Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, նախորդ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց մեղադրական վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով Ավետիք Չալաբյանին:
Այսօր դատարանը պետք է պատժամիջոցի եւ խափանման միջոցի հարցերը քննարկեր:
Կարդացեք նաև
Ավետիք Չալաբյանի պաշտպանները դատարանին ներկայացրեցին պատիժը մեղմացնող հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը՝ երեք անչափահաս երեխաների խնամակալություն, կրթական, մշակութային եւ պաշտպանական ոլորտում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացում, օրինակելի վարք եւ այլն:
Մանրամասները՝ տեսանյութում
Հանրային մեղադրողը, սակայն, խնդրեց նիստը հետաձգել՝ պատճառաբանելով, թե պատժաչափի եւ խափանման միջոցի իր առաջարկի համար անհրաժեշտություն ունի մեղմացնող հանգամանքները ձեւակերպող փաստաթղթերն ուսումնասիրելու:
Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ դատախազի վարքագիծը իր համար անակնկալ էր:
«Ես ենթադրում էի, որ այսօր կլինի եզրափակիչ նիստը, որի ընթացքում կքննարկվեն պատժի հարցերը: Քանի որ դատարանը դեկտեմբերի 5-ին մեղադրական վերդիկտ է կայացրել, անկախ նրանից, թե ի՞նչ պատժամիջոց կորոշի՝ մենք բողոքարկելու ենք: Որեւէ մեղադրական դատավճիռ մենք չենք ընդունելու»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ մեղադրական կողմի վարքագիծն այսօրվա նիստում հուշում է, որ իրենց համար էլ անհասկանալի հարցեր կան. «Այս դատական գործն ունի նաեւ մեկնաբանությունների խնդիր: Հիշեք, որ գործի ընթացքում Քրեական օրենսգիրք է փոխվել, ՔՕ-ի փոփոխության ընթացքում տեղի է ունեցել ինձ մեղսագրվող արարքի մասնակի ապաքրեականացում եւ այն հոդվածը, որով ի սկզբանե հարուցվել էր գործը, վերացվել է: Հիմա կա այլ հոդված, բայց այն չի համապատասխանում: Ուստի, կարծում եմ, որ մեղադրական կողմը խնդիր ունի հասկանալու, թե ինչպե՞ս ձեւակերպել պատժի պահանջը»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, նաեւ որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ