Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոտքերի ջղաձգումներ․ ինքնօգնության պարզ քայլերն ու կանխարգելիչ միջոցները

Դեկտեմբեր 08,2023 09:30

Ոտքերի մկանների ջղաձգումները սրունքների, ազդրերի ու ոտնաթաթերի մկանների հանկարծակի, ցավոտ և ակամա կծկումներն են, որոնք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե։ Տարիքի հետ մեծանում է դրանց հաճախակի առաջացման հավանականությունը, քանի որ մկանները ոսկրերի հետ կապող հյուսվածքները՝ ջլերը, գնալով կարճանում են։ Քլիվլենդի կլինիկայի տվյալներով՝ մարդկանց մինչև 60 տոկոսն ունենում են գիշերային ջղաձգումներ։ Այդ խնդիրը հանդիպում է երեխաների ու դեռահասների մինչև 40 տոկոսի մոտ։ Կանայք ընդհանրապես ավելի հաճախ են բողոքում ոտքերի ջղաձգումներից, իսկ հղիության շրջանում այն պարբերաբար անհանգստացնում է  կանանց գրեթե 40 տոկոսին։

Գիշերային ջղաձգումները, արթնացնելով մարդուն, երբեմն խիստ դժվարացնում են նորից քուն մտնելը՝ ստիպելով ցավեր ունենալ ողջ գիշերվա ընթացքում։ Գիշերը այդ կծկումների առաջացման հաճախականությունը խիստ անհատական է։ Դրանք կարող են պատահել ցանկացած տարիքում, բայց ավելի տարածված են տարեց մարդկանց շրջանում։

Ախտանշաններն ու պատճառները

Ոտքերի ջղաձգումների ժամանակ առաջանում է մկանների ձգման ու հանգուցման զգացողություն, որը կարող է լինել շատ ցավոտ ու խիստ անհարմարություն պատճառել․ այդ հատվածի մկանները կծկումներից հետո դեռ մի քանի ժամ կարող են ցավել։

Ցավոք, ջղաձգումները հանկարծակի են տեղի ունենում և դրանցից առաջ նախանշաններ, սովորաբար, չեն լինում, սակայն կան այնպիսի ռիսկի գործոններ, որոնց կողմնակի ազդեցություններից են մկանային կծկանքները, օրինակ՝ հղիությունն ու որոշ դեղամիջոցների օգտագործումը։

Ինչպես նշվեց, որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են նաև ոտքերի ջղաձգումները․ այդ դեղամիջոցների թվում են՝ միզամուղները, կոնյուգացված էստրոգենները, ստատինները, ալբուտերոլը (սալբուտամոլ), կլոնազեպամը, նապրոքսենը և այլն։
Քիմիաթերապիայի պատճառով նույնպես կարող են ոտքերի ջղակծկումներ առաջանալ՝ նյարդային վնասվածքների արդյունքում։

Որոնք են ոտքերի ջղաձգումների առաջացման պատճառները

Շատ դեպքերում ոտքերի ջղաձգումների առաջացման պատճառներն անհայտ են, որպես հնարավոր պատճառներ են նշվում՝

  • նյարդերի ակամա լիցքաթափումը,
  • արյան անբավարար մատակարարումը,
  • ինտենսիվ մարզումները,
  • սթրեսը։

Գիշերային ջղաձգումների հնարավոր պատճառներն են՝

  • երկարատև նստած վիճակը,
  • մկանների գերօգտագործումը,
  • բետոնե հատակների վրա երկար ժամանակ կանգնելը կամ աշխատելը,
  • սխալ կեցվածքը,
  • երիկամային անբավարարությունը,
  • նյարդերի դիաբետիկ վնասվածքները,
  • հանքանյութերի անբավարարությունը,
  • արյան շրջանառության հետ կապված խնդիրները։

 

Որ դեպքերում են ոտքերի ջղաձգումներն անհանգստանալու առիթ հանդիսանում

Ոտքերի ջղաձգումները հիմնականում անվնաս են, սակայն կարող են լինել լուրջ հիվանդության նախանշան՝ զգուշացնելով հետևյալ վիճակների մասին՝

  • Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (ԿԱՍ), նաև հայտնի է որպես շարժիչ նեյրոնների հիվանդություն և Լուի Գերինգի հիվանդություն,
  • կանգային սրտային անբավարարություն,
  • լյարդի ցիռոզ,
  • դիաբետ,
  • հարթաթաթություն,
  • հիպոկալիեմիա․ արյան մեջ կալիումի ցածր մակարդակ,
  • երիկամային անբավարարություն,
  • օստեոարթրիտ,
  • Պարկինսոնի հիվանդություն,
  • ծայրամասային զարկերակների հիվանդություն. ոտքերի կամ ձեռքերի զարկերակների նեղացում:
  • ծայրամասային (պերիֆերիկ) նեյրոպաթիա։

Երբ դիմել բժշկին

Դիմեք բժշկին, եթե ոտքերի ջղաձգումներն անտանելի ցավոտ են, հաճախ են տեղի ունենում և երկար են տևում։ Անհապաղ դիմեք բժշկին, եթե մկանային կծկումներից զատ ունեք այս ախտանշաններից որևէ մեկը կամ մի քանիսը՝

  • Մկանային ջղաձգումներ մարմնի այլ հատվածներում,
  • ուժեղ ցավ,
  • ոտքերի այտուց կամ թմրություն,
  • ոտքերի մաշկի փոփոխություններ,
  • քնի խանգարումներ,
  • ջրազրկում, էլեկտրոլիտների անբավարարություն։

Բուժում և կառավարում

Ոտքերի ջղաձգումն անմիջապես բուժող հրաշալի դեղամիջոց գոյություն չունի, սակայն կան քայլեր, որոնք կարող են օգնել ազատվել այդ անհարմար ու ցավոտ վիճակից։

Ի՞նչ անել ոտքերի ջղաձգումների ժամանակ

Ձգվեք. ուղղեք ոտքը, այնուհետև ծալեք այն՝ ոտքերի մատները ձգելով դեպի սրունքները՝ մկանները ձգելու համար։ Փորձեք ձգել կծկվող մկանն ու զգուշությամբ տրորեք։ Ազդրի շրջանում ջղաձգումների դեպքում փորձեք ձգել այդ ոտքի թաթը դեպի հետույքը՝ նախապես բռնվելով աթոռից։ Կարող եք փորձել նաև քայլել կրունկների վրա։
Մերսեք մկանները ձեռքերի կամ մերսող գլանակի օգնությամբ։
Կանգնեք։
Քայլեք՝ ընթացքում ճոճելով ոտքերը։
Տաք լոգանք ընդունեք կամ տաք ջերմակ օգտագործեք։
Սառը թրջոց դրեք ջղաձգվող հատվածին։
Ընդունեք ցավազրկողներ, եթե ցավը պահպանվում է։
Ոտքերը վերև պահեք ջղաձգումը թեթևանալուց հետո։

Ոտքերի ջղակծկումների բուժման համար բժիշկը կարող է որոշ դեղամիջոցներ նշանակել, այդ թվում և մագնեզիումի հավելումներ, B խմբի վիտամիններ։

Կանխարգելում

Ոտքերի ջղաձգումների կանխարգելման համար խորհուրդ է տրվում՝

  • Օրվա ընթացքում իրականացնել ոտքերը մարզող պարզ վարժություններ, քնելուց առաջ քայլել։
  • Բավականաչափ հեղուկ օգտագործել՝ հնարավորինս խուսափելով կոֆեին պարունակող ըմպելիքներից ու ալկոհոլից։
  • Ուշադիր լինել օրգանիզմում կենսականորեն անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի մակարդակին՝ կանխելով դրանց անբավարարության առաջացումը։
  • Քնելիս մահճակալի մոտ ունենալ ջերմակ, մերսող գլանակ։
  • Նախապատվությունը տալ օրթոպեդիկ կոշիկներին։
  • Կատարել ոտքերի ձգումներ մարզվելուց առաջ և հետո, քնելուց առաջ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է ու չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031