Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում
Հայկական, իրանական, հնդկական, վրացական եւ թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ օրերս անց է կացվել` «Տարածաշրջանային նոր իրողությունները եւ «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողով, որում Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ուշագրավ հայտարարություններ է արել, նշելով, որ Հայաստանի, Հնդկաստանի եւ Իրանի դարավոր կապերը կուռ հիմքեր են ապահովում սերտ համագործակցության համար նաեւ ներկա ժամանակներում, եւ որ Հնդկաստանն ու Հայաստանը դարեր ի վեր պատմական կապեր ունեն, Իրանն էլ այն կամուրջներից է, որ նպաստել է այդ կապերի զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն ասել է. «Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության շրջանակում, որը Հնդկական օվկիանոսը, Պարսից ծոցը կապում է Կասպից ծովի հետ՝ դեպի Ռուսաստան ու Եվրոպա։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, հասկանալու համար, թե ինչպես երկիրը կարող է օգտվել այս միջանցքի ընձեռած հնարավորություններից»։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին անդրադառնալով՝ Հնդկաստանի դեսպանը հայտնել է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ենթակառուցվածքների զարգացման միջոցով խթանել փոխկապակցվածությունը Կովկասի տարածաշրջանում՝ ներառյալ երկաթուղիներ, ճանապարհներ, էլեկտրահաղորդակցության ուղիներ։ «Հայաստանը ներկայում զարգացնում է իր ճանապարհային ենթակառուցվածքը՝ Իրանի հետ հարավային սահմանից դեպի Վրաստանի հետ հյուսիսային սահման։ Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրություն են դրսեւորել այս նախագծի հանդեպ։ Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին»,-նշել է Նիլակշի Սահա Սինհան։ Հնդկաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, նշել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, եւ ընդգծել է, որ Դելին ողջունում է Չաբահարի նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Երեւանի որոշումը։
2023թ. մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր Չաբահար նավահանգստում միջազգային բեռնափոխադրումների գործարկման եւ օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ներկա իրողություններում Հայաստանը ինչպես կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները։ Հնդկաստանն ու Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախաձեռնության ուղղությամբ, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ։ Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, եւ մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, ինչպես նա կարող է օգուտ քաղել այդ միջանցքի շահագործման դեպքում»։ Դեսպանի խոսքով՝ դեպի Ասիա տնտեսական հոսքերի ավելացումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար։ Հնդկաստանը, հասկանալով տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը, որոշել է իր ներդրումն ունենալ Չաբահարի նավահանգստի զարգացման հարցում, որը միայն տրանսպորտային հանգույց չէ։ Նա նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը, հասկանալով տարածաշրջանային փոխկապակցվածության կարեւորությունը, առանցքային որոշում է ընդունել Չաբահար նավահանգստի զարգացման համար ներդրումներ կատարելու առնչությամբ։ «Այն ոչ միայն տարանցիկ առեւտրային հանգույց է, այլեւ նպաստում է մարդասիրական օժանդակության փոխանցմանը։ Հայաստանն իր հետաքրքրություն է արտահայտել նավահանգստի առնչությամբ։ Վերջերս Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու Հայաստանի փոխարտգործնախարարը մասնակցել են «Գլոբալ Հնդկաստան» գագաթնաժողովին։ Մենք Հայաստանի համար դյուրացնելու ենք նավահանգստի օգտագործման հնարավորությունը՝ հաղթահարելու մարտահրավերները, քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է»,- պարզաբանել է դեսպանը։
Կարդացեք նաև
Դեսպանն, այսպիսով, արձանագրել է, որ Հնդկաստանն առաջարկել է Չաբահար նավահանգիստը ներառել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում, եւ շուտով այն իրականություն կդառնա։ Հիշեցնենք, որ Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի եւ Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առեւտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան եւ եվրոպական երկրներ Սեւ ծովով։ Երեւանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման համար, նույն համաժողովում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Համաժողովին մասնակցել են նաեւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ Թուրքիայից: Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է. «Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում մենք առաջնորդվում ենք տարածաշրջանային երթուղիների համապարփակ, ներառական եւ ոչ խտրական կիրառման, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար հարգման սկզբունքներով, տարածաշրջանում բոլոր կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով: Այս գիտակցումով է, որ Հայաստանի կառավարությունը մշակել եւ ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես մեր կողմից որդեգրված խաղաղության օրակարգի կարեւորագույն մի մաս: Այդ հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է՝ նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր կառուցելու, հները նորոգելու եւ գործարկելու միջոցով: Նախագծի նպատակն է՝ վերականգնել տարածաշրջանի կարեւոր դերը՝ հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք գլոբալ փոխգործակցության համատեքստում անխոչընդոտ տարածման ապահովման գործում: Կասկածից վեր է, որ բեռների, ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի նոր հնարավորություններն իրենց հերթին կապահովեն անվտանգության եւ կայունության լրացուցիչ երաշխիքներ, ինչպես նաեւ տնտեսական աճի լուրջ նախադրյալներ տարածաշրջանի բոլոր երկրների համար»: Այնուհետեւ նա հավելել է. «տարածաշրջանային այս կարեւոր նախաձեռնության կյանքի կոչման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է միջազգային բոլոր գործընկերների գործուն աջակցությունը»:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն արդեն լրագրողների հետ զրույցում մեկ այլ կարեւոր տեղեկություն է հայտնել, այն մասին, որ Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում. «Երբ պաշտպանության ոլորտում համագործակցում ենք որեւէ երկրի հետ, դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաեւ կարողությունների զարգացում։ Այսպիսով, մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը»։
Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները` Հնդկաստանից մինչեւ Չաբահար նավահանգիստը եւ դեպի ՀՀ ու Սեւ ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար, նույն համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Այս ուղու զարգացումը Հայաստանին եւ Իրանին կապահովի արտաքին վտանգներից։ Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,– ասել է դեսպանը։
Նա նաեւ նկատել է, թե հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։ «Սա նոր ուժի հայեցակարգն է, եւ ողջունում ենք այն նոր քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության եւ անվտանգության։ Մենք սատարում ենք ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ կայուն ու տեւական խաղաղությունը տարածաշրջանում։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Իրանը»,– եզրափակել է Մեհդի Սոբհանին։
Հնդկաստանի եւ Իրանի դեսպանների ուշագրավ հայտարարությունները հնչեցին` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Մոսկվա դեկտեմբերի 7-ին նախանշված այցից 2 օր առաջ: Ռայիսին Մոսկվա էր հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրանց բանակցությունների օրակարգում են` տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։
Ի դեպ, օրերս Մոսկվան եւ Թեհրանը հռչակագիր են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու եւ դրանց բացասական հետեւանքները մեղմելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդեց «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ «Մենք ստորագրեցինք միակողմանի հարկադրական միջոցների բացասական հետեւանքներին հակազդելու, դրանք մեղմելու եւ փոխհատուցելու ուղիների եւ միջոցների մասին հռչակագիրը: Իհարկե, սա կարեւոր քայլ է, որպեսզի մեծացնենք միջազգային հանրության անդամների ջանքերի համակարգումը՝ հաղթահարելու անօրինական պատժամիջոցները, որոնցով ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները փոխարինել են դիվանագիտությունը», – ասել է Լավրովը Մոսկվայում իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման մեկնարկին: Լավրովը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակելու նաեւ երկկողմ արդիական օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Հանդիպումը տեղի էր ունեցել մերձկասպյան հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) արտգործնախարարների հանդիպման շրջանակում։
Նշենք, որ ըստ տարբեր գնահատականների, Իրանի դեմ ավելի քան 3600 պատժամիջոցներ են սահմանվել։ Ուկրաինայի դեմ հարձակումից հետո սահմանափակումների թվով աշխարհում առաջատար դարձավ Ռուսաստանը։ 2022թ. փետրվարից մինչեւ 2023թ. հոկտեմբերը Ռուսաստանի դեմ կիրառվել է 15200 պատժամիջոց։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 07.12.2023