Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով, իրոք, դա կատաստրոֆա էր». Վլադիմիր Վարդանյանը պատմում է, թե ինչ է տեսել «Արմավիր» քրեակատարողականի խոհանոցում

Դեկտեմբեր 08,2023 14:38

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների հարցը, որով առաջարկվում է առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հանցակազմի համար սահմանել այնպիսի ծանրացնող հանգամանք, որն է արարքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական, սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կատարելը:

Քրեական դատավարության օրենսգրքում ավելացվում է առանձին գլուխ՝ հատուկ վարույթ՝ համաձայնեցմամբ տուգանք նշանակելը: Եթե նախաքննության ավարտին անձը մեղադրվում է ոչ մեծ ծանրությամբ հանցանք կատարելու համար, առաջին անգամ է հանցանք կատարել եւ փաստաբանի ներկայությամբ համաձայնություն է տալիս, որ իր նկատմամբ կիրառվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, ապա քննիչը դատախազի համաձայնության դեպքում փոխանցում է դատարանին ու կիրառվում է տուգանքի նվազագույն չափով պատժատեսակը: Սա հնարավորություն կտա բեռնաթափել նախաքննական մարմիններին:

Դատական նիստերը, հարուցված վարույթները հաճախ ձգձգվում են, որովհետեւ կողմը բժշկից տեղեկանք է բերում ու ասում առողջական խնդիրներ ունի, չի կարող գալ: Հիմա նախատեսվում է սահմանել լիազոր մարմին, որովհետեւ քննիչը կամ դատավորը բերած տեղեկանքից չի կարող գնահատել՝ տվյալ անձը այդ հիվանդությամբ կարո՞ղ է մասնակցել դատական նիստին: Կարող է լինի հիվանդություն, բայց սրացում չլինի, կարողանա մասնակցել: Հարցը կկարգավորվի մասնագիտական տիրույթում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը իր ելույթում խոսեց քրեակատարողականների մասին. «Սյունիքից, Տավուշից մարդիկ գալիս են քրեակատարողական հիմնարկի մոտ, մեկ օր հերթ կանգնում եւ կալանավորին տալու ապրանքը փչացած հետ են գնում: Երբ գրություններ ես ուղարկում արդարադատության նախարարություն, լուծումն էլ ես ասում, խոստումն էլ ես ստանում, որ պիտի անենք ու մինչեւ օրս չի արվում, ստիպված ենք ԱԺ ամբիոնի ամբիոնից բարձրաձայնել այդ խնդիրը: Խնդիրը պե՛տք է լուծվի, մեր քաղաքացին դրան արժանի չի»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն (լուսանկարում) էլ կիսեց իր տպավորություններով. «Հիշում եմ, երբ առաջին անգամ Արմավիր ՔԿՀ այցելեցինք, դա 2019-ի սկիզբն էր, այն տեսարանը, որ տեսանք խոհանոցում, սննդի այն որակը, որ կար այստեղ, մենակ մեկ հարց բարձրացվեց այնտեղ, որ մեր քաղաքացին, թեկուզ հանցագործություն կատարած, իրոք, սրան արժանի չէ: Բայց արեք արձանագրենք, որ վերջին 3-4 տարիների ընթացքում սննդի որակը ՔԿՀ-ներում էապես բարձրացվել է եւ համապատասխան է այն որակին, որը սովորաբար բնորոշ է քաղաքակիրթ երկրներին: Հանձնուքի կուլտուրան ձեւավորվել էր նրա համար, որ նորմալ սնունդ չեին կարողանում ստանալ: Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով, իրոք, դա կատաստրոֆա էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031