Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Քոչար փողոցի երեք շենքերի բնակիչներ դատի են տվել Երեւանի քաղաքապետարանին

Դեկտեմբեր 07,2023 20:00

Վարչական դատարանում կայացավ Երեւանի  Երվանդ Քոչար 15, 17, 19 շենքերի բողոքի քննումը ընդդեմ քաղաքապետարանի։ Բնակիչները բողոքում են միջշենքային բակային կանաչապատ  տարածքը ապօրինաբար սեփականաշնորհելու եւ կառուցապատելու որոշումների դեմ։ «Կառուցվել է երեք հարկանի շենք։ Պարզ չէ, թե սա բնակելի է, հյուրատուն, թե խանութ։ Ոչ մեկը չգիտի։ Դատական հայցը մենք հարուցել էինք տարվա սկզբին, բայց առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 7-ին։

Այս ընթացքում կառուցապատողը գրեթե ավարտին է հասցրել  շենքի կառուցումը»,- Aravot.am-ին ասաց բնակիչներին աջակցող «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գեւորգյանը՝ հավելելով, որ տվյալ տարածքի վրա տարբեր ժամանակներում եղել են տարբեր թույլտվություններ, որոնցից վերջինը եղել է 2021 թվականին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք։

Այսօրվա նախնական դատական նիստին թեեւ պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին, չէին ներկայացել քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ երրորդ անձը, սակայն հայցվոր կողմի համաձայնությունն ստանալով, նիստը  դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ կայացավ, սակայն երկար չշարունակվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2024 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 11։00-ին։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սամվել Մելիքյանը մեզ տեղեկացրեց, որ միջնորդություն են  ներկայացրել այն մասին, որ ուշ են իմացել,, որ շինթույլտվություն է եղել, իսկ շինթույլտվությունը եղել է 09․12․2022-ին, իսկ իրենք իմացել են ապրիլ ամսին։ «Ապրիլ ամսին քաղաքապետարան գրություն ենք գրել եւ պատասխանն ստացել ենք մայիսի 10-ին, որ այդտեղ կա շինթույլտվություն, որ աշխատանքները կապված են հենց դրա հետ։ Հետո միջնորդություն ենք ներկայացրել, որ բաց թողնված ժամանակը վերականգնվի, որի ժամկետը օրենքով սահմանված երկու ամիս է։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դրանից հետո քաղաքապետարանի կողմից  բողոք է ներկայացվել, որը վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է։  Հիմա սպասում ենք իմանալու՝ վճռաբեկ դատարան բողոք կա՞, թե՞ ոչ, որովհետեւ դրա համար նույնպես կա սահմանված ժամկետ։ Եվ դրանից հետո հիմնական նիստը կշարունակվի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031