ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից պատասխանել է Tert.am–ի հարցերին։
–Պաշտոնական Երևանը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ կարելի է 15 օրում էլ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Ադրբեջանն ասում է, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, բայց Հայաստանն է ձգձգում։ Ո՞վ է ձգձգող կողմն ու ինչո՞ւ։ Արդյո՞ք խնդիրն «անկլավներն» են, կամ այն, որ ադրբեջանցիները չեն ուզում հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Երևանը, ձեր կարծիքով, դնո՞ւմ է այս հարցերը։
-Զավեշտալի է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից, և մենք ստիպված ենք կցկտուր արտահոսքերից կամ ադրբեջանական գործիչների խոսույթից կռահել, վերլուծել և ընդհանուր պատկերացումներ կազմել հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումների մասին:
Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն համաձայն է անկլավների անվան տակ Ադրբեջանին փոխանցել մեզ համար ռազմավարական նշանակության տարածքներ: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը թղթով դուրս չի գալու օկուպացիայի ենթարկված մեր տարածքներից:
Կարդացեք նաև
Լավագույն դեպքում դելիմիտացիայի անվան տակ գործընթացը տասնյակ տարիներ կարող է տևել:
Բայց այս ամենը դետալներ են: Կողմերի ռազմավարական մոտեցումները վերլուծելիս է երևում բանակցային գործընթացի ողջ թշվառությունը հայ ժողովրդի համար: Ադրբեջանը չի շտապում, որովհետև օգտագործում է Հայաստանի գործող վարչախմբի սխալները և մեր թուլացած վիճակը՝ մաքսիմալը կորզելու համար: Ալիևը չի վախենում Արևմուտքից (մանավանդ, որ առանձնապես սպառնալիքներ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին չկան էլ), մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ի տարբերություն Փաշինյանի, անհամեմատելի շրջահայաց է և ընկալելի: Իսկ Փաշինյանի համար գերխնդիր է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել առանց Ռուսաստանի, ինչի անունը դրել են «ինքնիշխանություն»:
Եթե կարճ ամփոփենք, ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի լինելու Հայաստանի ապաքինման ծրագիր:
Նիկոլն ուզում է, որ այն գոնե հիվանդության պատմություն լինի, իսկ Ալիևը՝ որ այն Հայաստանի մահախոսականը դառնա:
–Իշխանական, մերձիշխանական ու նաև ոչ իշխանական որոշ շրջանակներ ավելի ակտիվ են սկսել խոսել հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու և իշխանափոխության միջոց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները ճանապարհ են, 2021-ին քաղաքական դաշտը շարժվեց իշխանության օրակարգով և տանուլ տվեց։
-Շատ բազմաշերտ հարցադրում է: Նախ թվարկված շրջանակների մոտիվացիան գնալու հնարավոր արտահերթ ընտրություններին խիստ տարբեր է: Արտախորհրդարանական ոչ իշխանականները օրինակ, ցանկանում են վերադառնալ խորհրդարան և ակտիվ քաղաքական գործունեությունը: Արտախորհրդարանական մերձիշխանականները ցանկանում են «ընդդիմությունափոխություն» անել և դառնալ Փաշինյանի կողմից կառավարվող խորհրդարանական շարասյուն: Իշխանությանը ձեռնտու է վերջիններիս տարբերակը, հատկապես՝ սրացող գեոպոլիտիկ միջավայրում: Բայց Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան:
Ավելորդ է հիշեցնել, թե ինչպես է իշխանախումբը կազմակերպում և տնօրինում ցանկացած ընտրություններ. Երևանի և ՏԻՄ ընտրությունները վկա:
Ուստի ակնհայտ է, որ երկրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս փուլում պետք չեն: Ինչպես 2021-ի ընտրությունները չհանգուցալուծեցին ճգնաժամը, այդպես էլ նոր արտահերթը դա չի անելու: Ինչո՞ւ: Պատասխանը շատ պարզ է:
Առկա ճգնաժամը քաղաքական չէ և այն հնարավոր չէ բուժել միայն քաղաքական մեթոդներով: Ճգնաժամը համակարգային է, քաղաքակրթական է, հայ ազգի «ով լինելու և ինչ ուզելու» ճգնաժամ է: Ինսուլտ ստացած հիվանդին անալգին-դիմեդրոլով չես բուժի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: