Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքը կրել չի նշանակում, որ կարող է զենքը գցել ուսին ու քաղաքում շրջել. Արփինե Սարգսյան

Դեկտեմբեր 08,2023 15:06

Այսօր ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց, թե ընտանեկան բռնությունների համատեքստում ՀԿ-ները մտահոգություն են հայտնում՝ բռնարարների դեպքում զենք ունենալու հնարավորությունները որքանո՞վ են սահմանափակված:

Փոխնախարարը պատասխանեց. «Շատ հաճախ, երբ խոսում ենք զենքի շրջանառության ազատականացման մասին, դա թյուրընկալման տեղիք է տալիս: Մտածողությունը տանում է նրան, որ ամեն ինչը բաց է՝ առանց ռիսկերի գնահատման: Բայց նոր օրենքի շրջանակներում մենք մանրակրկիտ դիտարկել ենք ռիսկերը: Եթե առաջին անգամ համապատասխան քննության խողովակով անցնելու պայմաններում քաղաքացու համար քաղաքացիական զենք ստանալու կարգավորում է նախատեսվել, քննական պրոցեսը բարձիթողի վիճակում չի կազմակերպվելու: Կան անվտանգային, ընտանեկան բռնության եւ այլ ռիսկեր, որոնք բնականաբար հաշվի են առնելու»:

Փոխնախարարն ասաց, որ այսօր օրենքի կարգավորումը թույլ է տալիս զենք չտրամադրել այն անձին, որը դիտավորությամբ հանցագործության կատարման համար կամ զենքի գործադրմամբ թեեւ անզգուշությամբ կատարված հանցանքի համար քրեական հետապնդման է ենթարկվում: Եթե արդեն իսկ զենք ստացել է անձը, այն ուժը կորցրած է ճանաչվում:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը զենք կրելու թույլտվության հետ կապված հարցրեց. «Կմանրամասնե՞ք՝ ՆԳՆ-ն, ինչպես հասկացա, վերապատվիրակում է լիցենզավորված ՀԿ-ների, որոնք քաղաքացիների քննություններն են վերցնում եւ ներկայացնում են նախարարությանը թույլտվության համար: Քանի՞ ընկերություն կա, որ լիցենզիա են ստացել ՆԳՆ-ից՝ նման գործունեության համար»:

Փոխնախարարը պատասխանեց, որ մեկ կազմակերպություն կա, որը հրաձգարանի լիցենզիա է ստացել, իսկ տեսական եւ գործնական քննությունների մասով՝ 2 կազմակերպություն:

ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց՝ զենքի թույլտվություն ունեցող անձը իրավունք ունի կրել եւ բնակության վայրում պահել որսորդական, սպորտային, ողորկ, երկարափող հրազեն կամ որսորդական օդաճնշիչ զենք, ի՞նչ է նշանակում կրել երկար ողորկափող հրազենային տեսակ, սա նշանակո՞ւմ է, որ քաղաքացին ուղղակի կարող է գցել ուսին ու քաղաքում շրջել կամ մեքենայում ունենալ, բեռնախցիկում պահել: Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Բեռնախցիկում պահել կամ փոքր արկղիկում պահելը զենքը պահելու հետ կապված հարաբերություններն են: Իսկ կրելը ենթադրում է իր վրա կրել՝ մարմնի վրա ցանկացած տեղ՝ կրում ձեռքին կամ ուսին եւ այլն, բայց բնականաբար դա չի ենթադրում զենքը կրել ձեռքի վրա կամ ուսին եւ դրանով պտտվել հանրապետությունով մեջ, որովհետեւ կան զենքի օգտագործման համապատասխան վայրեր, որտեղ տրամաբանական է դրանց օգտագործումը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031