Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գաղտնի հաստիքացուցակի աշխատողը հանրության մեջ հայտնի է որպես էլեկտրիկ, թողեք այդ մարդը այդպես հայտնի լինի». Քրիստինե Պողոսյան

Դեկտեմբեր 07,2023 18:00

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է ԱԱԾ-ի ծառայողների համար կամավոր ատեստավորմանը, դրանց ժամկետներին:

Եթե ԱԱԾ ծառայողները ատեստավորումը չեն անցնում, կարող են բողոքարկել 5-օրյա ժամկետում: Բողոքարկումը խնդիր է դառնում գաղտնի հաստիքացանկով ծառայողների համար, որովհետեւ մի կողմից սահմանադրական իրավունք ունեն դիմել դատարան, եթե համաձայն չեն բողոքարկման արդյունքների հետ, մյուս կողմից` գաղտնիությունը կբացահայտվի դատարանում:

Քրիստինե Պողոսյան

ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն ասաց, որ դե յուրե սահմանադրական խնդիր չկա, բայց դե ֆակտո դրան առնչվում են. «Դատարան դիմելու եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելու իրավունքը չի կարող սահմանափակվել, սահմանադրական իրավունք է: Բայց եթե դիմի, ինքը չի կարող այլեւս իր աշխատանքը կատարել: ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ պրակտիկայում նման դեպքեր չեն եղել, երբ դիմեն դատարան, բայց պրակտիկայում ավելի վատ բաներ են եղել՝ համաձայն չլինելով իր ատեստավորման արդյունքի հետ, իրավունք չի ունեցել կիրառել իր իրավունքը, որովհետեւ արգելել են իրեն դիմել դատարան: Բնականաբար, չի էլ կարող, գաղտնի հաստիքացուցակի աշխատող է: Գուցե մինչեւ երկրորդ ընթերցում խոսենք պարոն Աբազյանի հետ, գուցե լուծում գտնենք: Որպես կանոն, գաղտնի հաստիքացուցակում ներառված աշխատողները իրենց ատեստավորման արդյունքը ցույց են տալիս աշխատանքով, իրենց աշխատանքը անմիջապես հենց ԱԱԾ ղեկավարն է գնահատում, գուցե մենք լուծում գտնենք, իրենց հանենք ատեստավորումից, նրանց վերապատրաստումը համարվի ատեստավորում, այս հարցը լուծվի, ոչ մեկիս մեջ էլ մութ բան չմնա: Օրինակ, մարդը, որին մենք այստեղ չգիտենք, անցնում է ատեստավորում, որի մասին այստեղ չենք իմանում, ստանում է անբավարար, չի ստանում հավելավճարները, բայց չի կարողանում պաշտպանել իր իրավունքները»:

Անդրանիկ Սիմոնյան

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարցրեց՝ գաղտնի ասածը արդեն այլ կարգավիճակ է, ՀՀ-ի համար գաղտնի ծառայություն է մատուցում, ի՞նչ ենք ուզում, ծառայությունն ունի ղեկավար, պետք չի նրանց իրավունքների մեջ մտնել:

Քրիստինե Պողոսյանը պատասխանեց, որ հենց դա էլ ասում է. «Եթե գաղտնի հաստիքացուցակի աշխատողը հանրության մեջ հայտնի է որպես էլեկտրիկ, թողեք այդ մարդը այդպես հայտնի լինի, չտանենք ատեստավորման»: Դահլիճից բողոքեցին, թե ինչի՞ հենց էլեկտրիկ՝ պատգամավորը կատակեց. «ՃՈ-ի աշխատակից էլ կարող է լինի, զգույշ եղեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031