Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի լույս, հրեշտակներ» ներկայացումը ՊՀԹ-ում

Դեկտեմբեր 08,2023 13:00

Տանիք, հնչում է իտալական երգ, տարեց կին ու տղամարդ իրար զուգահեռ հարթություններում են։ Այդպիսով Պաոլո Կապելլոնի իտալական «տարօրինակ կատակերգությունը» սկսում է իր բեմական պատմությունը 94 տարին բոլորած Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Թատրոնի հինգ վաստակաշատ տարեց դերասան-դերասանուհիները, որոնց ընդհանուր տարիքը 450 է, ինչպես ներկայացումից առաջ ասաց բեմադրիչ Հրաչյա Գասպարյանը, շուրջ երկու ժամ իտալական հյութեղ կոլորիտով ձեւաստեղծված իրենց կերպարների հետ զարմանում, ըմբոստանում, կարեկցում, տխրում, զվարճանում ու զվարճացնում էին հանդիսատեսին։ Այդ հերոսներից յուրաքանչյուրը, որ ներկայանում էր էպատաժային հագ ու կապով, չնայած իրադարձությունների զավեշտական ընթացքին, իրականում կարոտ էր կարեկցանքի, սիրո, ջերմության, ուշադրության եւ ընկերակցության։

Ռեժիսորը, որն իր ներկայացման գրեթե բոլոր հերոսների բնութագրերը մատուցում է միանգամից «ափսեի մեջ», միեւնույն ժամանակ գլխավոր դերակատարի իրական նպատակները երկար ժամանակ թաքցնում է։ Առաջին գործողությունում Էդուարդո-Արմեն Սանթրոսյանի կերպարը, անկախ հերոսի խոստովանությունից՝ իբրեւ թե հարյուր տարեկան լինելու մասին, համակրելի է, ոճային հագուստով, բայց եւ վարքագծային տարօրինակ դրսեւորումներով։ Գլխավոր հերոսի հմայիչ կերպարանքը, ապա եւ անհասկանալի շարժումների զիգզագները գրավում են տանիքի աջակողմյան կղզյակում լվացք փռող տարեց, սակայն նրբակազմ ու ինքնահավան հարեւանուհու (Զիտա-Ա. Ղուկասյան) ուշադրությունը։ Եթե հարեւանուհու սկզբնական նպատակը սեթեւեթելն էր եւ ոճային պարոնի ուշադրությանն արժանանալը, ապա լսելով հերոսի տանիքից ցած նետվելու մտադրությունը, նա դառնում է վրա հասնող աղետի կանխման պատասխանատուն։ Այդ առաքելությանն են միանում նրա քույր Ամանդան, որը քրոջ հակապատկերն է՝ գեր եւ պարզամիտ (Ա. Սանթրոսյան), հարեւան հաշվապահ Առնոլդոն (Ա. Մաթեւոսյան), ում ոգեւորում է անծանոթ պարոնին՝ ջրմուղի վարպետին իր տանը տեսնելու հեռանկարը, ինքնասիրահարված մյուս հարեւանուհին, որն աղետի հանդեպ հակադարձ արձագանքով՝ ամենայն ոգեւորվածությամբ դիպվածն ուղիղ եթեր է հեռարձակում ձեռքի հեռախոսով։ Ռեժիսորական այդ թեթեւ ուրվագծերի արդյունքում հումորն ու ընկճվածությունը գոյակցում էին կողք կողքի, ինչ խոսք՝ հումորի գերակայությամբ։ Ամեն անգամ, երբ հերոսի ցած նետվելու վճռականությունն ուղեկցվում էր հարեւանների կանխարգելիչ բղավոցներով, Սանթրոսյանի հերոսը պատրաստակամ ետ էր դառնում՝ ասես չնետվելու հիմնավորումներ լսելու համար։ Անկման սահմանագծից հերոսի ոտքի ետդարձով ռեժիսորը հանդիսատեսին նախապատրաստում էր իրադարձությունների նոր շրջափուլի։ Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ Սանթրոսյանի հերոսը հիմնավոր առաջարկ է ստանում՝ կյանքի հիասթափություններից դեպի կյանքի իմաստ գտնելու կամրջով քայլ անելու։

Երկրորդ գործողությունը սկսվում է լուսավոր տրամադրությամբ։ Տանիքից տեղափոխվում ենք քույրերի բնակարան եւ տեսնում նրանց մի տասը տարով երիտասարդացած ու զվարթ տրամադրությամբ։ Միայնակ քույրերի կյանքը՝ իրենց կացարանում Էդուարդոյին անհատույց հյուրընկալելով, հետայսու իմաստավորվում է։ Սակայն ինչքան որ ուժգնանում  է քույրերի սրտացավությունն ու կարեկցանքը մերձավորի հանդեպ, այնքան Էդուարդոն հուսահատ պարոնից վերածվում է ինքնիշխան պարոնի։ Վերջինս սկսում է ապրել եսասիրական նկրտումներով՝ հաճույքներ վայելել՝ օգտվելով քույրերի վստահությունից, դեռ ավելին՝ բողոքներ ներկայացնել։ Զավեշտական տեսարանները կարծես թե նահանջում են, եւ հերոսի պահանջների ու դեսպոտ վարքագծին զուգընթաց՝ քույրերի լավատեսական տրամադրությունը փոխակերպվում է հուսախաբության։ Միեւնույն ժամանակ տրտմությունը սոսկ ակնթարթ է տեւում. հմայիչ սրիկայի դիմակը պատռելուց հետո քույրերը, ինչպես արագ ընտելացել էին Էդուարդոյին, այնպես էլ արագ որոշում են ազատվել նրանից՝ քնած ժամանակ լուսամուտից՝ թերեւս ենթադրաբար ցած նետելով։ Բարի հրեշտակներ քույրերն իրենց «սխրանքի» մասին՝ որպես եղելություն, հայտնում են հարեւաններին եւ իրենց ներքին ընկճվածությունը հաղթահարելով՝ գոհացում ապրում։ Ներկայացման վերնագիրն էլ՝ «Բարի լույս, հրեշտակներ», որ հերոսի խոսքերն են, հանդիսատեսին թույլ է տալիս խորհելու վերջաբանի՝ իրենց ցանկալի վարկածի մասին։

Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

Լուսանկարը՝ Bravo.am-ի

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031