաքացին ներկայացնում է իրավիճակը, ասում է՝ տեղի է ունեցել այս-այս հանցանքը այսինչ ժամին, այս իրավիճակում: Կանչում են ոստիկանության այլ մասնագետի, կամ քաղաքացուն հրավիրում են ոստիկանության բաժանմունք, որպեսզի ցուցմունք տա: Քաղաքացին տեղափոխվում է ոստիկանության բաժանմունք, ցուցմունք է տալիս: Հետո գալիս են քննիչները: Քննչական գործողությունները եւ փորձաքրեաիրավագիտական մասնագետները պետք է տեղում զննություն իրականացնեն, քաղաքացին հետ է գնում դեպքի վայր: Տեղի է ունենում այդ փորձաքննությունը եւ քննչական գործողությունները՝ տեսաձայնագրության միջոցով: Հետո քաղաքացին պետք է գնա քննչական մարմին, նորից պետք է ցուցմունք տա ինչ է տեղի ունեցել»,- այսպես մանրամասն նկարագրելով քաղաքացու գործողությունները՝ այսօր ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց, որ այսքան գործողություններից հետո քաղաքացին չի ուզում ընդհանրապես դիմել իրավապահ մարմիններին:
Նա առաջարկեց ՆԳՆ-ի բարեփոխումների շրջանակներում նվազագույնի հասցնել վարչարարությունը թե՛ քաղաքացու, թե՛ լիազոր մարմնի համար եւ սրա լավագույն լուծումը, ըստ նրա, թվայնացումն է, էլեկտրոնային լուծումները:
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ երբ 102-ի զանգերին չեն պատասխանում, այնպես չի, որ ազատ են աշխատակիցները ու չեն պատասխանում, մեկ այլ քաղաքացու զանգի են վստահաբար պատասխանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ