Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ–ն, ԱՄՆ–ն ու Թուրքիան ողջունում են Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը

Դեկտեմբեր 08,2023 09:55

Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ներկայացնում ենք այս հայտարարության որոշ արձագանքներ։

ԵՄ-ն համաձայն է՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա և Եվրամիությունը հանձնառու է աջակցելու այդ ջանքերին, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ողջունելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին։

Բորելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա համատեղ հայտարարությունը կարևոր քաղաքական քայլ է որակել։

 

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցիների և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։

Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», – հայտարարել է Պետդեպարտամենտը՝ հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։

 

 

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ գոհունակություն հայտնելով «Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը մեծացնող որոշ կոնկրետ քայլեր կատարելու երկու երկրների որոշման կապակցությամբ»։

«Ցանկանում ենք, որ պահ առաջ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հանդիսանալու է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման համար կարևորագույն զարգացումներից մեկը»,-նշվել է հայտարարությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031