Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկը սառնասիրտ դեմքով ասում է՝ խորհուրդ ենք տալիս հրաժարվել ձեր երեխայից». Անժելա Աղաջանյան

Դեկտեմբեր 08,2023 15:24

«Ես Մելեա Միլիտոսյանն եմ, հաշմանդամություն ունեցող երեխայի մայր: Մենք ծնողներով միավորվեցինք, որպեսզի բոլորիս ցրված ուժերը կենտրոնանան եւ ավելի լսելի դառնանք: Իմ կողքին նստած են ծնողներ, որոնք ունեն տարբեր խնդիրներով երեխաներ: Oրինակ, իմ երեխան աուտիզմ ունի, 13 տարեկան է, եւ 10 տարուց ավելի ես պայքարում եմ տարբեր ոլորտներում: Ու քանի որ ամեն մեկս առանձին պայքարում էինք մեր առօրյա խնդիրների լուծման համար, որոշեցինք միավորվել եւ ավելի լսելի լինել»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց «Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ասոցիացիա» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մելեա Միլիտոսյանը՝ խոսելով ասոցիացիայի ստեղծման մասին: Նա ասաց, որ ցանկանում են այնպիսի փոփոխություններ լինեն ոլորտում, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակը լավանա:

«Փառք Աստծո, վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող մարդիկ բավականին ակտիվ են, կարողանում են բարձրաձայնել իրենց խնդիրները, պաշտպանել իրենց իրավունքները, բայց մեր երեխաներն իրենց խնդիրների պատճառով չեն կարողանա իրենց պաշտպանել: Դրա համար էլ՝ մենք որպես խնդիրը կրող ծնողներ, որոշել ենք բարձրաձայնել մեր երեխաների խնդիրների մասին: Առաջին խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, դա դեպքը վարող մասնագետի բացակայությունն է: Երբ երեխան ստանում է ախտորոշում, յուրաքանչյուր ընտանիք ընդունման փուլ է անցնում: Շատ ընտանիքներում դա ավելի երկար է տեւում, որոշներում՝ ավելի կարճ: Անհրաժեշտ է իրազեկ մասնագետ, որը կցվի ընտանիքին, որպեսզի ընտանիքն անմիջապես դիմի, եւ երեխայի հետ սկսեն աշխատել: Այդ մասնագետն արդեն միջազգային փորձում գոյություն ունի, բավական լավ աշխատող փորձ է, ինչը կարելի է նաեւ Հայաստանում կիրառել»,-ասաց տիկին Մելեան:

Նրա խոսքով. «Հաճախ ծնողներն անիրազեկ են լինում, տեղյակ չեն լինում, թե ում եւ ինչպես դիմել, ինչից սկսել, ինչի պատճառով հապաղում է երեխայի վերականգնումը, ուստի կարիք կա, որ կոնկրետ մասնագետը, որը իրազեկ է բոլոր ծառայություններից, օգնի, ուղղորդի ընտանիքին: Այսինքն՝ լինի կապը ընտանիքի եւ պետության միջեւ»:

Մելեա Միլիտոսյանն ասում է, որ բավականին մեծ սթրես է ընտանիքի, ծնողների համար միանգամից ախտորոշում ստանալը եւ այդ ախտորոշմամբ երեխայի հետ աշխատելու գործընթաց սկսելը, ուստի ընտանիքները կարիք ունեն հոգեբանների. «Հոգեբաններ են հարկավոր, որպեսզի ընտանիքը կարողանա այդ դժվարին փուլերը միայնակ չանցնել: Հաճախ շատ ընտանիքներ ամաչում են հասարակության, միջավայրի կարծիքից, չեն դիմում մասնագետների, իսկ այդ դեպքում երեխաների վիճակն ավելի է վատանում, եւ ինչքան ուշ են սկսում մասնագետներն աշխատել, այդքան ավելի երկարում է վերականգնման գործընթացը»:

Ասոցիացիայի ծնողական փոխօգնության խմբի համակարգող Անժելա Աղաջանյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը ստեղծել են մի շարք հիմնախնդիրներից ելնելով. «Մենք ինքներս արդեն իսկ անցել ենք այդ ճանապարհով… Բժիշկը գալիս է, շատ սառնասիրտ դեմքով ասում է՝ ձեր երեխան ունի այս խնդիրները, ձեզ խորհուրդ ենք տալիս հրաժարվել ձեր երեխայից… Կարծում ենք, որ նման դեպքերում մենք պետք է գանք օգնության, ու հակառակ բժշկական խորհրդի՝ ցույց տանք մեր փորձը, մեր անցած ճանապարհը, սատար կանգնենք ծնողներին… Փոխօգնության խումբը հենց դրա համար է ստեղծվել: Կարող ենք, օրինակ, հոգեբանական աջակցություն տրամադրել: Մենք ունենք ծնողների թիմ, որտեղ պատրաստված տարբեր մասնագետներ են, բոլորը բարձրագույն կրթությամբ…»:

Մելեա Միլիտոսյանը ի թիվս այլնի՝ անդրադարձավ նաեւ սոցիալական զամբյուղին. «Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխայի պետությունը նախատեսում է սոցիալական զամբյուղ, ասում եմ՝ երեխա, որովհետեւ չափահաս դառնալուց այդ զամբյուղը կրճատվում է: Հաշմանդամություն ունեցող չափահաս մարդուն պետությունը տրամադրում է միայն իր հաշմանդամության թոշակը, իսկ անչափահասների համար պետությունը նախատեսում է որոշակի սոցիալական զամբյուղ, որն իր մեջ ներառում է կարիքների լուծման համար որոշակի դրամական միջոցներ: Չափը հայտնի չէ, մեր հարցումների արդյունքում չենք կարողացել ոչ մի կերպ պարզել: Չենք կարողանում նաեւ իմանալ, թե որտեղ է ծախսվում այդ գումարը, որը պետությունը նախատեսում է մեր երեխաների համար:

Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար շատ հաճախ նախատեսվում են սայլակներ, որոնք ընդհանրապես շատ ընտանիքներ չեն էլ վերցնում, որովհետեւ դրանք անհարմար են: Վերցնելու դեպքում ծնողը կրկնակի ծախս է կատարում, որպեսզի դա հարմարեցնի իր երեխային: Մենք միջազգային փորձն ուսումնասիրելով՝ պարզել ենք, որ կա սերտիֆիկատ, որն իր մեջ ներառնում է պետության կողմից տրամադրվող դրամական սոցիալական զամբյուղը: Մենք ցանկանում ենք, որ դա սերտիֆիկատի վրա լինի, որպեսզի ծնողն իմանա՝ նախ դա ինչքան է, ունենա հնարավորություն դա տնօրինելու, ոչ թե կանխիկացնելու, այլ կոնկրետ ծառայությունների վրա ծախսելու: Ծնողը պետք է հնարավորություն ունենա ընտրելու իր երեխայի համար այս պահին կարեւորագույն ծառայությունը, դա կլինի հոգեբանի ծառայություն, օրթոպեդիկ կոշիկ, թե մի այլ բան: Սա արդեն աշխատող մեթոդ է Ռուսաստանում եւ Վրաստանում, որը թափանցիկ է, եւ ծնողն է իմանում, թե պետությունն ինչ է տալիս իր երեխային, եւ պետության տրամադրած ամբողջ փաթեթը օգտագործվում է երեխայի վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031