«Ես պետք է դեռ մանրամասն ուսումնասիրեմ որոշումը, առայժմ այսքանը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանն՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակած որոշմանը:
Հիշեցնենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր ՀՀ ՍԴ նախկին երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատները ճանաչել է անընդունելի:
Հիշեցնենք, նաեւ, որ ՍԴ նախկին նախագահը եւ պաշտոնանկ արված անդամները դիմել էին ՄԻԵԴ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանությունը նախաձեռնեց Սահմանադրական փոփոխություններ, ինչի արդյունքում ՍԴ-ի կառուցվածքը փոխվեց եւ ՍԴ նախագահն ու երեք դատավորները կորցրեցին զբաղեցրած պաշտոնները: Իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը վիճարկելուց բացի՝ նրանք ՄԻԵԴ-ից պահանջում էին միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ Այսինքն` իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումը քննելու ընթացքում դադարեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել: Այս պահանջն ավելի վաղ էր մերժվել:
Ակնկալվում էր, որ ՄԻԵԴ-ը դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտումը կարձանագրի, նկատի ունենալով մի քանի նմանօրինակ գործեր՝ «Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի», «Բական ընդդեմ Հունգարիայի» եւ այլն: Նաեւ մեծ էր հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլեւ կսահմանվի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում:
Կարդացեք նաև
Համենայնդեպս, նման համոզմունք էր հայտնել սահմանադրագետ Գոհար Մելոյանն՝ ավելի վաղ, անդրադառնալով ՍԴ երեք անդամների եւ նախագահի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին:
«Առաջնային հարցերը, որոնց սույն վարույթի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ, հետևյալն են.
– Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում առկա է այնպիսի ներպետական ատյան, որտեղ դատավորները կարող են հայցել իրենց ենթադրյալ իրավունքների խախտումները (իմ գնահատմամբ՝ այդպիսիք առկա չեն),
-Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների գործընթացը համապատասխանում է ՀՀ ներպետական օրենսդրության պահանջներին, և եթե ոչ, ապա արդյո՞ք դա հանգեցրել է դատավորների՝ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման։
-Համոզված եմ, որ վարույթի շրջանակներում անդրադարձ կլինի նաեւ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման համար անցումային շրջան նախատեսելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը Ազգային ժողովի կողմից չհետեւելու խնդրին, ինչի արդյունքում
Սահմանադրական դատարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, որը կարտացոլվի վերոնշյալ դատավորների վարույթներում գտնվող գործերի վրա՝ ոտնահարելով դիմումատուների արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը։
Արդյունքում, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանվի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում»,- կարծիք էր հայտնել սահմանադրագետը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ