Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 07,2023 17:32

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի հայտարարությանը, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել։ Հարցին, թե արդյոք հետամուտ կլինե՞ն, որ մեղավորները պատասխանատվություն կրեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բան ասում, ես գնահատում եմ, որ պատվեր է, որը կատարվում է։ Բայց երբ ինքն անձամբ գալիս է եւ դժբախտ պատահարը փորձում է ներկայացնել որպես արարք, դա առնվազն սազական չէ մարդու, որը քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի։ Վարչապետը ոչ մեքենա է վարել, ոչ վարչապետի մեքենան է եղել, վարչապետը նման հրաման չի տվել՝ ի տարբերություն հայտնի դեպքերի։ Բերել ընտանիքի, մեր բոլորիս դժբախտությունը փորձել վերագրել իշխանությանը կամ որեւիցե մեկին, շատ ցածր ու տգեղ բան է։ Կարծում եմ՝ հետագայում իրենք իրենց պետք է թույլ չտան նման բան անել, մարդկանց էմոցիաների, դժբախտության վրա խաղալ։ 5-6 մեքենա առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից հետո վարչապետն անձամբ զանգահարել է ընտանիքի ներկայացուցիչներին, խոսել է, ցավակցել է, նույնիսկ ներողություն է խնդրել, որ նման միջադեպ էր տեղի ունեցել, ո՞նց կարելի է ըտենց բան անել։ Անընդունելի ցածր բան է նման համեմատություն անելը եւ փորձել դա իշխանությանը վերագրել»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն, քրեական գործ է հարուցված, մեղադրանք կա։ «Եթե իրենք դրանով փորձում են այն արարքները, որոնք առնվազն հանրությունն իրենց է մեղսագրել, ինչ-որ ձեւով հավասարության նշան դնել, ապարդյուն է, թող չփորձեն։ Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն»,- ասաց նա։

Նշենք, որ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարության, թե իրենց ձեռքերին արյուն չկա, պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ասել էր. «Արցախի տեղահանության, Արցախի ժողովրդի այսօրվա տեղահանության, մեր հազարավոր զոհերի արյունն այս իշխանության վրա է, եւ դա չի մաքրվելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031