Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացած երազանք եւ վերականգնված ներկայացում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում

Դեկտեմբեր 08,2023 12:30

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը չորս տարվա ընդմիջումից հետո հանդիսատեսին է ներկայացրել Ալ. Շիրվանզադեի «Արտիստը»  ներկայացման վերականգնված ու նոր տարբերակը: 2015-ին բեմադրված  ներկայացումը  գրեթե չորս տարի խաղալուց հետո  թատրոնի մշտական խաղացանկից  հանվել էր՝ գլխավոր կերպարը մարմնավորող պատանի դերասանի  մեծանալու պատճառով: Այդ ընթացքում ներկայացման ռեժիսոր Նունե Խեչումյանը զբաղված էր Լեւոնի դերակատարի փնտրտուքներով:

«Այս ներկայացումը ես բեմադրեցի երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի առաջարկով: Ներկայացումը  կրթական կարեւոր դեր խաղաց պատանի հանդիսատեսի համար ու շատ պահանջված էր: Բացի մեր թատրոնի  պրոֆեսիոնալ դերասաններից, մասսայական տեսարաններում ընդգրկված էին նաեւ ուսանողներ, որոնց համար  ավագ սերնդի հետ միեւնույն բեմում գտնվելը մեծ փորձ էր: 2019 թ. ապրիլին խաղացինք «Արտիստի» վերջին ներկայացումը: Լեւոնի  դերակատարն այս ընթացքում հասունացել  էր, տարիքով ու արտաքինով  այլեւս չէր համապատասխանում իր կերպարին: Ես փնտրում էի մեկին, ով  կհամապատասխաներ այս  դերին ու մի օր շատ պատահական կուլիսներում տեսա մի տղայի, նա անմիջապես գրավեց իմ ուշադրությունը, նրանից կարծես արվեստ էր հորդում: Պարոն Շահվերդյանին հայացքով ցույց տվեցի պատանուն, նա եւս իր լուռ համաձայնությունը տվեց ու սկսեցի հետաքրքրվել այդ գեղեցկադեմ տղայով»,-հիշում է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նունե Խեչումյանը:

Իսկ կուլիսներում կանգնած տղան գյումրեցի Սերգեյ Եղիկյանն էր, որը մշտապես Գյումրիից հասնում էր Վանաձոր  ու ներկա գտնվում բոլոր ներկայացումներին, հետաքրքրությամբ հետեւում դերասանների խաղին ու այն ամենին, ինչ կատարվում էր  հետնաբեմում:

«Ես դեռ 11 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք  դրեցի Վանաձորի դրամատիկական թատրոն ու հենց այդ պահից սիրահարվեցի այդ թատրոնին: Միշտ գնում էի այնտեղ ներկայացումներ դիտելու, հատկապես, երբ բեմադրվում էին թումանյանական գործեր: Մի անգամ էլ հնարավորություն ունեցա անձամբ ծանոթանալու Վահե Շահվերդյանի հետ, ով այդ տարիներին թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Նա իր մակագրությամբ ինձ գիրք նվիրեց ու երբ իմացավ, որ իմ երազանքը դերասան դառնալն ու իրենց թատրոնի բեմում խաղալն է, ասաց՝  մի քիչ էլ մեծացիր, ես քեզ դեր կտամ: Ափսոս, իր բեմադրություններում խաղալու հնարավորություն չունեցա, բայց Լեւոնի դերը մարմնավորելու  առաջարկ ստացա, ինչը ինձ համար անհավանական էր»,-պատմում է 16-ամյա դերասան Սերգեյ Եղիկյանը: Ամառային արձակուրդներին սկսվում են ներկայացման բեմադրական աշխատանքները: Սերգեյը շաբաթական մի քանի անգամ Գյումրիից մեծ սիրով ու ոգեւորությամբ հասնում է Վանաձոր ու մասնակցում  նախապատրաստական աշխատանքներին:

«Սկզբում մտածում էի, որ հնարավոր է բարդություններ լինեն, բայց երբ տեսա Սերգեյի ոգեւորությունը, հասկացա, որ  նա ամեն  դժվարություն հաղթահարող տեսակ է: Միշտ ներկայանում էր տեքստերն անգիր սովորած ու պատրաստված: Գիտեք, եզակի է լինում, երբ դերը գտնում է դերասանին, սա հենց այդ դեպքն է, ինձ հիացնում էր իր աշխատասիրությունը, իր համար  երկրորդական ոչ մի բան չկար, նույնիսկ իր հատվածները խաղալուց հետո նա մնում էր բեմում, դուրս չէր գալիս, օգնում էր  նույնիսկ դեկորացիաները  տեղադրելու աշխատանքներում, Սերգեյը կարճ ժամանակահատվածում դարձավ մեր թատրոնի աշխատակազմի սիրելին»,- նշում է ռեժիսորը:

«Մի ուրիշ աշխարհ էր ինձ համար կարծես բացվել, առաջին անգամ էի մեծ բեմում եւ այդ փորձերն ինձ համար կարծես վարպետության դաս լինեին: Ինձ բոլոր դերասանները շատ լավ ընդունեցին, նրանց կողքին գլխավոր դեր մարմնավորելը ինձ համար շատ պատասխանատու  էր: Իսկ կերպարն ինձ շատ նման էր ու ես մեծ սիրով մոտեցա Լեւոնին կերտելու գործին»,- իր ապրումներն է նկարագրում պատանի դերասանը:

Վերականգնված ներկայացումը նաեւ կերպարային ու տեսարանային որոշ փոփոխությունների է ենթարկվել, այն հանդիսատեսին նորովի ներկայացվեց վերջերս եւ արժանացավ ջերմ ընդունելության: «Ներկայացումը ոչ թե վերականգնվեց, այլ կարծես նորովի վերածնվեց՝ շնորհիվ Լեւոնի եւ մյուս դերակատարների: Ես Սերգեյի խաղով կարողացա հասնել այն հույզերի փոխանցմանը հանդիսատեսին, որը նախկին դերակատարի մոտ այդքան էլ լավ  չէր ստացվում: Սերգեյի հետ դեռ երկար կշարունակեմ աշխատել, ուրախ եմ, որ ինքը ընտրել է այս ճանապարհն ու նաեւ զբաղվում է ռեժիսուրայով»,-իր խոսքը եզրափակում է Նունե Խեչումյանը:

Ռեժիսորը բեմում մարմնավորում է նաեւ  Լեւոնի մոր կերպարը եւ իր ներկայությամբ միշտ ոգեւորում է Սերգեյին: Իսկ գյումրեցի տղան սովորում է Գյումրիի Մտորումների թատրոնի ստուդիայում, որը ղեկավարում է ՀՀ վաստակավոր դերասան Հովհաննես Հովհաննիսյանն ու հարթակ տրամադրում ստեղծարար պատանիներին: 2022 թ. «Նռան հատիկ» հանրապետական թատերական մանկապատանեկան փառատոնում  Սերգեյ Եղիկյանը արժանացել է  «Լավագույն ռեժիսորական աշխատանք»  մրցանակին՝ իր «Լոռեցի Սաքոն»  բեմադրության համար, իսկ այս տարի նույն փառատոնին  նա արժանացավ «Լավագույն բեմական խոսքի մշակույթ» մրցանակին՝ «Անհաղթ աքլորը» ստվերային ներկայացման մեջ կերտած դերի համար:

Ալեքսան ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031