Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո»

Դեկտեմբեր 07,2023 21:00

PostNikol. ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)

Որքան էլ այսօրվա իրականությունը չի տրամադրում առավել խորը ու կոնցեպտուալ հարցեր քննարկել, որքան էլ այն փակուղի է հիշեցնում, որքան էլ մեծ է գայթակղությունը համակերպվելու և մեկուսանալու անհրապույր ներկայում ապագայի մասին նյարդայնացնող քննարկումներից, սակայն կան հարցեր, որոնք պահանջում են ոչ թե ավազի մեջ թաքնված գլուխը մատնող հետույք, այլ հենց սթափ և մտածող գլուխ:

PostNikol տրամաբանության մեջ է նաև հետևյալ հարցը, որ սիմվոլիկ ձևակերպմամբ կարելի է շարադրել հետևյալ կերպ. ի՞նչ է լինելու «Նիկոլի» հետ Նիկոլից հետո: Չակերտավոր Նիկոլն այս բանաձևման մեջ ներառում է թե Փաշինյանի կողմից առաջ քաշված ուսմունքը, այն հավանող մարդկանց, և թե այն թիմը, որ կյանքի էր կոչում տվյալ մոտեցումներից բխող որոշումները:

Փորձեմ ներկայացնել մի շարք առաջարկներ այս կապակցությամբ:

  1. Հայաստանում պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:
  2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:
  3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:
  4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից: Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում, գործընթաց, դեպք և գործողություն:
  5. Իրավական, քրեական, հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ: Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ:

Հասարակության բևեռացումը հաղթահարելը ծայրաստիճան կարևոր նախադրյալ է ազգային ներուժի կենտրոնացման և օգտագործման համար: Հարկ է լինելու լայնախոհությամբ և միասնականությամբ կանխել հայ ժողովուրդը պառակտված քաղաքակրթության վերածելու գործընթացը:

Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք  կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ:

Ընդդիմադիր խոսույթում հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ, 06.12.2023թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031