Ծառերը բնության մեջ միակն են, որ անտեսում են երկրի ձգողականության օրենքները ու վեր են ձգտում: Հետո ծառերը միակն են, որ կանգնած են մեռնում: Ի՞նչ վերաբերմունք ունի երեւանցին մայրաքաղաքի կանաչ պահապանների հանդեպ, որոնք բարելավում են օդային ավազանը: Երեւանում աճում են հացենի, թեղի, բարդի, սոսի, ակացիա, կաղնի, ուռենի, նաեւ՝ սակուրա. կան տարեց ծառեր, որոնք մշակութային արժեք ունեն:
Ասում են՝ իսկական հայը նա է, ով տուն է կառուցում, որդի է մեծացնում ու ծառ է տնկում: Հիմա այն տպավորությունն եմ ստանում, որ համաքաղաքացիներս խմբագրել են այս ասացվածքը: Խորենացու փողոցի բանուկ մասում հաստաբուն ծառի կոճղը վաղուց արդեն սնամեջ է դարձել: Մի ժամանակ երիտասարդ ծառ էր, չէր ենթարկվում երկրի ձգողության օրենքներին, դեպի վեր էր ձգտում ու կանգնած էլ պիտի մեռներ: Փչակ է գոյացել կոճղի մեջ, անցորդների համար դարձել է աղբաման՝ ստիպողաբար ու անողոքաբար նոր «գործառույթ» ձեռք բերելով: Ծառն էլ հիշատակ ունի, ինչպես նաեւ ճակատագիր: Պատկերը տեսնելիս մտածում ես՝ աղբի տեղը աղբամանն է, թե՞ ծառի բունը: Աղբ չթափելու ավանդույթը չի ձեւավորվում: Դե, իսկ աղբի տեսակավորման մասին էլ չենք խոսում, ինչն առավել կարեւոր է 21-րդ դարում:
Ճակատագիրը թոռներիս յոթ տարի առաջ տարավ Եվրոպա: Տատ ու թոռ կապն էլ թվայնացավ: Համացանցում գտա գողտրիկ մի լուսանկար, ուղարկեցի Նոեմի թոռնուհուս ու գրեցի. «Մաքուր եւ գեղեցիկ քաղաքային տեսարան»: Թոռնուհիս ձայնային հաղորդագրություն ուղարկեց, որը սղագրում եմ բառ առ բառ. «Տատիկ, սիրուն քաղաք էր, մաքուրը շատ չհասկացա՝ ինչն է մաքուր, բայց, այո, սիրուն քաղաք էր՝ քաղաքի տեսարանը, այո, իսկապես սիրուն էր, եւ ես շնորհակալ եմ՝ ինձ ուղարկեցիր այդ նկարը…»:
Այն, ինչ բնական է՝ բանական է… Մանկահասակ երեխան միայն մաքրություն է տեսել, աչքը սովորել է դրան, ուրիշ ի՛նչ պիտի լիներ: Զարմացել էր, որ մաքրությունը հայաստանցու համար պիտի լինի արտասովոր բան, բերկրանքի աղբյուր: Հետո մաքուր է այնտեղ, որտեղ ոչ միայն մաքրում են, այլ նաեւ մաքուր են պահում: Երեւի մարդիկ արդեն սովորել են աղբին, այն կենցաղի անբաժան մաս է դարձել: Չնախատեսված տեղում աղբ թափելը, աղբամանի կողքին աղբի տոպրակը դնելը, ցավալիորեն, դարձել է նորմ:
Կարդացեք նաև
Մեր բազմաբնակարան շենքի շքամուտքը պարբերաբար ինքս եմ մաքրում, ինչպես ասում են՝ ուսադիրներս չեն ընկնում, իսկ հարեւաններս ասում են. «Քեզ պե՞տք ա՝ մաքրում ես»… Պատասխանում եմ. «Ինձ է պետք, մաքրում եմ ինձ համար, վայելեք դուք»: Եթե թատրոնը սկսվում է կախիչից, տունն էլ սկսվում է շքամուտքից եւ ոչ միայն:
Իսկ գլխատված ծառի փչակում ավելանում են պլաստիկ շշերը, ծխախոտի կոթուկները, սննդի մնացորդները, թղթե թափոնը… Իսկ այդ ծառը որքա՞ն թուղթ է տվել: Ի դեպ, ըստ վիճակագրության՝ մեկ տոննա գրասենյակային թուղթ արտադրելու համար հատվում է 24 ծառ:
Առակին բնորոշ խրատական եզրահանգում՝ աղբի տեղը ծառաբունը չէ:
Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆ
03.12.2023թ.
«Առավոտ» օրաթերթ
07.12.2023