Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները հրելով Լեռնային Ղարաբաղից դուրս են հանել ռուս խաղաղապահներին»․ Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 07,2023 20:22

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի արձագանքն ավելի շատ նման է այն տարբերակին, որ փորձում է իրավիճակը պահել իր ձեռքի մեջ՝ չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն են, երբ 15 տեղից հարձակում էր իրականացվում Արցախի նկատմամբ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Նախ Հայաստանին ներքաշում էին, որպեսզի Հայաստանն ինչ-որ ձեւով ներքաշվեր, եւ իրավունք վերապահվեր Հայաստանին հակահարված տալ։ Ռուսաստանը թե գործընկերային առումով, թե որպես տարածաշրջանում նոյեմբերի 9-ի փաստաթղթի երաշխավոր, իր գործառույթները չկատարեց։ Ի՞նչ արեցին խաղաղապահները, ուղեկցեցին հայերին Արցախից դո՞ւրս, դա՞ էր իրենց միսիան։ Եվ ես ցավում եմ այն ռուս զինվորների համար, որոնք  զոհվեցին Արցախում սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո, բայց եկեք մի բան արձանագրենք, որ այդ զինվորները զոհվել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո։ Եվ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչ մի բան չեն արել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Առավոտի» հարցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած եւ ռուս խաղաղապահների մուտքը Արցախ թույլատրած Նիկոլ Փաշինյանը մեղավորության ու պատասխանատվության բաժին չունի՞ այս ամենում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իհարկե, ոչ։ Այսինքն՝ դուք գիտեի՞ք, որ այդ ժամանակ Ռուսաստանի խաղաղապահները գալու են եւ ոչ մի բան չեն անելո՞ւ։ Այսինքն՝ պիտի չստորագրեինք, հետո գայիք ասեիք՝ բա ինչո՞ւ կարելի էր պատերազմը կանգնեցնել, դուք չէիք կանգնեցնում։ Ոչ, պատասխանատվություն չունի։ Դա պատերազմը կանգնեցնելու հնարավորություն էր, եւ պատերազմը կանգնեցվել է այն պահին, երբ հնարավոր է եղել։ Եվ որեւիցե մեկը չի իմացել, ես վստահ եմ, որ նույնիսկ խաղաղապահները չեն իմացել, որ իրենք չեն կարողանալու գործեն, եւ ադրբեջանցիներն իրենց ուղղակի հրելով դուրս են հանելու իրենց ցանկացած վայրից։ Իսկ այդպես հրելով դուրս են հանել ռուս խաղաղապահներին, բայց որեւիցե մեկը դրա մասին չգիտեր, նաեւ դուք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031