Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես աջ ձեռքով ձախ ակա՞նջ, մենք դրան դեմ ենք». Ռուբեն Մելիքյան

Դեկտեմբեր 07,2023 17:44

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում, դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, ընթանում է «Գեբելսի գործով» հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ ադրբեջանագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը մեղադրվում է գրառման համար, որտեղ ասել էր, որ եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին՝ նրան սպառնում է Գեբելսի ճակատագիրը:

«Հասկանում եմ, որ հանրային մեղադրանքի համար շատ անցանկալի է ունենալ հավասարություն, երբ ինչպես մեղադրանքի կողմը, այնպես էլ պաշտպանության կողմը կարող է ապացույցներ ներկայացնել: Քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը թվարկում է ապացույցների տեսակները, դրանց մեջ փորձագետի եզրակացությունը»,-ասաց Արմինե Ադիբեկյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ ընթերցելով համապատասխան հոդվածը:

«Այս նորմը արդեն իսկ կիրառվում է իմ մասնակցությամբ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով: Այնտեղ մենք նույնպես ներկայացրել ենք փորձագետի եզրակացություն, թե հետագայում ինչ ճակատագրի է արժանացել, այլ հարց է, բայց ասել, որ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս պաշտպանության կողմին ներկայացնել ապացույց՝ փորձագետի եզրակացություն, ինձ համար շատ տարօրինակ է, եւ ես չէի սպասում, որ այսպիսի փաստարկ է լինելու»,-ասաց Մելիքյանը:

Հանրային մեղադրողը հղում անելով տարբեր հոդվածների՝ նշեց, որ փորձաքննություն կատարելու հիմքը քննիչի որոշումն է, նաեւ նշեց, որ վարույթի մասնավոր մասնակիցը իրավասու չէ փորձաքննություն նշանակել:

«Ես համաձայն եմ հանրային մեղադրողի հետ, որ դա արտավարութային փաստաթուղթ չի կարող հանդիսանալ, որովհետեւ միանշանակ հանդիսանում է փորձագետի եզրակացություն: Հանրային մեղադրողը բերում է 2 հոդված. առաջինը Քրեական դատավարության օրենսգրքի 255 հոդվածն է. որը վերաբերում է քննիչի կողմից նշանակվող փորձաքննությանը: Ի տարբերություն նախկին իրավական ակտերի մասին օրենքի՝ նոր օրենքը իրավական նորմի բովանդակությունը մեկնաբանելու համար թույլատրում է, որպեսզի օգտագործվի նաեւ թե որ բաժնում եւ որ գլխում է տեղաբաշխված հոդվածը: Իսկ այս հոդվածը տեղաբաշխված է ապացուցողական գործողություններ բաժնում, այնտեղ է տեղաբաշխված, որտեղ ավելի մանրամասն կարգավորվում է, թե ինչպես է քննիչը նշանակում փորձաքննություն:

Այս հոդվածի կարգավորման առարկան քննիչի կողմից ապացույց ձեռք բերելու հետ կապված հարցերն են: Եվ եթե այստեղ հանկարծ Քրեական դատավարության օրենսգրքի հեղինակները ներառեին նաեւ պաշտպանի կողմից ապացույց փորձաքննություն նշանակելու մասին դրույթ, ապա, շատ ներողություն, կլինեին անգրագետ:

Երկրորդ դրույթը, որ մեջբերվեց, նույնպես վերաբերվում է դատարանի կողմից ապացույց ձեռք բերելու հետ կապված հարցերին: Այն, որ քննիչը կարող է նշանակել՝ մասնավոր մասնակիցները հարցեր առաջադրեն, նույնպես ընդունելի տարբերակ չէ՝ շատ պարզ պատճառով: Անգամ եթե հարցերի նախաձեռնողը լինի մասնավոր մասնակիցը, ապա միեւնույն է՝ հարցեր ձեւակերպողը քննիչին է, մասնավոր մասնակիցը ինքնիշխան իրավունք չունի հարցեր առաջադրելու: Քննիչը նշանակում է փորձաքննություն, եռօրյա ժամկետ է տրամադրում, ասում է՝ հարգելի մասնավոր մասնակից, ունե՞ք հարցեր փորձագետին, մասնակիցն էլ ասում է՝ այո, ունենք: Ուղարկում է հարցերը քննիչին, քննիչն էլ որոշում է՝ հարցը թողնել, թե չթողնել»,-հիմնավորեց Ռուբեն Մելիքյանը:

Նաեւ դատարանին խնդրեց հաշվի առնել այն բոլոր երկրորդային փաստաթղթերը, որոնք վերաբերվում են Քրեական դատավարության օրենսգրքի այն առանձնահատկությանը, որ վարույթի մասնավոր մասնակիցը կարող է ներկայացնել ապացույց. «Այն մենաշնորհը, որ ունի մեղադրանքի կողմը, որը հաճախ չարաշահվել է, արդեն վերացված է մեր երկրում: Այո, ես չեմ ներկայացրել արտավարութային փաստաթուղթ, սա հենց փորձագետի եզրակացություն է՝ դրանից բխող հետեւանքներով…Վարույթն իրականացնող մարմինը կարող է պահանջել, որ փորձագետը գա եւ տեր կանգնի իր եզրակացությանը, պատասխանի մեղադրանքի հարցերին՝ հրապարակային դատական նիստում, տեսնենք նորմա՞լ փորձաքննություն է, թե ոչ: Այդ ամենն, այո, նախատեսված է, բայց այսպես՝ աջ ձեռքով ձախ ակա՞նջ՝ մենք դրան դեմ ենք…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031