Դրեյֆուսի գործը և մեր քաղբանտարկյալները. մարդու իրավունքների օրվան ընդառաջ
1898-ին Էմիլ Զոլան հրապարակեց «Ես մեղադրում եմ» հոդվածը, որը Ֆրանսիայում առաջացրեց լուրջ հասարակական ճգնաժամ։ Դրեյֆուսը ֆրանսիական բանակի սպա էր, որը ձերբակալվել էր դավաճանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Արդար դատավարությանը խոչընդոտում էր մի քանի հանգամանք. բանակը, որը շատ ազդեցիկ էր, Դրեյֆուսի ազգությունը՝ հրեա, և հանրային կարծիքը, որը պնդում էր՝ պատժել «դավաճանին»։
Է. Զոլան իր հոդվածում առաջին տեղում դրեց արդարադատությունը և իր հեղինակությամբ ֆրանսիական հանրային վերնախավի մի մեծ հատվածի կոնսոլիդացրեց իր շուրջ։ Կար մամուլ, կար բարիկադավորված հասարակություն, որը սակայն մի պահից սկսած՝ պահանջում էր միայն մեկ բան՝ արդարություն։ Սուր սոցիալական կոնֆլիկտից ֆրանսիական հասարակությունը դուրս եկավ ավելի ուժեղ, ավելի հասունացած։ Ի վերջո, Դրեյֆուսը արդարացվեց։ Այս պատմությունը Ֆրանսիայի առողջ զարգացման հարցում ունեցել է կարևոր նշանակություն և բեկումնային պահ եղավ աշխարհում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ։
Հայաստանը՝ անօրինականությունների խաչմերուկ՝ Էմիլ Զոլայի բացակայությամբ
Կարդացեք նաև
Արմեն Աշոտյանի գործ
Հայաստանում հնարավոր չէ գտնել բանական մարդու, որը չգիտի, թե ինչու է Աշոտյանը բանտում։ Բոլորը գիտեն, որ նա անազատության մեջ է իր քաղաքական հայացքների և իր գործունեության համար։ «Աշոտյանին ես միշտ էլ չէի սիրում» ձևակերպումն ուղղակի արդարացում է՝ պախկվելու, անձայն լինելու համար։ Արդարադատություն պետք է պահանջել բոլորի համար, ու անձնական նախասիրությունները կապ չունեն։
Լևոն Քոչարյանի դեպք
Լ. Քոչարյանի դեպքը աֆրիկյան, լատինաամերիկյան գեշ ռեժիմներին բնորոշ պատմություն է։ Մարդը ցուցադրաբար ենթարկվում է հարձակման, իշխանությունը դրանով ինչ-որ բան է ուզում հասկացնել (ամեն ինչ աչքիդ առաջ է), հետո նրան բանտարկում են և մեղադրում լրիվ հակառակի մեջ։ Իշխանությունը 3 մլն մարդու այսպիսով հասկացնում է, որ ցանկացածիդ հետ նման կերպ կարող եմ վարվել։ Ու քաղաքացիական տհասություն է՝ այստեղ քաղաքական հայացքների կամ նախագահ Քոչարյանի հանդեպ այս կամ վերաբերմունքը որպես արդարացման փաստարկ բերելը։
Գեներալ Խաչատուրովի բանտարկությունը
Գ. Խաչատուրովը երկար ժամանակ անազատության մեջ էր։ Խաչատուրովն այն դեմքն է, որը չէր առաջացնում հակակրանք հանրային որևէ շերտի մոտ, և նրա պաշտպանության-արդարադատության պահանջով կարելի էր վարակել շատ լայն շերտերի։ Ի վերջո, սա այն գեներալն էր, որով պարծենում էր հասարակությունը տավուշյան մարտերի ժամանակ։ Բայց հասարակությունը լռեց։ Մինչև մեր հասարակությունը չսովորի պահանջել արդարություն, արդարադատություն և չզարգանա այն աստիճանի, որ պայքարի դրա համար, մենք ապրելու ենք շատ անդուր փուլեր։
Գագիկ Ծառուկյանի գործ
Գ. Ծառուկյանին դատում են ընտրությունների ժամանակ ինչ-որ մարդկանց 10 հազար դրամ տալու համար։
Երբ մի ամբողջ ժողովուրդ գիտի և թերևս մասնակից է 1995-ից բոլոր ընտրությունների կասկածելի ընթացքին և արդյունքներին, տեղյակ է ընտրական համակարգի որակի և մեխանիզմների մասին, այդ ֆոնին իրավապահ և գործող քաղաքական համակարգը բեմադրում է իբր ընտրական արդարությանը նվիրված քրգործ, բանտարկում է Ծառուկյանին, ու մենք ձևացնում ենք, թե սա նորմալ է։
Բոլորը՝ դատախազը, քննիչը, դատավորը, իշխանական մեդիան, ԲՀԿ ցուցակներում ու այնուհետև ՔՊ-ում հանգրվանածները, հասարակությունը, բոլոր գիտեն որ սա անլուրջ է, բայց բոլորը դառնում են մեծ կեղծիքի մասնակից։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու ընտրական համակարգի խորքային արատները. իհարկե՝ ոչ։ Ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե «մեզ Ղարաբաղ պետք չի, Սյունիք պետք չի» արժեհամակարգով քաղաքացին ազատ ընտրությամբ ինչ կարող է անել, ինչ-որ մեկը դրե՞լ է խնդիր՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որ ՀՀ քաղաքացին իր ազատ, բայց չգիտակցված քվեով չսպանի պետությունը։ Ոչ ոք սրա մասին չի մտածում։ Խնդիրը մարդուն ինչ-որ այլ մոտիվացիայով վատություն անելն է ու որևէ առիթով բանտարկելը. դա հասկանում են բոլորը, բայց սա ևս արդեն «նոր նորմալի» մաս է։
Մամիկոն Ասլանյանի գործ
Մարդը բանտարկված է մեկ պարզ պատճառով. հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Սա գիտեն բոլորը՝ ընտրողները, բռնողները, սիրողները-չսիրողները, վանաձորցիները։ Բայց մենք չենք անում մի պարզ բան՝ չենք պահանջում արդարադատություն։ Չենք պայքարում, որ դադարեցվի մարդկանց խոշտանգումը։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը բանտարկվեց, Ավետիք Չալաբյանը բանտարկվեց, Նարեկ Մալյանն անազատության մեջ է, Հրանտ Բագրատյան՝ քրեական գործ, Գառնիկ Իսագուլյան՝ բանտարկվեց։ Բազմաթիվ ակտիվիստներ, ընդամենը սոցցանցերում էմոցիոնալ գրառումների համար ենթարկվում են հետապնդման, Տաթևիկ Վիրաբյանը և ծայրահեղ վիճակում գտնվող արցախցի այլ երիտասարդներ կալանավորվեցին ու հետապնդվեցին։ Քրեական գործեր բազմաթիվ հանրային գործիչների հանդեպ, Ավետիք Իշխանյանի գրառման վրա հարուցված գործը՝ վառ օրինակ։
Էմիլ Զոլայի բացակա կոչը
Արդարադատության մասին այլասերված պատկերացումներ ունեն և´ քաղաքական իշխանությունները, և´ դատաիրավական համակարգի պատասխանատուները, և´ լայն հասարակությունը, որը միշտ ուրախանում է բանտում նստած մարդով, անարդար դատավարություններով և ըստ նախասիրության տրվող կալանքներով։ Նման պայմաններում է սուր զգացվում Էմիլ Զոլայի պես բեկումնային անհատների բացակայությունը, ովքեր իրենց հեղինակությամբ հասարակություններին կպարտադրեն ճիշտ արժեքներ և ճիշտ մտածողություն։
Մենք ունենք բարձր որակի փաստաբաններ, որոնք նաև լավ քաղաքացիներ են։ Բայց փաստաբանները մնացել են մենակ՝ դատաիրավական ԳՈՒԼԱԳԻ առաջ, և նրանք հաճախ, բնական է, պարտվում են։
Ո՞վ կարող է կասեցնել 2018-ին փողոցից եկած ռեժիմի արյան պահանջը. միայն՝ հասարակությունը։ Բայց հասարակությանը պետք է սթափեցնել ու կոնսոլիդացնել։ Ինչպե՞ս։
Իրականում տարբերակները քիչ են։ Պետք է հիշենք, որ անմեղ մարդկանց կալանավորում, կեղծ գործեր հարուցում, դատում, ճակատագրերի հետ խաղում են կենդանի մարդիկ՝ քննիչ, դատախազ, դատավոր։ Դատաիրավական գիլյոտինը կազմված է մարդկանցից։
Անհրաժեշտ է սթափեցնել այդ մարդկանց ու սթափեցնել լայն հասարակությանը։
Անձամբ ես տեսնում եմ հետևյալ ազդեցիկ խոսքի հնարավորությունը.
- Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Առաջինի կոչը՝ ուղղված դատախազներին, քննիչներին, դատավորներին, որ չի կարելի մարդկանց անիրավի դատապարտել, չի կարելի խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Որ դա ծանր մեղք է։ Ու կոչ լայն հասարակությանը, որ երկրում տեղի են ունենում ահռելի ծավալի անօրինականություններ։
- Աշխարհի ազդեցիկ հայերի համատեղ կոչը՝ նույն շեշտադրումներով։
Գուցե իմ առաջարկները լավագույնը չեն, բայց ինչ-որ բան անելը ավելի ճիշտ է, քան մնալ դիտորդ՝ հրեշավոր մեքենայի անօրինականությունների հանդեպ։ Զսպող բոլոր ինստիտուտները կազմաքանդված են, ուրեմն պետք է գտնել այլ, ոչ ստանդարտ տարբերակներ։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ